Աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը. ոստիկանապետի խիստ հանձնարարականը

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ընթացիկ տարվա անցած ինն ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանության և ենթակա ստորաբաժանումների կողմից կատարած աշխատանքների քննարկմանը:

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հիմնական զեկույցով հանդես է եկել ճանապարհային ոստիկանության պետ Իգոր Օհանյանը, ով մասնավորապես նշել է, որ նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 57 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել` 67 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42 պատահարի, 12 զոհի և 47 վիրավորի դիմաց:

Վիճակագրությունից դիտվում է, որ 15-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների և 20-ով վիրավորների, իսկ 1-ով նվազել զոհերի թիվը: Ըստ շրջանների վերլուծելով ճանապարհատրանսպորտային պատահարների պայմաններն ու պատճառները՝ ոստիկանության պետը մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանի և Շահումյանի շրջանները սպասարկող ճանապարհապարեկային վաշտի պատասխանատուներին խստագույնս հանձնարարել է ակտիվացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Ծառայողական գործունեության գնահատականը թողնելով ընթացիկ տարվա արդյունքների վերլուծությանը՝ ոստիկանության պետը, այնուամենայնիվ, գոհունակություն է հայտնել կատարած ծառայության արդյունքներից և մի շարք ուղղություններով տվել կոնկրետ հանձնարարականներ:

«Անպատժելիությունը ամենաթողության ծնունդն է, երթևեկության կանոնների յուրաքանչյուր այսպես ասած միտումնավոր անուշադրության համար ճանապարհային ոստիկանության ծառայողը ամենախստագույն պատասխանատվության է ենթարկվելու», – ընդգծել է ոստիկանության պետը:

Տեսանյութեր

Լրահոս