«Գևորգյան ճեմարանի ուսանողն ավելի զուսպ է, կիրթ և որպես կանոն` գրական է խոսում»
Qahana.am-ը զրուցել է լեզվաբան, Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում հայոց լեզվի դասախոս Դավիթ Գյուրջինյանի հետ
– Պարոն Գյուրջինյան, դասավանդում եք ճեմարանում: Տարածվածկարծիք կա, որ ճեմարանական կրթությունը շահեկան տարբերվում էայլ բուհերի բարձրագույն կրթությունից: Քանի որ դասավանդում եքնաև այլ բուհում, ասացեք խնդրեմ, իրականում ուսանողների միջևտարբերություն կա՞: Որտեղի՞ ուսանողներն են ավելի շնորհակալ ևսիրով հաճախում և լավ յուրացնում դասերը:
– Կրթական հաստատությունների մթնոլորտների տարբերություն կա: Ճեմարանը գիշերօթիկ հաստատություն է: Այստեղ պիտի սովորես, թիվ մեկ նպատակը գիտելիք ձեռք բերելն է: Դա անշուշտ կա նաև աշխարհիկ բուհերում: Սակայն կրթվելու, բարոյապես աճելու և կատարելագործվելու, փորձառություն ստանալու և հղկվելու խնդիր համալսարաններն իրենց առջև այդպես հստակորեն չեն դնում, որքան ճեմարանը: Ճեմարանում իմ պարտքն եմ համարում գիտելիքից բացի նաև բարոյական արժեքներ փոխանցել և նպաստել մարդու կատարելագործմանը, որ ճեմարանավարտը լինի հայրենիքի նվիրյալ, հայ առաքելական եկեղեցու պաշտպան և օրինակելի քաղաքացի: Անշուշտ, նաև ջերմ հայրենասեր: Համեմատեք ու տեսեք, օրինակ, թե ինչպես են խոսում ճեմարանի և այլ բուհերի ուսանողները: Դրանք էապես տարբերվում են իրարից: Ճեմարանում պահանջ է` գրական հայերենին հետևել ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքում: Անընդհատ հետևում եմ, որ մեր սաների խոսքը լինի ճիշտ, տեղին, զերծ գռեհկաբանությունից, օտարաբանությունից, բարբառից, անկանոն ձևերից:
Մյուս տարբերությունն ընթերցանության նկատմամբ վերաբերմունքն է: Ճեմարանականներն անդադար ընթերցում են: Ճեմարանում ուսումնական ծրագրերի թելադրանքով սաներն ընթերցում են հայ գրականությունն իր ամբողջ ճոխությամբ, համաշխարհային գրականության նշանակալի նմուշները և հոգևոր գրականություն: Լավ ընթերցողները կարդում են նաև ոչ ծրագրային գրքեր, և դա խրախուսելի է:
– Ասացիք, որ դասախոսները, ճեմարանի ղեկավարությունը պահանջում են անդադար ընթերցել, կատարելագործվել: Արդյո՞ք ճեմարանականները սիրով են դա անում, թե՞ պարտադրված են:
– Անշուշտ, լինում են ուսանողներ, որոնք չեն հարմարվում խստությանը, պահանջկոտությանը, կարգապահությանը: Ես կողմ եմ երկաթյա կարգ ու կանոնին: Նրանք, ովքեր չեն դիմանում ուսումնական ծանրաբեռնվածությանը և կարգապահությանը, կամ ինքնակամ են լքում ճեմարանը, կամ իրենց ասում են, որ հույս չեն ներշնչում` շարունակելու ուսումնառությունը: Կարող են ընդունվել, օրինակ, 15-ը, սակայն ավարտել ընդամենը 9-ը:
Եվ վեցամյա ուսումնառությունից հետո ունենում ենք խելացի և կիրթ շրջանավարտ հոգևորականներ, որոնք, սակայն, պիտի շարունակեն մշտապես ինքնակրթվել: Ինքնուրույն քայլեր անելու արվեստին տիրապետելը շատ կարևոր է: Նրանք պետք է ջանան վերացնել սեփական թերությունները, ընթանալ ժամանակի պահանջներին համընթաց` շարունակ լրացնելով գիտելիքների պաշարը: Այլապես տխուր պատկեր կունենանք:
– Ուսանողներն արդյո՞ք չեն ընդվզում, թե այսօր գիտելիքը չի գնահատվում, և հաջողության են հասնում չկրթված մարդիկ:
– Երբ այդ մասին խոսք է լինում, բացատրում եմ, որ հազարամյակների կտրվածքով, մեր երկրի պատմության ներկա շրջանը մի ակնթարթ է: Պետք չէ մտածել, թե ընտիր հայերենը պետք է գանձատուփում լինի: Հայերենն ընտիր, գեղեցիկ և փայլուն է, երբ մեր գրչից է դուրս գալիս կամ մեր շուրթերից է հնչում: Ուսանողներս ընդվզեն- չընդվզեն, ես իրենց խոսքն անընդհատ ընդհատում եմ և ուղղում: Նրանք անգամ տարիներ անց հիշում են և պատմում, թե կոնկրետ որ սխալի համար, ինչ օրինակներով եմ իրենց սովորեցրել:
Անձնական օրինակ էլ եմ իրենց տալիս, թե ինչպես գրեթե ամենուրեք կարելի է գրական մաքուր հայերենով խոսել: Իրենք էլ պիտի ստեղծեն իրենց միջավայրը՝ գրական հայերենի գործածության իրենց միջավայրը: Ակնհայտ է, որ լեզվական վիճակը քիչ-քիչ բարելավվում է, գոնե ինձ ծանոթ միջավայրերում:
– «Խոսքարվեստի դասագիրք» եք հեղինակել: Ապագա հոգևորականներըորքանո՞վ են անկաշկանդ հաղորդակցվում:
– Նրանք անապատում չեն և հաղորդակցվելու լայն հնարավորություններ ունեն: Ճեմարանը Էջմիածնում է գտնվում, որը հայոց հոգևոր կենտրոնն է: Աշխարհի տարբեր երկրներից ուխտավորներ և զբոսաշրջիկներ են գալիս, մեր ուսանողները տեսնում նրանց, երբեմն էլ` հաղորդակցվում: Նրանք հաճախ հանդիպում են իրենց հասակակիցների հետ, այլ համալսարանների ուսանողների հետ: Մեր ուսանողները տարբեր հաստատություններում գիտաժողովների և քննարկումների են մասնակցում: Վերջապես իրենց հարազատ, ընտանեկան միջավայրն ունեն: Նրանք ամենևին էլ մեկուսացած չեն: Սակայն, այո, նրանց պահվածքի մեջ ուրիշների համեմատությամբ որոշակի տարբերություն կա: Ճեմարանական ուսանողն ավելի զուսպ է, ավելի կիրթ և գրական է խոսում: Նրանց` իմ սաներին, միշտ ասում եմ, որ իրենց արտաբերած առաջին իսկ նախադասությունից մարդիկ պիտի զգան, որ խոսողը ճեմարանական է:
Մենք փորձում ենք պահպանել ավանդույթները. հայտնի փաստ է, որ 19-րդ դարի վերջի և 20-րդի առաջին կեսի լավագույն գրողներից, գիտնականներից, մշակութային գործիչներից շատերը ճեմարանական են եղել (սան կամ ուսուցիչ): Էլ չենք խոսում հոգևորականների մասին: Ի դեպ, հրատարակվել է «Նշանավոր ճեմարանականներ» երկհատորյակը, որտեղ նրանց միայն մի մասն է ներկայացված:
– Նկատե՞լ եք, որ ուսանողներն անտարբեր են դարձել ուսման, նոր գիտելիք ձեռք բերելու հանդեպ: Ինչո՞ւ է այդպես:
– Նկատելի է, ցավոք, որ համալսարաններ ընդունվածներից շատերը գիտելիքների նվազ պաշար ունեն, միաժամանակ անտարբեր են ուսման նկատմամբ: Շատերն ընդունվում են, բայց ջանադիր սովորել չեն ուզում: Ուսանողների մի մասը չի կարողանում պատճառաբանել իր ուսումնառությունը համալսարանում: Այս ցավալի իրողության բազմաթիվ պատճառներ կարելի է նշել: Մեկն այն է, որ այդ նույն ուսանողը տեսնում է, որ մեր երկրում հազարավորները բարձրագույն կրթության դիպլոմ ունեն, սակայն աշխատանք չունեն կամ էլ աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ: Ուսանողները տեսնում են նաև, թե որքան ապաշնորհներ են կարևոր դիրքեր զբաղեցնում, բարեկեցիկ ապրում են և ազդեցիկ են, բազում լծակներ ունեն: Սա ընդհանուր ցավ է և խիստ մտահոգիչ է:
Նույնքան տխուր է վիճակն ավագ դպրոցում է. աշակերտները հաճախ միայն 2-3 առարկա են սովորում: Այդ պատճառով էլ համալսարան ոտք դրածների ընդհանուր զարգացումը չափազանց սահմանափակ է, և երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս կամ ուսանողը հանրակրթական դպրոց երևի չի էլ հաճախել, առավել ևս`ավարտել:
– Նոր Կտակարանի խմբագրակազմում եք ընդգրկված: Մի՞թե Ավետարանը խմբագրման կարիք ունի:
– 2001 թվականին` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տարում, հրատարակվեց Նոր Կտակարանը, այնուհետև՝ Սաղմոսները (արևմտահայերենի թարգմանել էր Զարեհ արք. Ազնավորյանը, ես արևելահայերենի վերածողն եմ եղել, այդ հրատարակությունների պատասխանատու խմբագիրը): Հիմա այդ Նոր Կտակարանը և Սաղմոսները ավելի հաճախ մեկ գրքով են տպագրվում: Սրանք ոչ բառացի, այլ նոր` իմաստային թարգմանություններ են, լեզվի տեսանկյունից ավելի պարզ են, մատչելի, մոտ այսօրվա հայերենին:
Դուք երևի նկատի ունեք 1994 թվականին Սուրբ Էջմիածնի և Հայաստանի աստվածաշնչային ընկերության հրատարակած Աստվածաշնչի վերախմբագրման և նորովի թարգմանության աշխատանքները, որ իրականացրել են մի խումբ հոգևորականներ: Վերջին տարիներին մասնակցել եմ այդ աշխատանքին` իբրև լեզվաոճական խմբագիր:
Առհասարակ 20- 25 տարին մեկ տարբեր լեզուներով լույս տեսնող Աստվածաշունչը վերանայվում է, քանի որ թարգմանական ճշտումների և ճշգրտումների կարիք է լինում, լեզուն և մտածողությունն են փոխվում և այլն: Այդ պատճառով էլ պարբերաբար կամ նոր թարգմանություններ են արվում, կամ խմբագրումներ իրականացվում: Դա բնական գործընթաց է: Նպատակը արդի լեզվով ավելի լավ թարգմանված Աստվածաշունչ ունենալն է:
Զրուցեց՝ Էլիզա Մանուկյանը