Արթուր Բաղդասարյանը՝ outsider-ի կարգավիճակում

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) արդեն նախկին քարտուղար, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ԱԱԽ քարտուղարի պաշտոնն օգտագործելով՝ որոշակի հարաբերություններ հաստատեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Նա 2014թ. մասնակցելով ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներին՝ կոմիտեում առաջ քաշեց Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի ստեղծման գաղափարը, որը, պարզ է, հայկական կողմից առաջ քաշվեց, և հավանության արժանացավ Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի գործունեության գաղափարը: Ավելին, հավանության արժանացավ նաև առաջարկը, ըստ որի՝ Արթուր Բաղդասարյանը կնշանակվի որպես Ակադեմիայի՝ ՀԱՊԿ զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատության նախագահ: Հիշեցնենք նաև, որ ԱԽ քարտուղարներն իրենց պատրաստակամությունն էին հայտնել աջակցելու Ակադեմիայի գործունեությանը, որի մեկնարկը նախատեսվում էր դեռևս 2014թ. սեպտեմբերին:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի գրասենյակն ուրախությամբ հայտարարեց ի լուր բոլորի՝ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի ղեկավար: Այսինքն՝ նույնիսկ կարևոր չէր, թե առհասարակ այդ կոմիտեի հանդիպումների ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, կարևորն այն էր, որ Արթուր Բաղդասարյանն այնքան մոտ է ռուսական քաղաքական էլիտային՝ ի դեմս ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, որ Ռուսաստանը նրան է վստահել կարևորագույն այդ պաշտոնը:

Այդպիսով, Արթուր Բաղդասարյանը բոլորին ցանկացավ ցույց տալ, որ ինքն այլևս վայելում է ՌԴ նախագահ Պուտինի վստահությունը, և արդեն ժամանակն է «նախագահի թեկնածու» նախագիծը կրկին կյանքի կոչելու:

Բնականաբար, այս ամենը չէր խրախուսվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց Երկիրը» իր ակնհայտ և հրապարակային դժգոհությունը հայտնեց Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու կապակցությամբ: ՕԵԿ անդամները չէին էլ թաքցնում, որ իրենց ցանկալի թեկնածուն այդ պաշտոնում միայն և միայն Արթուր Բաղդասարյանն է, ուրիշ ոչ ոք: Սկսեցին լուրեր ջրջանառել՝ Արթուր Բաղդասարյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու մասին: Սերժ Սարգսյանն այդ նույն օրերին, երբ քննարկվում էր ՀՀ վարչապետի հավանական թեկնածուների հարցը, առանձնազրույց ունեցավ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, սակայն վերջինիս թեկնածության հարցն ընդհանրապես չքննարկվեց այդ պաշտոնի համար: Ավելին, Սերժ Սարգսյանը նույնիսկ հարկ չհամարեց Ա. Բաղդասարյանին հետ համոզել իր այդ որոշումից:

2014թ. ապրիլի 25-ին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ՝ ապրիլի 16-ին կայացած քաղխորհրդի նիստում, ՕԵԿ-ը դադարեցրել էր իր մասնակցությունն իշխող կոալիցիային:

Ա. Բաղդասարյանը թիմակիցներին իր այդ որոշումը բացատրում էր ավելի նոր ու լավ հեռանկարով, Ռուսաստանի կողմից աննախադեպ վստահությամբ իր անձի հանդեպ, Նիկոլայ Պատրուշևի և Նիկոլայ Բորդյուժայի հետ շատ մտերիմ փոխհարաբերություններով, ինչը, ըստ նրա, նշանակում է առաջին հերթին՝ Վլադիմիր Պուտինի անվերապահ վստահություն Արթուր Բաղդասարյան գործչի հանդեպ: Նրա թիմակիցները վստահ էին և նեղ շրջանակներում հայտարարում էին՝ գնում են, որ ավելի թափով վերադառնան:

Այդ ընթացքում իշխանությունները ՀԱՊԿ Ակադեմիայի շենքի կառուցման համար տարածք հատկացրեցին՝ Երևանում Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի նախկին տարածքում, որտեղ սկսվեցին շինարարական որաշ աշխատանքներ: Եվ, չնայած այն հանգամանքին, որ հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող փորձագետներն ահազանգում էին, որ կառուցապատումը կատարվում է՝ ի հաշիվ պատմամշակութային արժեք համարվող դպրոցի շենքի, շինարարական աշխատանքները չդադարեցին: Ըստ որոշ աղբյուրների՝ շինարարական աշխատանքների մի մասի ֆինանսավորումը պետք է իրականացվեր Ռուսաստանի կողմից, մյուս մասը՝ անձամբ Արթուր Բաղդասարյանի. նա խոստացել էր իր միջոցներով մասնակցություն ունենալ: Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ շինարարությունը դադարեցված էր և շինարարական որևէ աշխատանք չէր կատարվում:

Այդ ընթացքում ՕԵԿ նախագահը հասկացավ, որ բացի Բորդյուժայի և Պատրուշևի վստահությունից՝ երկրի նախագահ դառնալու համար, առաջին հերթին, հարկավոր է ժողովրդի և քաղաքական ուժերի՝ գործընկերների վստահությունը, որը չունի ո՛չ կուսակցությունը, ո՛չ կուսակցության ղեկավարը: Ի՞նչ անել: Հայաստանում գրանցված գործող ու չգործող բոլորր տեսակի հասարակական կազմակերպություններին (հ/կ) և մարդ-կուսակցություններին միավորելով՝ գրանցեցին «Հայկական վերածնունդ» անունով կուսակցությունը: Լրագրողների այն հարցին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորի անդամ հ/կ-ներն ու կուսակցություններն իրականում գոյություն չունեն, «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանել էր, թե դրանք ընդամենը քաղաքական նախանձի և բամբասանքի հետևանք են: Իսկ այն հարցին, թե Գյումրիում հայտարարություն է հնչել, որ ՕԵԿ-ը ոչ թե իր անունով է մասնակցելու 2017-ի ԱԺ ընտրություններին, այլ «Հայկական վերածնունդի» անունով, ինչը նշանակում է նաև, որ ՕԵԿ-ը լուծարվում է, Բիշարյանն արձագանքել էր. «Դեռևս նման մոտեցման մասին վաղ է խոսելը, ՕԵԿ-ը չի լուծարվելու, մնալու է՝ որպես կուսակցություն, բայց մենք դեռ չենք քննարկել, թե ինչ ձևաչափով պետք է մասնակցենք առաջիկա ընտրություններին: Այն, որ «Հայկական վերածնունդը» պետք է քաղաքական միավոր դառնա, միանշանակ է, իսկ ընտրությունների մասնակցության ձևաչափը դեռ քննարկման առարկա է «Հայկական վերածնունդում»:

Ինչևէ: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀԱԿՊ Ակադեմիան չի բացվելու, ստեղծման աշխատանքները կասեցվել են: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «2013 թվականին ՀԱՊԿ քարտուղարությունը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հետ համատեղ, ծրագիր էր մշակել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման համար, որտեղ պետք է պատրաստվեին ՀԱՊԿ անվտանգության ստորաբաժանումների կառույցների համար մասնագետներ: Այդ նպատակով գրանցվել էր «ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամ» ոչ կոմերցիոն կազմակերպությունը»,- նշել է Բորդյուժան:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին կողմ էր եղել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, ՀՀ կառավարությունը Երևանում տարածք էր տրամադրել: «Դրա հետ միասին, ոչ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրներն են աջակցել ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին: Բացի այդ, խնդիրներ են առաջացել՝ կապված նախագծի ֆինանսավորման հետ: Դրա հետ կապված՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության ղեկավարության համաձայնությամբ՝ ՀԱՊԿ-ն կասեցնում է աշխատանքներն այդ նախագծի վրա»,- հայտարարել է Բորդյուժան՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման բոլոր աշխատանքները դադարեցված են:

Ի՞նչ է անելու Արթուր Բաղդասարյանը, ի՞նչ եղան Բորդյուժայի, Պատրուշևի և, առաջին հերթին՝ Պուտինի անվերապահ վստահությունը: Ամեն դեպքում, ՕԵԿ-ի կողմից այնպես էր ներկայացվում, ասես Ռուսաստանը հատուկ իր կադրի համար պաշտոն է ստեղծում: Այնպիսի պաշտոն, որն Ա. Բաղդասարյանը գերադասեց ՀՀ Անվտանգության խորհրդի նման կառույցի ղեկավարի պաշտոնից: Արդյունքում, նա մնաց խաղից դուրս՝ և ՀՀ իշխանությունների կողմից լքված ու դեն նետված լինելով, և, առավել ևս, չունենալով հայ հասարակության և քաղաքական ուժերի վստահությունը՝ որպես գործընկերոջ: Ռուսաստանի պատասխանն Արթուր Բաղդասարյանին առավել լակոնիկ էր՝ շենքը կառուցելու և Ակադեմիայի գործունեությունն ապահովելու համար փող չկա:

Տեսանյութեր

Լրահոս