«Չենք զարմանում, որ «Ոչ» ասողները դարձյալ համախմբված չեն»
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ այդպես ցաքուցրիվ «Ոչ» ասողները հեռու չեն կարող գնալ:
«Իրավամբ կարելի է արձանագրել, որ մեր երկիրն այսօր գտնվում է պատմական փուլում, մեկ քառորդ դարի մեջ արդեն երրորդ անգամ փորձելու ենք որոշ փոփոխությունների ենթարկել երկրի Մայր օրենքը, եթե առաջին անգամ այդ փոփոխությունը պարտադրված էր, քանի որ հասարակարգից մեկ այլ հասարակարգի անցման փուլում էինք, և նոր Սահմանադրությունն ուղղակի անհրաժեշտություն էր, եթե երկրորդ դեպքերում այդ փոփոխությունները կատարվեցին մեկ-երկու առանցքային կետեր փոխելու նպատակով միայն, ապա այսօր, կարելի է ասել՝ առաջին անգամ և ինքնակամ գնում ենք համակարգված փոփոխությունների»,- «168Ժամի» հետ զրույցում նկատեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Պատգամավորը վստահ է, որ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցումը շատ կարևոր և լուրջ քայլ է, ուստի կարևոր է, որ մեր հասարակության ներսում այս հարցի շուրջ լինի մեծ կոնսոլիդացիա.
«Մենք գնում ենք մի քայլի, որը, եթե չարվի այսօր, չի արվի երբեք, նկատի ունեցեք, որ հայաստանյան քաղաքական ազդեցիկ գրեթե բոլոր ուժերը. ի դեպ, բացի ՀՀԿ-ից, ժամանակին իրենց նախընտրական խոստումներում և պատկերացումներում միանշանակ պնդել են, որ խորհրդարանական կառավարման անցումը միակ ճիշտ ուղին է երկրի զարգացման և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին, այսօր նաև ՀՀԿ-ն է այդպես մտածում, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությամբ փորձելով իրականացնել մեր քաղաքական դաշտի շատ մեծ թվով կուսակցությունների այս ցանկությունը»։
Մարգարիտ Եսայանը վստահ է, որ քարոզչական գործընթացը բնականոն զարգացման փուլում է, բոլոր ուժերն արդեն գիտեն իրենց անելիքները։
Ըստ պատգամավորի, բնական է, որ այս կարևորագույն հարցում լինեն նաև դեմ արտահայտվողներ:
«Բնության մեջ չկա հարց, որին ամբողջ բնությունը միաձայն կողմ լինի, քաղաքական ուժերը ևս բնության մասնիկն են, և բնական է, որ կա նաև այս նախաձեռնությանը դեմ մասսա: Տեսնում ու չենք զարմանում, որ դեմերը դարձյալ միակարծիք չեն, դարձյալ միակամ չեն և, ինչպես միշտ՝ չունեն հստակ ասելիք, իրենց դեմի փաստարկները թույլիկ են, չհիմնավորված և անձնավորված, իսկ այս տրամադրությամբ իրենք հեռու չեն կարող գնալ, կոչերը, որ արդեն սկսել են հնչեցնել, հին ու ծանոթ ժապավեն են հիշեցնում, կարծում եմ՝ մեր դեմասերները լավ կանեն, որ գոնե իրենց կյանքում մեկ անգամ լսեն առողջ տրամաբանության ձայնը և խելք խելքի տան ոչ թե՝ «Ոչ»-ի, այլ՝ «Այո»-ի հաղթանակի համար»,- ասաց պատգամավորը։
Մարգարիտ Եսայանը համոզված է, որ մեր հասարակությունն «Այո»-ի կողմնակից է, բայց կան հարցեր, որոնք պետք է ներկայացվեն ընտրողներին, բացատրվեն, և այս դեպքում «Այո» ասողները շատ ավելի շատ կլինեն. «Հույս ունեմ, որ քարոզչական այս շրջանը մենք արդյունավետ կօգտագործենք և հասարակության տարբեր շերտերի համար ընկալելի և մատչելի կբացատրենք, թե ինչու է «Այո»-ն ավելի ճիշտ, և ինչ հեռանկար ունի առաջարկված այս համակարգային փոփոխությունը»։