«Եթե ՀՀ իշխանությունները չստանան հայաստանածին իրավիճակ, կստանան դրսից»

«168 Ժամի» զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը

– Պարոն Կարախանյան, անակնկալ կերպով հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվելու ցանկություն հայտնեց Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) ղեկավար Արա Աբրահամյանը, ում արդեն սկսել են համեմատել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ` նրան վերագրելով նույն քաղաքական ճակատագիրը։ Խոսակցություններ կան նաև այն մասին, որ նրա հետ Մոսկվան է հույսեր կապում։ Ըստ Ձեզ` ինչո՞ւ Աբրահամյանը որոշեց մտնել հայաստանյան քաղաքական դաշտ։

– Նա իր երևանյան ասուլիսի ընթացքում, կարծում եմ, տվեց սպառիչ պատասխան։ Չեմ կարծում, որ նա պատրաստվում է բեկումներ մտցնել հայաստանյան կյանքում, նա պարզապես ՌՀՄ նախագահն է, ՌԴ-ում հասարակական ամենամեծ կազմակերպության ղեկավարը, ով մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում ՀՀ-ում, քաղաքականությամբ է հետաքրքրվում և ցանկանում է մասնակցել այդ քաղաքականությանը։ Վատ բան չեմ տեսնում դրանում, հատուկ նպատակներ` ևս, առավել ևս ՌԴ-ն նրա միջոցով Հայաստանում կուսակցություն չի բացում և նրա միջոցով փորձում հարցեր լուծել Հայաստանում։

Դրա կարիքն այսօր չկա։ Աբրահամյանը, որպես քաղաքականությամբ հետաքրքրվող, ասում է, որ ցանկանում է լավ գործ անել Հայաստանի համար, քաղաքական դաշտում է տեսնում իր հնարավորությունները։ Մեկ այլ նրբություն էլ կա այստեղ. նա ասել է, որ մինչև մարտ ամիսը կսպասի, եթե հնարավորություն կա կամ կգտնի անհրաժեշտություն, կաջակցի հայաստանյան ուժերի, որոնք կստեղծեն կուսակցություն։ Նա, ինչպես շատերը, անհանգստացած է Հայաստանի իրավիճակով։ Հայաստանը պետք է խելքի գա, խայտառակ իրավիճակը, որն այսօրվա դրությամբ կա Հայաստանում, տարիների ընթացքում չի փոխվում և դեպի դրականը տեղաշարժեր չկան ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ արտաքին քաղաքական, սոցիալական ոլորտներում։ Այս ամենը ՌԴ-ին ևս ձեռնտու չէ։

Կարդացեք նաև

Որքան էլ քննադատենք ՌԴ-ին, այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ ՌԴ գործիչներն են, որ ցանկանում են Հայաստանի համար ինչ-որ լավ բան անել, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց մասին է։ Այսինքն` վերջին հաշվով, ռուսաստանյան մեծահարուստները փորձում են ինչ-որ մի բան ՀՀ-ում շտկել և ձեռք մեկնել։ Փաստ է, որ հայաստանյան բոլոր ոլորտներում իշխանությունը տապալվել է, և ՌԴ-ն կցանկանար, որպեսզի ՀՀ քաղաքացին ստեղծեր միավորումներ, որոնց շուրջ հանրությունը կմոբիլիզանար։

Այդպիսի պրոյեկտ է ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի նախաձեռնությունը, համատեղ շտաբները, «Չենք անցկացնին», պետք է պայքարել սահմանադրական բարեփոխումներ կոչվող ֆարսի դեմ, սակայն ՀՀ քաղաքացին պետք է որոշի. եթե որոշեն, որ հինգ հազար դրամները պետք է վերցնեն ու գնան քվեարկեն, տեր չկանգնեն իրենց ձայնին, ապա ՌԴ-ից էլ լինի, Ճապոնիայից էլ լինի` կստեղծեն այստեղ կուսակցություններ և ինչ ցանկանան` կանեն։ Բոլորին անհանգստացնում է ՀՀ-ի վիճակը, բոլորն են այդ մասին մտածում։

– «Ոչ»-ի ճակատը, նկատի ունեմ ոչ միայն ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն, ունի՞ աջակցություն Մոսկվայից։

– Այդպես ասելը դժվար է։ Սահմանադրության այս նախագծի մասին շատ է խոսվել, բոլորն էլ հասկանում են, որ ՌԴ վերին էշելոններում բացասական կարծիք կա դրանց վերաբերյալ, չեն ընդունում, կան շատ հակասություններ, ԵՏՄ-ի շրջանակում ևս խոսվել է այս մասին, նախագահի ձայնի իրավունք չունենալու, որոշման իրավունք չունենալու մասին, լուրջ չէ այս մասին խոսելը։ Հայաստանի թույլ, ամորֆ կարգավիճակին սահմանադրական կերպար ենք հաղորդում, ապա Տիգրան Սարգսյանին Վաշինգտոնից Մոսկվա ենք բերում տեխնիկական պաշտոնի, որպեսզի ինչ-որ կերպ կարողանանք այդ թույլ և ամորֆ իրավիճակը հավասարակշռել, բայց դա էլ ոչինչ չի տալիս։ Եթե քողարկված քրեաօլիգարխիկ համակարգը վերարտադրվելու խնդիրն է ցանկանում լուծել` չի ստացվելու, շատ վտանգավոր խնդրի առջև է կանգնելու Հայաստանը, մշտապես գտնվելով արտաքին ազդակների, կենտրոնների վերահսկողության ներքո` խայտառակ հարցեր են առաջանալու հայկական պետականության, ինքնիշխանության, դեմքի կորստի հետ կապված։

– Տիգրան Սարգսյանի նշանակմամբ ՀՀ իշխանությունն ի՞նչ է փորձում անել։

– Այդ ֆիգուրը պետք է լինի ամբողջությամբ վստահելի, կախյալ, քանի որ ցանկացած դեպքում Սարգսյանի օֆշորային սկանդալը կարող է վերածվել կոնկրետ քրեական գործի, բացի այդ` տարբեր հարցեր կան նրա հետ կապված։ Որպես տեղյակ տնտեսական գործունեությունից, քանի որ ՀՀ վարչապետ է աշխատել, ԿԲ նախագահ է եղել, կարող է ՀՀ ֆորմալ, ֆիկտիվ նախագահի հետ միասին` զույգավորված ՀՀ շահերը, դեմքը պաշտպանել, բայց բոլորս հասկանում ենք, որ նա իշխող համակարգն է պահելու, ստվերային ղեկավարի, շեֆի։ ՌԴ իշխանությունները ևս սա հասկանում են։ Ռուսաստանը կանաչ լույս կվառի, որպեսզի նորմալ իրավիճակ ստեղծի ՀՀ կյանքում։

– Տիգրան Սարգսյանը ՀՀ-ում ուներ արևմտամետի, բարեփոխիչի իմիջ, տարօրինակ էր նրա հայտնվելը ԵՏՄ-ում, նրա, ով նախկինում` իր հարցազրույցներում բացառում էր ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը և, ընդհանուր առմամբ, այն հեռանկարային չէր համարում գոնե կարճաժամկետ հեռանկարում։ Ինչպե՞ս ԵՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցին այս թեկնածությանը, չէ՞ որ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում այդքան էլ սիրված չէր, կամ էլ դա պարզապես այդպես ստեղծված տպավորություն էր։

– ԵՏՄ երկրները չեն միջամտում մյուս երկրի կադրային քաղաքականությանը, շատ ժողովրդավարական իրավիճակ է։ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները մշտապես այնքան իրարամերժ ու կտրուկ տարբեր հայտարարություններով են հանդես եկել, որ սա արդեն բնական է դարձել։ Նա այնտեղ տեխնիկական պաշտոն է զբաղեցնելու։ Բայց այս ամենը ծիծաղելի է դարձել, քաղաքական պայթյունը մոտենում է, ուժի զոռով, ծեծելով, համոզելով, խաբելով հնարավոր չէ այլևս որևէ հարց լուծել, այդ միջոցների ժամանակն անցել է, նոր որոշումներ են կայացվելու, ՀՀ քաղաքացիները պետք է որոշում կայացնեն կամ իրական փոփոխություն իրականացնեն, ոչ մի դրսի կուսակցություն, դրսից ներմուծված գործիչ լուրջ դերակատարություն չի կարող ունենալ` առանց ՀՀ քաղաքացու և հանրության։ Եթե ՌԴ-ն տեսնի ՀՀ հանրության համախմբումը, պայքարը, կտա աջակցություն, կամ էլ դա չի լինի, կմեռնեն, դրսից ով ասես, երբ ասես` կգան, ինչպես ԱՄՆ-ից, Եվրոպայից, Կանադայից, և ինչ-ինչ գործընթացներ կսկսեն։

– Օրերս ԵՄ-ն Եվրոպական հանձնաժողովին մանդատ տվեց` բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ։ Ի՞նչ ավարտ դրանք կունենան` հաշվի առնելով Ասոցացման համաձայնագրի փորձը։ Մոսկվայի արձագանքն այս ամենին ինչպիսի՞ն կլինի։

– Այդ հարցում Մոսկվան ունի հստակ դիրքորոշում, Հայաստանը ԵՏՄ անդամ է, այն ծրագրերում, որոնք չեն հակասում ԵՏՄ կանոնադրությանն ու փաստաթղթերին, ՀՀ-ն ազատ է։ Հարցն այն է, որ չլինեն իրավաբանական հակասություններ։ Ստիպողական հարցեր չկան։ ՌԴ-ն կողմ է, որպեսզի Հայաստանում ներդրումներ լինեն, ծրագրեր մշակվեն, որովհետև Հայաստանի ներկայիս վիճակը չի գոհացնում Ռուսաստանին։ Եթե ներսում տեղի չունենա մոբիլիզացիա, տեղի կունենա դրսից, իսկ դրսից տեղի ունենալը շատ խայտառակ բան է։ Եթե չստանան հայաստանածին իրավիճակ` կստանան դրսից։

– Այսինքն` դրսի՞ց է պարտադրվելու։

– Չի պարտադրվելու, պարզապես բնական է, որ դրսում ապրող հայերը, դրսի ուժերը, որոնք Հայաստանի համար են, հայամետ են, ցանկանում են ՀՀ-ում փոփոխություններ տեսնել։ Հասկանում ենք, որ ընտրակեղծիքների մեքենան ջարդված չէ, այսինքն` իներցիոն կերպով գործի է դրվելու ընտրախախտումների մեքենան, բայց եթե քաղաքացիները համախմբվեն, մոբիլիզանան մինչ դեկտեմբերի 6-ը կամ դրանից հետո, նրանց կմիանան դրսի ուժերը ևս, կաջակցեն նրանց ծրագրերին, դրսի ուժերին անհրաժեշտ է մոբիլիզացված քաղաքական, քաղաքացիական դաշտ, բայց դա կլինի Հայաստանի քաղաքացու որոշումը։

Եթե այդ ամենը չլինի, մեռնի ողջ դաշտը, ապա, երբ ասես` դրսից կարող են գալ։ «Դուրս» ասելով` նկատի ունեմ` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից, և այլն, և այլն։ ՀՀ քաղաքացիների հարցն է այստեղ էականը, եթե նրանք ցանկանան վերջ տալ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին, նրանք դա կանեն, եթե չկարողանան, ապա Հայաստանի հանրությանն այլևս հաշվի չեն առնի, դրսից դա կանեն Հայաստանի գլխին։

Նման բացասական սցենարի դեպքում դրսում ապրող հայերը, դրսի ուժերը, որոնք հայամետ են, միևնույն է, իրենց շահերն են առաջ տանելու, այս հարցում չպետք է պատրանքներ ունենալ։ Ամեն դեպքում, այն ուժերը, որոնք չեն ցանկանում Հայաստանի պետության կործանումը` քայլեր անելու են, բայց այդ քայլերը գուցե չհամընկնեն ո՛չ ՀՀ քաղաքացիների, ո՛չ ՀՀ պետականության, ո՛չ ծրագրային նպատակների հետ։ Սա է վտանգավորը։ Այս բարդ հարցի լուծումը ՀՀ քաղաքացիների ներգրավումն է նման գործընթացներում։

– Ըստ Ձեզ` «Ոչ»-ի ճակատն ինչպե՞ս կզարգանա, ի՞նչ ուժեր կհամախմբի, եթե հիշենք, որ երկրորդ նախագահը ևս դեմ է սահմանադրական բարեփոխումներին։

– Հայաստանում կա երկու թև` քրեաօլիգարխիկ և մնացած քաղաքականապես ակտիվ, հասարակական հատված։ Երկրորդ թևի տարբեր կազմակերպությունները միմյանց միջև ունեն տարաձայնություններ, բայց այս իրավիճակում երկրորդ նախագահ, առաջին նախագահ, ազգայնական ուժեր, բոլորն այս առումով` անկախ իրենց վեկտորի մտածելակերպի` անում են ճիշտ քայլեր։ Պետք է աշխատել քրեաօլիգարխիկ համակարգի և ուժային կառույցների դեմ հանրության հետ միասին, պարզապես հանրությունը պետք է կայացնի այդ որոշումը։

Տեսանյութեր

Լրահոս