Շարունակվեց Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
Փաստաբանն այս նիստում լրացրեց իր բողոքը: Նա նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապխատասխան հոդվածը սահմանում է, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունները դատարան բողոքարկելու համար անհրաժեշտ է նախ դիմել դատարան, հետո նոր դատարան: «Գլխավոր դատախազությունն իր հերթին իմ բոլոր բողոքների դեպքում ասում է, թե դուք պարտավոր եք պահպանել այս ընթացակարգը, բայց ես ձեր բողոքը չեմ քննում»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ ինքը բողոք է ներկայացրել դատախազություն, որտեղից գրություն է ստացել։ Գրությամբ պարզաբանել են, որ դատախազի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերադաս դատախազի կողմից վերացնելու կարգ նախատեսված չէ: Փաստաբանն ասաց, որ հատուկ ուսումնասիրել է որոշումներ, որոնք կայացրել է նույն անձը և մերժել իր կարգավիճակում գտնվող այլ անձանց բողոքը: «Այսինքն՝ ինքը պարզաբանում է Նիկոլայ Բաղդասարյանին, որ մենք չենք կարող այս բողոքները քննության առնել, մյուսներինը, բացի Նիկոլայ Բաղդասարյանից, իրենք քննության են առնում, որոշում են կայացնում»,- ասաց նա:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղվելով փաստաբանական գործունեությամբ և հանդիսանալով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը, առանց նույն գործով տուժողի մոր համաձայնության ապօրինի հավաքել և լրատվության միջոցով տարածել Է վերջինիս վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ, այն Է` ապօրինի ձեռք բերելով աղջկա հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկված և որպես անձնական գաղտնիք դատարանի կողմից չհրապարակված գրության պատճենը` 2013 թ. սեպտեմբերի 18-ին «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «իմ արյունը չի վաճառվում» հաղորդման նկարահանման ժամանակ հաղորդավարի, հաղորդմանը հրավիրված հյուրերի և հանդիսատեսի ներկայությամբ, առանց համաձայնության, տարածել Է նշված գրության բովանդակությունը` հրապարակելով, որ այդ անձը տառապում Է հոգեկան հիվանդությամբ և նրա ցուցմունքը չէր կարող իրավական ուժ ունենալ: