Բաժիններ՝

Կմեկնարկի «Street Workout»-ի Հայաստանի 3-րդ առաջնությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Street Workout»-ի (բակային սպորտ) Հայաստանի առաջնության մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին` ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, «Street Workout»-ի ֆեդերացիայի համահիմնադիր-ղեկավար Արթուր Հարությունյանը և «Street Workout»-ի ֆեդերացիայի համահիմնադիր, «Run Armenia›› ծրագրի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանը: Արման Այվազյանը նշել է, որ ԿԳՆ-ն հնարավորինս աջակցում է բոլոր այն կազմակերպություններին, որոնց աշխատանքը միտված է պատանիների և երիտասարդների դաստիարակության գործընթացին:

««Street Workout»-ը նմանատիպ ծրագիր է, որը Հայաստանում նորություն է: Եվ չնայած այն մի քանի տարվա պատմություն ունի, բայց հասցրել է երիտասարդների ուշադրությունը գրավել: Մեր նպատակը բակային խաղերի միջոցով երեխաների մեջ առողջ ապրելակերպ սերմանելն է, որպեսզի նրանք ճիշտ և արդյունավետ կազմակերպեն իրենց ազատ ժամանցը»,-նշել է վարչության պետը:

«Street Workout» ֆեդերացիայի համահիմնադիր-ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով` «Street Workout»-ի Հայաստանի առաջնությունն առողջ ապրելակերպին նվիրված ամենամյա միջոցառում է, որտեղ հանդիպում են Հայաստանի ուժեղագույն ատլետները, որպեսզի պայքարեն չեմպիոնի կոչման համար: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի 3-րդ առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին, «Street Workout-ի բացօթյա մարզահրապարակում (Բուենոս Այրեսի այգի): «Street Workout»-ի Հայաստանի առաջնության հատուկ հյուրերն են` «Street Workout»-ի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մինին Դենիսը (ՈՒկրաինա) և «Street Workout»-ի աշխարհի փոխչեմպիոն Ռոբերտ Պոլոնսկին (Լիտվա): Ըստ բանախոսի` ««Street Workout»-ի գլխավոր առավելությունն այն է, որ որպես շարժում այն անվճար է և հասանելի բոլորի համար:

«Սա էլ հենց շարժումը դարձնում է մասսայական: Եթե 2012 թվականին «Street Workout»-ով զբաղվում էր 10-15 ատլետ, ապա այս պահին` շուրջ 200 պրոֆեսիոնալ և ավելի քան 600 սիրողական ատլետներ ՀՀ 28 քաղաքներից, ինչպես նաև Ստեփանակերտից և Շուշիից»,-նշել է բանախոսը` ընդգծելով, որ «Street Workout»-ը նպաստում է երիտասարդների շրջանում ոչ միայն սպորտի, այլև ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ հետաքրքրության աճին: «Եվս մեկ առավելություն` շարժման շնորհիվ երիտասարդները նախաբանակային տարիքում լինում են ավելի ամուր, որն էլ իր հերթին նպաստում է զինվորների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը»,-ընդգծել է նա:

«Street Workout» ֆեդերացիայի մյուս համահիմնադիր, «Run Armenia›› ծրագրի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանն իր հերթին նշել է, որ շարժման մեջ ընդգրկված ատլետների մակարդակը տարեցտարի բարձրանում է: «Այս տարի մենք բազամաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար մարդ: Մասնակցել ենք նաև միջազգային փատատոնների: Այս ամենը նոր գաղափարախոսություն է հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք սիրեն սպորտը, գտնեն նոր շրջապատ: Բացի սպորտից, կարևոր է նաև երիտասարդների կրթության և դաստիրակության զարգացումը»,-նշել է բանախոսը` միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` շարժման աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Ասուլիսի ընացքում ներկաները դիտել են նաև «Street Workout»-ի մասին պատմող ֆիլմ:
Լրագրողները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավադման, «Street Workout»-ի մարզիչների առկայության, Հայաստանի առաջնության և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս