«Խոշտանգման, կտտանքների ենթարկվելու, տանջահարման բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել»

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նախաքննության ընթացքը բացասական է գնահատում՝ այն որակելով միակողմանի և մակերեսային: Փաստաբանն ակնկալիքներ է ունեցել, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո կգտնեի իրեն հետաքրքրող որոշ հարցերի պատասխաններ, սակայն ավելի շատ հարցեր են առաջացել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում սպանության մեղադրանքը՝ նշելով, որ դրա հետ որևէ առնչություն չունի. քնած է եղել, միայն առավոտյան է իմացել, որ Հ. Բարսեղյանին գտել են պտտաձողից կախված վիճակում:

Պարոն Նադիրյան, Ձեզ համար հասկանալի՞ է` ինչո՞ւ է Ձեր պաշտպանյալին մեղադրանք առաջադրվել, ի՞նչ ապացույցներ են օգտագործվել իր դեմ:

– Նախ՝ կցանկանայի իմ ցավակցությունը հայտնել տուժող կողմին` տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ցավում եմ կատարվածի համար, և որպես մարդ` ինքս էլ եմ ցանկանում, որ իրողությունը բացահայտվի, և որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ այս ողբերգության համար պատասխան են տալիս ու տալու իրական հանցագործները, ինչպես նաև անմեղ մարդիկ չդատապարտվեն չարածի համար:

Անդրադառնալով բուն հարցին՝ կասեմ, որ պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքը հիմնված է զուտ ենթադրությունների վրա: Համենայնդեպս, միանշանակ կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալի մեղավորությունը քրգործի տվյալներով բացարձակապես ապացուցված չէ: Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞ւ է նա հայտնվել մեղադրյալների շարքում, կարող եմ զուտ ենթադրություն անել, որ սպանության մեջ մեղադրվող 4 երիտասարդներն ինչ-որ չափով աչքի ընկած են եղել, այսպես ասած՝ լիդերներ են եղել: Միևնույն ժամանակ, գործի նյութերին ծանոթանալուց ակնհայտ է դառնում, որ իմ պաշտպանյալը պարզապես արդարամիտ է եղել, իր ծառայության ընթացքում միջամտել և խնդիրներին ճիշտ լուծում է տվել:

Կարդացեք նաև

Դա ապացուցված է անգամ գործի նյութերով: Ամենակարևորն այն է, որ այսօրվա դրությամբ նախաքննական մարմինն այդպես էլ չի գտել մեղադրյալների կողմից սպանություն կատարելու շարժառիթը և հաստատված է համարել այն, թե իբր մեղադրյալները ցանկացել են ինքնահաստատվել, ցույց տալ իրենց ես-ը: Սակայն քրգործի նյութերը լրիվ հակառակն են ապացուցում. եթե այսօրվա մեղադրյալներն իրենց համածառայակիցների շարքում լիդեր են եղել, բնականաբար, ինքնահաստատման խնդիր չէին կարող ունենալ, այն էլ՝ 6 հոգու աչքի առաջ սպանություն կատարելու եղանակով: Այսինքն՝ անգամ շարժառիթն է կասկած հարուցում:

Ձեր կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություններ եղե՞լ են:

– Այո, իմ կողմից նման միջնորդություն ներկայացվել է: Մեղադրանքի հիմքում դրված են ընդամենը մի քանի վկաների՝ ամբողջովին իրարամերժ ու հակասական ցուցմունքներ: Ընդ որում, ես հարց եմ բարձրացրել, որ նախաքննական մարմինն ընդհանրապես չի անդրադարձել այն վարկածին, որ այդ սպանությունը կարող էին կատարել հենց այն անձինք, ովքեր այսօր վկայություն են տալիս իմ պաշտպանյալի և մյուս մեղադրյալների դեմ: Ամենակարևորը՝ նախաքննական մարմինն այսօրվա մեղադրյալների մասով սպանություն կատարելու որևէ շարժառիթ չի գտել (հիմքում աբսուրդային շարժառիթ է դրվել), գործի նյութերով հաստատված է, որ այդ նույն «ականատես» վկաներից մեկն այս սպանությունը կատարելու ամենամեծ շարժառիթն ուներ, որովհետև նա տուժողի հետ մշտապես կոնֆլիկտներ է ունեցել, անգամ տուժողի կողմից պարբերաբար ծաղրուծանակի ենթարկվելու հետևանքով` ինքնասպանություն կատարելու ցանկություն է հայտնել:

Շատ բաներ չեմ կարող բացահայտել, բայց դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված շատ հանգամանքներ կան, որոնք նախաքննական մարմինը պետք է ստուգեր. տուժողի հետ նույն ննջարանում քնող կուրսանտների ալիբին պետք է ստուգեր, նրանց պետք է դատաբժշկական փորձաքննության ենթարկեր, նրանց մարմնի քննում պետք է կատարեր, արյան նմուշները պետք է վերցներ, և այլն: Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ սպանությունը կարող էր կատարվել այդ նույն ննջարանում քնող կուրսանտների կողմից, որոնք այսօր ցուցմունք են տալիս իմ պաշտպանյալի և մյուս մեղադրյալների դեմ: Նման գործողություններ բացարձակ չեն արվել: Սա է ամենասարսափելին: Ես նման բան չեմ տեսել, որ սպանության գործով հենվեն միմիայն վկաների հակասական ցուցմունքների վրա:

Ընդ որում, ցանկանում եմ շեշտել, որ այդ վկաներից յուրաքանչյուրը հարցաքննվել է 5-11 անգամ: Խոսքը նրանց նկարագրած մի քանի րոպե տևողությամբ գործողությունների մասին է. եթե մարդն ականատես է եղել ինչ-որ բանի, հստակ տեսել է, ապա նա միանշանակ պետք է հստակ ներկայացնի այն, ինչ տեսել է կատարողների, գործողությունների, իրադարձությունների հաջորդականության վերաբերյալ: Նա կարող է ընդամենն ինչ-որ դետալային հարցերում բացթողումներ անել: Այդ դետալային հարցերի շուրջ էլ կարող են նրան լրացուցիչ հարցաքննել՝ ընդամենն այդ դետալները պարզաբանելու համար: Այս գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզվում է, որ ականատես վկաները նույն օրվա ընթացքում կամ՝ մեկ-երկու օրվա տարբերությամբ լրացուցիչ հարցաքննության ընթացքում ոչ միայն` մեկը մյուսին, այլ հենց իրենք իրենց՝ նախորդ ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել:

Գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ երբ նախաքննական մարմինը քննության ընթացքում ինչ-որ տվյալ է ձեռք բերել, այդ 6 վկաները միասին եկել՝ հիշել են: Հետո, երբ այդ տվյալը քննությամբ չի հիմնավորվել, չի ապացուցվել, եկել-ասել են, որ նախորդ հարցաքննության ընթացքում հայտնած հանգամանքը շփոթել են. եղել է ոչ թե այնպես, ինչպես ներկայացրել էին, այլ՝ մեկ ուրիշ կերպ: Ցուցմունքները հարմարեցվել են նախաքննության տվյալ պահին ձեռք բերված տվյալներին: Սա է տարակուսանք առաջացնում ինձ մոտ: Այդ վկաների ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել: Առաջին իսկ օրվանից ես պահանջել եմ, որ առերեսումներ կատարեն իմ պաշտպանյալի դեմ վկայած անձանց հետ: Նախաքննական մարմինը դա չէր անում` ընդհուպ մինչև երրորդ ամիս:

Երբ լրացավ երկու ամիսը, երրորդ ամսվա սկզբին նոր միայն առերեսում կատարեցին: Ես դատարանում էլ, երբ կալանքի ժամկետի երկարացման հարցն էր քննարկվում, բարձրաձայնել եմ, որ առերեսումներ չկատարելը, հնարավոր է, պայմանավորված է նրանով, որ նախաքննական մարմինը փորձում է շտկել պաշտպանյալիս դեմ վկայություն տված անձանց ցուցմունքներում առկա հակասությունները և նոր միայն նրանց ներկայացնել առերեսման:

Քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզվեց, որ իմ այդ մտավախությունն անհիմն չէր, այսինքն՝ հաստատվեց, որ պաշտպանյալիս հետ առերեսումները կատարվել են հենց այն ժամանակ, երբ նախաքննական մարմինը քիչ թե շատ շտկել էր վկաների ցուցմունքներում առկա հակասությունները: Նման պայմաններում նախաքննության ընթացքում մեր կողմից հարց բարձրացվեց. պաշտպանյալս, իր անմեղությունն ապացուցելու այլ ճար չգտնելով, ստի դետեկտորով հետազոտման ենթարկվելու պատրաստակամություն հայտնեց:

Բնականաբար, ելնելով իմ պաշտպանյալի դիրքորոշումից, ես միջնորդություն ներկայացրեցի՝ պաշտպանյալիս և նրա դեմ վկայություն տվող անձանց ստի դետեկտորով հետազոտության ենթարկելու մասին, որը մերժվեց: Նման իրավիճակում, երբ որևէ փորձաքննության եզրակացությամբ որևէ ապացուցողական նյութ ձեռք չի բերվել, այսինքն՝ ընդամենը մի քանի հոգու, ընդ որում՝ նաև ենթադրյալ կասկածյալների, հակասական ցուցմունքների հիման վրա, 18 տարեկան երեխաներին մեղադրում են ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածով, ինչո՞ւ են մերժում պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի հետազոտության ենթարկելը. եթե օբյեկտիվ եք` կատարեք՝ թեկուզև զուտ ձեր ներքին համոզմունքն ունենալու համար, ունեցեք դա, տրամադրեք փորձագետներին, նշանակեք հոգեֆիզիոլոգիական փորձաքննություն: Ինչո՞ւ են մերժվում պաշտպանական կողմի բոլոր նման միջնորդությունները:

Անդրադառնամ հարցին, թե ինչու է իմ պաշտպանյալը հայտնվել մեղադրյալների շարքում: Ի սկզբանե՝ դեպքի հաջորդ իսկ օրը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարություններ արվեցին, որ հանցագործությունը բացահայտվել է, պարզվել են հանցագործները, անգամ շեշտվեց, թե ինչն է հանդիսացել սպանության շարժառիթը՝ իբր նրանք խմած են եղել, դեպքին նախորդած միջադեպն է պատճառ հանդիսացել: Քննությամբ ամբողջությամբ հերքվել է տվյալ օրվա տեղի ունեցած միջադեպը սպանության շարժառիթ հանդիսանալու հանգամանքը, սակայն այն տպավորությունն է, որ նախաքննական մարմինն իր` քրեական գործ հարուցելու մասին որոշման և այդ պաշտոնատար անձանց արած հայտարարությունների գերին է դարձել ամբողջ քննության ընթացքում: Այսինքն՝ ամեն կերպ աշխատել են այն ուղղությամբ, որ հաստատեն վարկածը, որը ներկայացվել էր հանրությանը՝ որպես հաստատված և բացարձակ ճշմարտություն:

– Քրեական գործով փորձաքննության եզրակացություն կա, որ ձեր պաշտպանյալի մոտ ալկոհոլ է հայտնաբերվել:

– Որոշակի խմածություն հայտնաբերվել է: Իմ պաշտպանյալը չի էլ ժխտել, որ դեպքի նախորդ օրն ինքը մեկ բաժակ օղի է խմել: Նախաքննական մարմինը դա գնահատել է այն առումով, որ խմիչք շատ է եղել: Դա այդպես չէ, որովհետև քրեական գործով հիմնավորվել է, որ 7-8 հոգով ընդամենը 1 շիշ օղի են խմել: Դեպքի հաջորդ օրը պաշտպանյալիցս վերցված մեզի փորձանմուշի մեջ չնչին քանակությամբ ալկոհոլի առկայությունը դեռևս չի նշանակում, որ նա նախորդ օրը շատ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել:

Բամզաթիվ գործոններ կան այստեղ (ես այդ կապակցությամբ մասնագետների կարծիքն ունեմ). քանի որ պաշտպանյալս դեպքից մի քանի ժամ հետո տարվել է ռազմական ոստիկանություն, որտեղ բնականաբար բավարար քանակությամբ հեղուկ ընդունելու և հաճախակի իր բնական կարիքները հոգալու հնարավորություն չի ունեցել, հակառակ դեպքում նրա մեզի մեջ այդ չնչին քանակությամբ ալկոհոլն էլ չէր հայտնաբերվի։ Իմ պաշտպանյալի ներկայացրած պատճառաբանությունները որևէ կերպ չեն հերքվել: Ընդհակառակը, շատ բաներ կան, որ հաստատվել են, բայց չգիտես ինչու նախաքննական մարմինը դրանք ամբողջությամբ անտեսում է և հիմքում դնում է իրեն ցանկալի ապացույցները, ինչի իրավունքը չունի: Այսօր իմ պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրված են միմիայն չփարատված կասկածներ, ինչը թե Սահմանադրությամբ, թե քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված նորմերի խախտում է, որովհետև չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի, կասկածյալի կամ ամբաստանյալի: Մենք այսօր ունենք հակառակ պատկերը:

Ձեր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քր. օր.-ի 359-րդ հոդվածով: Ի՞նչ դիրքորոշում ունի նա:

– Անդրադառնամ ՀՀ քր. օր.-ի 359-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքին. իմ պաշտպանյալն ընդունում է, որ վիճաբանություն եղել է իր համածառայակիցների հետ: Գործի նյութերից երևում է, որ դա ռազմական ինստիտուտում համատարած բնույթ է կրել, ու պարբերաբար նմանատիպ միջադեպեր եղել են: Իսկ 359-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, որն առնչվում է տուժողի հետ տեղի ունեցած վիճաբանությանը, բացարձակ անհիմն է: Դրանով չի կարող դատավճիռ լինել, քանի որ այն ընդամենը հիմնված է մեկ անձի հակասական ցուցմունքների վրա: Իմ պաշտպանյալի հետ առերեսման ժամանակ այդ վկան ետ կանգնեց իր նախապես տված ցուցմունքում հայտնած մի շարք ասածներից: Առերսեսման ժամանակ մենք հարց ենք տվել, թե ով է ներկա եղել այդ միջադեպին: Նա պատասխանել է, որ դասակի բոլոր կուրսանտներն այնտեղ էին: Այդ բոլոր կուրսանտները հարցաքննվել են, ընդ որում՝ քննիչի հարցին՝ արդյոք տեսե՞լ եք, որ Վաչե Սահակյանն ու այսինչը քաշքշել են իրար, ժխտող պատասխան են տվել: Նման պայմաններում այն տպավորությունն է, որ նախաքննական մարմինը գործել է միայն մեկ սկզբունքով՝ որքան շատ մեղադրանք, այնքան լավ: Ես ապշում եմ, քանզի նման որակի քննություն իմ պրակտիկայում չեմ տեսել: Իմ մեջ տարակուսանք է առաջացնում, թե ինչպես են նման՝ հակասական ցուցմունքների առկայության և սակավաթիվ ապացուցողական բազայի պայմաններում 18 տարեկան պատանիներին մեղադրում որպես պատիժ ցմահ ազատազրկում նախատեսող առանձնապես ծանր հանցագործության մեջ: Ավելին՝ ինչո՞ւ են մերժում ստի դետեկտորով՝ պոլիգրաֆով հետազոտություն անցկացնելու մեր միջնորդությունը: Ինքս կուզենամ, որ իրողությունը պարզվի, պատժվեն իրական մեղավորները: Եթե օբյեկտիվ են, ի՞նչն է խանգարում դա անցկացնել: Մեր այդ միջնորդությունը մերժում են՝ ասելով, թե նմանատիպ քննչական գործողություն նախատեսված չէ: Բայց ինչո՞ւ իրականությունը պարզելու համար չենք փորձում դուրս գալ «շրջանակներից», առավել ևս, որ նման նախադեպ կա. նույն ստի դետեկտորը կիրառվել է բոլորիս ուշադրության կենտրոնում գտնվող Պերմյակովի գործով:

Նախաքննական մարմինը տուժողի գործողություններում է՞լ է հանցակազմ տեսել:

– Մյուս մեղադրյալներին էլ է այդ «պահուստային» հոդվածներով մեղադրանք առաջադրվել: Իմ մոտ մի բան է տարակուսանք առաջացնում. կուրսանտները պարտավոր էին նմանատիպ ցանկացած բանի մասին տեղեկացնել հրամանատարությանը, ինչը, սակայն, չեն արել: Այս ամենից հետո միայն բոլորը միաձայն սկսել են ցուցմունք տալ, որ զինծառայողները հանցագործություն են կատարել:

Նշեցի, որ մեղադրանքը հիմնված է մի քանի վկաների հակասական ցուցմունքների վրա: Այդ «ականատես» կուրսանտների նկատմամբ հենց դեպքի առաջին օրը կիրառվել է, այսպես կոչված, պաշտպանության միջոց: Երբ դիտարկում ես հիմքերը, այնպիսի տպավորություն է, որ նրանց նկատմամբ ոչ թե պաշտպանության միջոց է կիրառվել, այլ նրանք պատանդ են վերցվել: Համոզմունքս խորացավ, երբ ծանոթացա գործի նյութերին: Գործի նյութերում առկա են օգոստոս ամսվա դրությամբ (դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը) պաշտպանության տակ վերցված կուրսանտների ծնողների դիմումները, որոնցում նրանք ասում են՝ ինչպես կլինի այսպես, վերցրել եք, տարել եք, մենք տեղյակ չենք մեր երեխաների ճակատագրից, ինչ է լինելու նրանց վերջը: Այն տպավորությունն է, որ պաշտպանության միջոցը կիրառվել է կուրսանտներին ոչ թե` ինչ-որ վտանգից, այլ` հենց իրենց հարազատներից, ծնողներից պաշտպանելու համար:

Եթե փակ զորամաս է, որտեղ հրամանատարություն, պատշաճ հսկողություն կա, ումի՞ց են պաշտպանում այդ երեխաներին: Տպավորություն է, որ տարել- պահել են, որպեսզի նրանք նախաքննական մարմնին ցանկալի ցուցմունքներն ընթացքում հանկարծ չփոխեն, իրական ցուցմունք չտան: Ի վերջո, նրանց գրեթե բոլորին տեղափոխել են Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ, որը համարվում է էլիտար ուսումնական հաստատություն, որտեղ ուսանելու ցանկություն բոլորն էլ ունեն: Շատ հարցեր են առաջանում՝ պաշտպանության միջոցի կիրառման անհրաժեշտության և վերջնական արդյունքի հետ կապված:

Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել էր կախված վիճակում: Դեպքից հետո քրեական գործ հարուցվել էր սպանության հատկանիշներով: Այդ հոդվածով գործ հարուցելու հիմքեր կայի՞ն:

– Իրոք, ճիշտ նկատեցիք. իմ ներկայացրած միջնորդության մեջ ես նաև դրան եմ անդրադարձել: Այդ պահին նախաքննական մարմինը հստակ ապացույցներ չուներ: Նախ՝ պարզված չէր տուժողի մահվան պատճառը: Այդ պահին եղել է ընդամենը երկու կուրսանտի բացատրություն, որոնցից մեկով իմ պաշտպանյալի և մյուս մեղադրյալի անունն ընդհանրապես չի շոշափվել, երկրորդով էլ ինչ-որ կցկտուր հանգամանքներ են նշվել, որպիսի պայմաններում նախաքննական մարմինը երբեք չէր կարող նման ձևակերպմամբ քրեական գործ հարուցել:

Քրեական գործ են հարուցել, ըստ էության, այն նույն ձևակերպմամբ, որն այսօր դրված է մեղադրանքի հիմքում: Դա տարակուսանք է առաջացնում և ևս մեկ անգամ ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ նախաքննական մարմինը հետագա քննության ընթացքում դարձել է քրեական գործի հարուցման և լրատվամիջոցներով արված հայտարարությունների գերին: Հարուցման որոշման մեջ հստակ մեղադրանքի ձևակերպումներ են տրվել, ինչն անթույլատրելի է: Տվյալ պարագայում կարող էին գործ հարուցել բռնության հետքերով դիակի հայտնաբերման կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Ծայրահեղ դեպքում գործ կարող էին հարուցել սպանության հոդվածով, բայց ոչ` անվանապես նշելով կատարողներին:

Բացի դա՝ նշեմ, որ մեղադրանքն իր ձևակերպումներով բացարձակ չի բխում գործի տվյալներից: Առանձին դաժանությունը ենթադրում է, որ դիտավորությունն ուղղված է սպանվողին կտտանքների, տանջանքների ենթարկելուն, և այլն: Դատաբժշկական փորձաքննությամբ տուժողի բերանի շրջանում ընդամենը մի քանի վնասվածք է հայտնաբերվել, իսկ մահվան պատճառը ենթալեզվային ոսկորը կոտրվելու հետևանքով րոպեների ընթացքում վրա հասած շնչահեղձությունն է: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ խոշտանգման, կտտանքների ենթարկվելու, տանջահարման բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել:

Ամփոփելով՝ ուզում եմ ցավով նշել, որ տուժող կողմն այս որակի նախաքննությունը գնահատում է` որպես օբյեկտիվ, և համոզված է, որ այն ընթացել է ճիշտ ուղղությամբ, և օրեր անց քրեական գործն ուղարկվելու է դատարան: Այս հանգամանքը վկայում է, որ նախաքննական մարմինը տուժող կողմին երաշխավորել է, որ անկախ պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունների բովանդակությունից, միևնույն է՝ դրանք մերժվելու են, և գործն ուղարկվելու է դատարան:

Նման պայմաններում մեզ մնում է ակնկալել միայն արդար դատաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս