Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից

«Նոր Հայաստան» ճակատի անդամները երեկ հայտարարել են, որ սկսում են իրենց պայքարի վճռական փուլը, որի գագաթնակետը լինելու է դեկտեմբերի 1-ը. այդ օրը ճակատի ներկայացուցիչները հռչակել են քաղաքացիական անհնազանդության օր, և այդ օրը, ինչպես հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող, «Նոր Հայաստան» շարժման շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը՝ «ուժեղ ճնշելու են, զորեղ ճնշելու են այս ռեժիմին՝ նահանջելու»: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ երեկ կեսօրից հետո, երբ հնչել են այդ հայտարարությունները, հաշված ժամերի ընթացքում սպառվել են որևէ ուղղությամբ մեկնող ինքնաթիռների, գնացքների տոմսերը ոչ միայն՝ Հայաստանից, այլև՝ տարածաշրջանի բոլոր երկրների օդանավակայաններից:

Շվեյցարական բանկերը երեկ ողջ օրն աշխատել են ծանրաբեռնված ռեժիմով՝ սպասարկելով հայաստանյան հաճախորդների շտապ պատվերները՝ հաշիվները կարգի բերելու ու համալրելու նպատակով: Անգամ դոլարի փոխարժեքն է երեկ անկում ապրել. Ֆինանսական շուկան շոկային արձագանքներ է տալիս ընդդիմադիր ճակատի սպառնալիքներին: Երեկ կտրուկ ավելացել է հակադեպրեսանտների, նյադային համակարգը հանգստացնող դեղորայքի վաճառքը… Մի խոսքով, իշխանությունը խուճապի մեջ է: Ողջ մնալու ու Հայաստանից հեռանալու համար իշխանության ներկայացուցիչներն ունեն ընդամենը 40 օր. բա որ հանկարծ չհասցնե՞ն:

Իսկ եթե՝ ավելի լուրջ, թեև անլրջություն է Հայաստանի ընդդիմության մասին լուրջ դատողություններ անելը, ապա հերթական անգամ ընդդիմությունն իրենից, մեղմ ասած, մեղմ կարգախոսներ է ներկայացնում ու ժամկետներ է հռչակում՝ հերթական անգամ հասարակությանն առաջարկելով ի սկզբանե դատապարտված երկընտրանք՝ կամ գործող իշխանությունը, կամ ընդդիմության անիրական խոստումները:

Հասարակությունը, բնականաբար, ավելի իմաստուն գտնվելով քաղաքական ուժերից, ընտրում է երրորդ՝ միջանկյալ, բայց առաջին տարբերակին նպաստող հնարավորությունը՝ անտարբերությունը: Սրանից ավելի մեծ ծառայություն գործող իշխանությանը նույնիսկ իշխանությունը չի կարող մտածել, մտածել ու պատվիրել: Բայց ինչո՞ւ ժամանակ ու էներգիա ծախսել մտածելու վրա, առավել ևս, որ իշխանության շատ ներկայացուցիչներին դա հակացուցված է: Առանց մտածելու էլ ընդդիմությունն անում է այն, ինչը կաներ դավադրության ամենաքողարկված մթնոլորտում իշխանության հետ ստվերային գործարքի գնացած ընդդիմությունը:

«Նոր Հայաստանի» անդամները, սակայն, մի հարցում չափից ավելի ազնիվ են ու անկեղծ: Նրանք հայտարարել են, որ դեկտեմբերի 1-ին ռեժիմը նահանջելու է, բայց չեն մասնավորեցրել՝ հատկապես ո՛ր թվականի դեկտեմբերի 1-ին: Այն, ինչ անում է «Նոր Հայաստանը», մոտավորապես նույնն է, ինչ այս հոդվածը վերնագրել՝ «Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից»՝ առանց նշելու հեռացումի օրն ու ժամը: Այնպես որ, բոլորս՝ դեպի դեկտեմբերի 1: Որևէ թվականի:

Տեսանյութեր

Լրահոս