«Նոր Սահմանադրության ընդունումն իշխանությունների համար կենաց-մահու խնդիր չէ»
«Ես կիսաոչ ասողներից եմ, որովհետև կիսանախագահական Սահմանադրությունն ուներ որոշ թերություններ: Բազմաթիվ դատական ակտեր կան, որոնց դատավճիռները միջազգային ատյաններում մերժվում են, փոխվում են:
Հայաստանում պետք է լինի արդարադատություն, դատարանները պետք է լինեն անկախ և ազատ: 1995թ. Սահմանադրության ժամանակ մտածում էինք, որ եթե դատավորները շատ անկախ լինեն, հնարավոր է, որ հակահեղափոխություն լինի:
Թյուր կարծիք կար մեր դատավորների մասին: Փոփոխություններ անհրաժեշտ են, բայց այն, ինչ մեզ մատուցվեց, չարդարացրեց իմ սպասելիքները, որովհետև դատավորները չստացան անհրաժեշտ անկախությունը: Մյուս հարցերի մասին դեռ չեմ խոսում, որոշ բարեփոխումներ, իհարկե, կան, բայց միայն դատարանների անազատության պատճառով ասում եմ՝ «ոչ» այս Սահմանադրությանը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը համաձայնեց՝ ասելով, որ նոր Սահմանադրության նպատակներից մեկն անկախ դատարաններ ունենալն է, իսկ բավարարում է, թե ոչ, ըստ նրա՝ այստեղ լրացուցիչ անելիքներ կարող է ունենան, որպեսզի այդ անկախությունը բարձրացնեն. «Խոսքը Դատական օրենսգրքի մասին է:
Նույն Սահմանադրության մեջ Դատական օրենսգիրքը դասվում է Սահմանադրական օրենքների շարքին և 3/5-ով պետք է ընդունվի: Կոնսենսուս պետք է լինի, որպեսզի կարողանաս ընդունել այնպիսի Դատական օրենսգիրք, որը կհամապատասխանի բոլորիս ցանկությանը: Ցանկացած բարեփոխում դեպի դրականը անհնար է՝ առանց անկախ դատարաններ ունենալու»:
Արտակ Դավթյանը կարևոր է համարում նաև խորհրդարանական համակարգին անցնելը.
«Գործող կիսանախագահական համակարգը պատասխանատվությունից խուսափելու բավական լայն հնարավորություններ է տալիս այն մարդկանց, ովքեր զբաղեցնում են որոշակի բարձր պաշտոններ: Իհարկե, կարող ենք ասել՝ անձի խնդիր է, բայց մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ բացառեն նմանատիպ երևույթները»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ նոր Սահմանադրության ընդունումն իշխանությունների համար կենաց-մահու խնդիր չէ.
«Քաղաքացիները «ո՞չ» կասեն, թե՞ «այո», նրանց որոշելիքն է, կարևորն այն է, որ մենք ներկայացնենք մեր տեսակետը, մեր դիրքորոշումը»: