Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախարարը Մարգվելաշվիլիի հայտարարությունն «անպատասխանատու» է որակել. երկրի կառավարության անդամները դժգոհ են նախագահից

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի կարծիքով՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունն «անպատասխանատու» է, ու Վրաստանի սահմանադրական կարգին ոչինչ չի սպառնում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Վրաստանի սահմանադրական կարգին ոչինչ չի սպառնում: Դա ցանկացած մարդու, ցանկացած պաշտոնատար անձի կողմից անպատասխանատու հայտարարություն է: Երբ հայտարարում ես այն մասին, որ սկսում ես երկխոսություն սահմանադրական կարգի մասին, ապա երկրում դրա համար հիմք պետք է լինի: Երկրի նախագահը չպետք է այդպես խոսի: Մինչ ինչ-որ մեկին մատնացույց անելը, ասելով, որ ինչ-որ որ մեկը թեժացնում է իրավիճակը, հենց նման կարգի հայտարարությունները վերջինիս կողմից թեժացնում են լարվածությունը»,- հայտարարել է Խիդաշելին:

Իր հերթին, Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Վրաստանի նախագահի հայտարարությունը գնահատում է որպես «ուղղակի ճնշում» դատարանի վրա: Կալաձեն կոչ է անում Մարգվելաշվիլիին հավելյալ բացատրություններ տալ՝ կապված այսօր կատարած իր հայտարարության հետ:

«Նրա կողմից նկատելի է միջամտություն, դա ճշում է դատավորի վրա, քանի որ նա կոչ է անում դատավորին չկայացնել հապճեպ ու կոշտ որոշում: Դա ի՞նչ է նշանակում, ինձ հասկանալի չէ: Կոչ եմ անում նախագահին դրա հետ կապված բացատրություններ տալ: Դա ուղղակի ճնշում է դատավորի վրա ու միջամտություն նրա գործունեությանը»,- հայտարարել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահն այսօր արտակարգ հայտարարություն է արել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող լարվածության հետ:
Վրաստանի նախագահի խոսքով՝ Վրաստանի վարչապետի հայտարարությունը իրավիճակը լիցքաթափելու փոխարեն մեծ լարվածություն է առաջացրել առանց այդ էլ բարդ իրավիճակում:
Գեորգի Մարգվելաշվիլին ընդգծել է, որ վերջին օրերի գործընթացները նախապայմաններ են ստեղծել երկրում սահմանադրական կարգի խախտման ու քաղաքացիական հակամարտության համար:

«Սահմանադրության պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, առաջին հերթին՝ Վրաստանի իշխանությունների: Ցավոք, Վրաստանի կառավարության ղեկավարի այսօրվա հայտարարությունը, իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, ավելի շատ լարվածություն է առաջացել ստեղծված իրավիճակում: Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ կտրուկ քայլերից ու զսպել զգացումները:

Կոչ եմ անում դատավորին չկայացնել կոշտ ու հապճեպ որոշումներ, ինչը կարող է ավելի սրել իրավիճակը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սկսում եմ խորհրդատվությունները քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, որպեսզի երկրում պահպանենք քաղաքացիական կայունությունը, խաղաղությունն ու սահմանադրական կարգը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս