«Եթե մի քանի տարի այսպես շարունակենք, հաստատ կկորցնենք Հայաստանի անկախությունը»
Մեր զրուցակիցն է տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը
– Պարոն Սանդոյան, արտաքին աշխարհի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում։ Հրաժարվելով Արևմուտքից, փաստորեն, գնում ենք դեպի Արևելք, այդ թվում` Չինաստանի հետ համագործակցության խորացման փորձեր են արվում։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս ուղղությամբ։
– Եթե կարճ ասեմ` ոչ մի հեռանկար չեմ տեսնում այդ ուղղությամբ, մասնավորապես, Չինաստանի, որովհետև նախ` Չինաստանին առաջարկելու ոչինչ չունենք։ Որքան էլ որ մեզ թվում է, թե ունենք, ես չեմ հավատում նման հաջողությունների, որովհետև Չինաստանում մենք ո՛չ կոնյակ ենք կարողանալու վաճառել, ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք, ո՛չ էլ այն, ինչ կարող ենք արտադրել այսօրվա տնտեսության պայմաններում։ Ինչ վերաբերում է ավելի հիմնարար գնահատականին, ես պետք է ասեմ, որ ժամանակակից տնտեսագիտությունը, ամփոփելով անցած 250-300 տարիների հաջողված և անհաջող փորձը, շատ նորույթներ է առաջարկում։
Նորվեգացի պրոֆեսոր, հակագլոբալիստ Էրիկ Ռայներտը հիմնավորել է, որ այն երկրները, որոնք ընտրել են Մարշալի պլանը, համեմատական առավելություններ ունեն։ Մորգենթաուի ծրագիրն ուղղված էր Գերմանիայի քայքայմանը, իսկ Մարշալի պլանը փրկեց Եվրոպան ու Ճապոնիան և հակասության մեջ է դասական և նեոդասական տնտեսագիտության մոտեցումների հետ, որոնք զարգացել են Դավիթ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի դպրոցների ներքո։ Հետագայում զարգացան նեոդասականությունը, քեյնսականությունը, մոնետարիզմը, ինստիտուցիոնալ տնտեսագիտությունը և այլն, ու բոլոր ժամանակակից տեսություններն այդ հենքի վրա են զարգացել, այսպես կոչված` համեմատական առավելությունների տեսության հիման վրա, ինչը ենթադրում է, որ մասնագիտանալով այս կամ այն ոլորտում, բաց շուկայի ռեժիմի ներքո, ի վերջո, ամենուրեք մարդկանց եկամուտները հավասարվում են։ Այս տեսությունները ներկայիս մեծ աշխարհում չեն «աշխատում», իսկ Մարշալի ծրագրից տարբերվում են նրանով, որ չեն հենվում նոր հավելյալ արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների և աշխատանքի բարձր արտադրողականության նպատակի վրա։
Սա է պատճառը, որ Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և այլ շատ երկրներ ոչ միայն` չզարգացան կամ չվերականգնեցին իրենց արդյունաբերական ներուժը, չապահովեցին բնակչության բարձր կենսամակարդակ, այլ նաև շարունակում են հետ մնալ մեծ մրցակցության դաշտում։ Ես կարծում եմ, որ, եթե մենք ևս մի քանի տարի շարունակենք այսպես, հաստատ կկորցնենք Հայաստանի անկախությունը։ Եվ սա բոլորովին վերացական գնահատական չէ, այլ հիմնված է մեր ներկայիս տնտեսական ցուցանիշների վրա։ Մեր գլխավոր հիմնախնդիրները հետևյալն են`
1) ՀԲ և ԱՄՀ «օգնությամբ» և հորդորներով մեզ հաջողվեց վերացնել մեր արդյունաբերական ներուժը (վերջինը «Նաիրիտն» էր) և չունենալ նորը։
2) Շարունակելով այդ չոր մոնետար քաղաքականությունը, որի ջատագովներից է ԿԲ-ն, մենք շարունակում ենք լինել անմրցունակ։ Արտահանմանը միտված գյուղատնտեսությունը և դրա վերամշակման ճյուղերը զարգացնելով` մենք ապագա չենք ունենա։ Աշխարհի փորձը սա բազմիցս ապացուցել է։ Մեր տնտեսության մրցունակությունն օրեցօր կզիջի, և մի օր կհասնենք Մոնղոլիային, որը մինչև 90-ականները միջին մակարդակի զարգացած պետություն էր, իսկ ներկայումս, բացի անասնապահությունից, այլևս ոչինչ չունի։
3) Ժամանակին Եվրոպայում ընդունված էր ասացվածք` տեսեք` ինչպես են ապրում գյուղացիները, և գաղափար կունենաք տվյալ սոցիումի կենսամակարդակի մասին։ Եթե վատ են ապրում, երկիրը մրցունակ չէ, եթե` լավ, նշանակում է, որ գյուղն ապրում է քաղաքի կողքին և հիմնված է արդյունաբերական համակարգի վրա։ Մենք այս իմաստով վաղուց շեղվել ենք արդյունավետ զարգացման ուղուց և մտել ենք փակուղի։
4) Մեր դրամավարկային, հարկաբյուջետային, տնտեսական մրցակցության պաշտպանության, դատաիրավական և այլ համակարգերի զարգացումն իրականացրել ենք ռազմավարությունից կտրված, այսինքն` չենք որոշել, թե ինչ պետություն ենք ուզում ունենալ 10-20 տարի հետո, և այս հարցում մեզ «օգնել» են հենց ՀԲ-ն ու ԱՄՀ-ն` իրենց ստանդարտ խորհուրդներով, որոնք, իրենց կարծիքով, պետք է աշխատեն թեԲ Բուրկինա Ֆասոյում, թե՛ Պերուում, թե՛ Մոնղոլիայում, թե՛ Չեխիայում, և թե՛ Հայաստանում։
Անցած 24 տարում մենք չկարողացանք կառուցել այն պետությունը, որը մոդելավորվում էր այդ միջազգային կառույցների կողմից, և մենք ինքներս էլ շատ սխալներ ենք գումարել, որովհետև հաճախ նմանակել ենք ինստիտուտները, ոչ թե ձևավորել, այլ իմիտացիա ենք արել, և այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ աչք են փակել, որովհետև շահագրգռված չեն Հայաստանի զարգացմամբ։ Իսկ ստի վրա հիմնված ինստիտուտները, ի վերջո, դառնում են վտանգավոր և անսպասելի վնաս են հասցնում այլ համակարգերում։
«Վաշինգտոնյան կոնսենսուսը», որի իրականացման համար պատասխանատու են ՀԲ-ն ու ԱՄՀ-ն, պետք է համարել ձախողված։ Դրա արդյունքը տեսնում ենք արաբական աշխարհում, Սիրիան, Իրաքը քայքայված են։ Իսկ մեծ աշխարհում տեղի ունեցողն անուղղակիորեն առնչվում է մեզ հետ։ Այսինքն` մենք չպետք է հույս դնենք օտար քեռիների վրա, մենք պետք է շատ բարիդրացիական հարաբերություններ ունենանք և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի, և բոլոր գերտերությունների հետ, և այնպես կառուցենք մեր քաղաքականությունն ու տնտեսությունը, որպեսզի մեր նպատակները հակասության մեջ չհայտնվեն այդ գերխաղացողների հետ։
Միևնույն ժամանակ` մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք ինքներս` հայերով։
– Ուրեմն ինչպե՞ս հասնել զարգացման։
– 24 տարի առաջ ՀՀ-ն շատ ավելի լավ մեկնարկային հնարավորություններ ուներ, քան այժմ։ Մեզ հաջողվեց քայքայել այն հիմքերը, որի վրա կարելի էր կառուցել արդյունաբերություն, ունենալ բարձր հավելյալ արժեք, մրցունակ տնտեսություն և այլն։ Ժամանակին ԱՄՆ-ում ասում էին` մի լսեք անգլիացիների խորհուրդները, այլ ընդօրինակեք անգլիական փորձը։ Այսօր կարելի է ասել` մի՛ լսեք ամերիկացիների խորհուրդները, ընդօրինակեք ԱՄՆ-ի փորձը։ Մինչդեռ ՀՀ-ում դրամավարկային, հարկաբյուջետային, տնտեսական մրցակցության պաշտպանության և այլ ինստիտուտները նպաստում են առավելապես կենտրոնացմանը, գերիշխող դիրքի չարաշահմանը, մոնոպոլիզացիային, մրցակցության վատթարացմանը և միտված չեն ներդրումային միջավայրի բարելավմանը։
– Պաշտոնական վիճակագրությունն այլ բան է ասում։
– Կարող են գրել ցանկացած թիվ, չվիճարկենք, որովհետև ես վերահաշվարկելու համար բազա չունեմ։ Դիտարկենք վերջին տարիներին օտարերկրյա ներդրումների դինամիկան։ Լավագույն տարին 2008-ն էր, երբ օտարերկրյա ներդրումները 1 մլրդ դոլարից ավելի էին, այնուհետև դրանք սկսեցին նվազել, և վերջին 2 տարիներին ունենք 270-280 մլն դոլար ուղղակի ներդրումներ, և միտումն այնպիսին է, որ չեմ կարծում, որ ընթացիկ տարին ավելի լավ ցուցանիշով կամփոփվի։
1995-2014 թթ. աճել ենք տարեկան միջինը 6.7%։ Հետաքրքիր է, որ 2009-2014 թթ. նույնպես ակումուլյատիվ աճել ենք 6.7%, այսինքն` դա 6 տարվա գումարային աճն է։ Սա նշանակում է, որ վերջին 6 տարին մենք գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, և սա այնպիսի դեպրեսիա է, որ չնկատել այլևս չի կարելի։ Եվ այս վտանգն է ինձ դրդում ավելի քննադատ լինել, քան նախկինում էի։ Այս տարիներին Ադրբեջանն աճել է տարեկան միջինում 9.3%, իսկ մենք 6 տարում ընդամենը` 6.7%, այսինքն` տարեկան 1.1%։ Եթե դիտարկենք ՀՆԱ-ն, ապա դոլարային արտահայտությամբ 2008 թ. ՀՆԱ-ի մակարդակին դեռ չենք հասել.
2008-ին ՀՆԱ-ն 11 մլրդ 662 մլն դոլար էր, 2014-ին` 10 մլրդ 882 մլն դոլար։ Նույն կերպ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով չենք հասել 2008 թ. մակարդակին։ Սրանք այնպիսի ցուցանիշներ են, որոնց հետ խաղ անել չի կարելի, սա շատ վտանգավոր է։ Եթե կարող ենք նման պայմաններում մեզ թույլ տալ 6 տարի չզարգանալ, դոփել տեղում և զիջել նույնիսկ 2008 թ. կենսամակարդակին, ինչ թիվ ուզում են` կարող են գրել, սակայն իրական պատկերը սա է։ 2015 թ. հուլիսին տնտեսական ակտիվության աճը 4% է` արտաքին առևտրաշրջանառության 30 % անկման պարագայում, ընդ որում` ներմուծումը նվազել է 38.4%-ով, ինչպես նաև մանրածախ առևտրաշրջանառության, շինարարության ու արդյունաբերության անկման պարագայում։
Ինչի՞ հաշվին է այս տնտեսական աճը` գյուղատնտեսության 16.6% աճի՞, բայց թույլ տվեք չհավատալ, որովհետև, եթե մենք արտադրել ենք ավելի շատ ՀՆԱ, չենք արտահանել, ուրեմն պետք է սպառեինք, բայց առևտրի շրջանառությունը կրճատվել է։ Սա նշանակում է` ակնհայտ կեղծիք կա։ Նվազել է նաև ներմուծումը, ինչը բնակչության համախառն սպառողունակության զգալի կրճատման հետևանք է։ Առնվազն միայն օտարերկրյա տրանսֆերտների հաշվին բնակչության եկամուտները նվազել են այս պահին 500 մլն դոլարով, մինչև տարվա վերջ կկազմի 700 մլն դոլար։ Մնում է 1 տարբերակ` արտադրել ենք, բայց դեռ չենք իրացրել, իսկ դա արդեն աճ չէ։ Փաստն այն է, որ այստեղ կա շատ ավելի վտանգավոր մի երևույթ։
– Ի՞նչ նկատի ունեք։
– Հունվարի 1-ից մենք անդամակցեցինք ԵՏՄ-ին և ճիշտ արեցինք։ Դեռ 2 տարի առաջ, երբ սկսվեցին քննարկումներն անդամակցության շուրջ, ես ասել եմ, որ մրցակցային տեսանկյունից ՀՀ-ի համար դեռևս վտանգավոր է ինտեգրվել եվրոպական կառույցներին, և դա է ապացուցում Հունաստանի օրինակը, որը չկարողացավ դիմակայել ավելի արդյունավետ գերմանական և միջին եվրոպական տնտեսություններին։ ՀՀ-ն շուկան բացեց` ունենալով դեռևս չկայացած համակարգ։ Բոլոր զարգացած երկրներում, օրինակ, գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է պետության կողմից, նույնիսկ` Ռուսաստանում, իսկ ՀՀ-ում սուբսիդիա չենք կարող տալ, քանի որ չունենք այդ կարողությունները։
Մեր խեղճ գյուղացին, բնականաբար, չի կարող մրցակցել սուբսիդավորվող արևմտյան գործընկերների հետ։ Եվ այս պայմաններում բացառիկ շանս էր, որպեսզի այն, ինչ դեռ կարող ենք արտադրել, փորձենք դրա զարգացման ու պետության աջակցության շնորհիվ շուկաներ գրավել ԵՏՄ անդամ երկրներում, որոնք անհամեմատ հասանելի են։
Նոր տնտեսական համակարգում մակրոտնտեսական և ինստիտուցիոնալ գործոնները շատ կարևոր են։
170 մլն բնակչություն ունեցող հսկայական ծավալով շուկա մտնելով, լինելով փոքր տարողունակություն ունեցող տնտեսություն, ՀՀ-ն պետք է հաշվի նստի նրանց հետ և կառուցի արդյունավետ տնտեսություն։ Կարծում եմ` կարելի էր կանխատեսել նավթի համաշխարհային գների անկման և ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը` ռուբլու, հետևաբար` նաև ՀՀ դրամի փոխարժեքի վրա։ ՌԴ-ն այս տարվա փետրվարից սկսեց իրականացնել հրաշալի դրամավարկային քաղաքականություն` գնալով ոչ պոպուլյար ճանապարհով` ռուբլու ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն իրականացնելով։
Դա սկզբնական շրջանում սոցիալական առումով վտանգավոր էր, ՌԴ-ում տեղի ունեցավ զգալի գնաճ։ Արդյունքում` ռուսական ռուբլին ճգնաժամի սկզբից մինչև օրս արժեզրկվել է 83%, իսկ ՀՀ դրամը` ընդամենը 17.5%։ Պարզ է, որ ՀՀ ԿԲ-ն լողացող փոխարժեքի քաղաքականություն չի իրականացնում, խանգարում է դրամին բնականոն շուկայական գործընթաց ձևավորելու համար, իսկ ներքին արտադրողի սակագնային պաշտպանության կամ քվոտաների բացակայության պայմաններում պաշտպանիչ վահանի դերը ստանձնում է բացառապես ՀՀ դրամը։ Տրանսֆերտների, օտարերկրյա ուղղակի ներդրումների և արտահանման նվազման պարագայում` ՀՀ-ում զգալի կրճատվել է արտարժույթի ներհոսքը, հետևաբար` դրամը պետք է արժեզրկվեր, իսկ թե որքանով, պետք է որոշեր շուկան, բայց դրան խոչընդոտում է ԿԲ-ն։
Արդյունքում` ՀՀ-ում արտադրվող ամեն ինչ այլևս մրցունակ չէ ռուսական շուկայում, թանկ է։ ԵՏՄ հանձնաժողովի կայքի տեղեկատվության համաձայն` ՀՀ-ից ՌԴ արտահանումը հունվար-հուլիսի տվյալներով` կազմում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընդամենը 55%-ը, ընդ որում, արտահանումը կրճատվել է մի շարք ավանդական ապրանքատեսակների գծով, որ արտահանվում էին ռուսական շուկա, օրինակ` կոնյակի արտահանումը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 54.3%, գարեջրինը` 1.2%, այսինքն` հայկական գարեջուր այլևս չի վաճառվում Ռուսաստանում, գինու` 43.3%, մրգերի (բացի ծիրանից)` 15.7%, ծիրանի արտահանման ծավալներն աճել են` կազմելով 143.4%, չրի գծով` 11.4%, կոնֆետեղենի ու շոկոլադի գծով` 37.3 և 29.8%։ Այսինքն` մենք այսօր կորցրել ենք ռուսական շուկան, այդ թվում` ավանդական ապրանքատեսակների գծով, մեր ոչ արդյունավետ դրամավարկային քաղաքականության հետևանքով։
Բացի դա, հայտնվել ենք նաև մի այլ ռիսկի դաշտում, երբ ՌԴ-ից են գալիս ապրանքներ և դուրս մղում մեր սեփական արտադրությունը։ Օրինակ` վերջին 25 տարում ՌԴ-ից պաղպաղակ գրեթե չի բերվել ՀՀ, իսկ այս 7 ամսում ռուսական պաղպաղակի ներմուծման ծավալները 9.1 անգամ աճել են, կոնֆետեղենն ու շոկոլադը` 57.7%-ով է ավելացել, ջրեղենը, որ ջրի երկիր ենք, 53.2%-ով, ծխախոտը` 37.2%-ով, և այլն։ Եթե մենք ունենայինք հնարավորություն այս ժամանակահատվածում փոխել շուկաները, օրինակ` Մոզամբիկում իրացնեինք մեր կոնյակները, գինիները, մրգերը և այլն, կարելի էր ռուբլու վարքը մոռանալ։ Ակնհայտ է, որ դրամի փոխարժեքը բաց թողնելու դեպքում կունենանք կտրուկ արժեզրկում և զգալի գնաճ։
Ու եթե ՌԴ-ին հաջողվեց իր մոտ գնաճը զսպել, մենք այդքան չենք հաջողի, և դա ավելի ծանր կարժենա մեզ համար։ Բայց պետք է հասկանանք, որ այլ ելք չունենք։ Ասինքն` մենք պետք է միջոցների աղբյուր որոնեինք ոչ թե` ԿԲ միջազգային պահուստները համալրելու համար, այլ պետք է գտնեինք միջոցներ` արտաքին պարտքի, բյուջեի սեկվեստրի հաշվին, որպեսզի դրանցով փոխհատուցեինք կենսաթոշակների, ընտանեկան նպաստների, այլ սոցիալական ծրագրերի ինդեքսացիան։ Դրանով լրացուցիչ գնողունակությանը կաջակցեինք, որը կնպաստեր տնտեսական աճին, չէինք կորցնի ռուսական շուկան։ Այսինքն` ռուբլու փոխարժեքի նկատմամբ պարիտետային կարգավորում իրականացնելու դեպքում` ԵՏՄ բոլոր առավելություններից կօգտվեինք։ Այժմ խաղողի մթերման շրջանն է, ԿԲ-ն պետք է դոլար գներ` թույլ չտալով դրամի արժևորում, բայց կարծես հաճույք են ստանում դրամի արժևորումից, որ հանկարծ սոցիալական դժգոհություններ չլինեն։ Սա պոպուլիզմ է կոչվում։
– ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ վարչապետների հավաքի ժամանակ առաջարկեց ԵՏՄ շրջանակում առևտուրն իրականացնել ռուբլիով, լրագրողների հետ զրույցում էլ հայտարարեց, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, կարող է այս հարցում էլ ի օգուտ ՀՀ-ի գործել։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՌԴ-ն համաձայնի։
– Կա տնտեսական համագործակցության դաշտ` ԵՏՄ, որի զարգացման միակ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ փոխադարձ առևտուրն ու հաշվարկն իրականացնենք համապատասխան ազգային արժույթներով։ Ներկայումս մենք ՌԴ-ից գազ ենք գնում ԱՄՆ դոլարով, հայ արտադրողները ՌԴ-ից հումք են գնում դոլարով, ինչը ճիշտ չէ։ Պետք է անցնենք նորմալ միասնական առևտրի` բաց շուկայի ստեղծման սկզբունքի կիրառմամբ։ Որպես շրջանառու վճարամիջոց` ավելի մեծ ծավալ կունենա ռուբլին, հետո` ղազախական թենգեն, բելառուսական ռուբլին, հայկական դրամը և ղրղըզական սոմը։
Բայց ամեն մի ազգային արժույթը կձևավորվի շուկայական սկզբունքով` իր պահանջվածության չափով։ Օրինակ` ՀՀ-ն ՌԴ-ից գնում կկատարի ռուբլով, ՌԴ-ն ՀՀ-ին վարկ կտա բացառապես ռուբլով, Ղազախստանից ինչ-որ ապրանքի դիմաց կվճարենք թենգեով, ՀՀ-ից ապրանք ձեռք բերելիս` կվճարեն դրամով, և այլն։ Դրանից հետո պետք է ստեղծել կենտրոնացված միասնական քլիրինգային պալատ, որի գաղափարը, ի դեպ, կար ԽՍՀՄ փլուզումից հետո, բայց չկայացավ, և որը կիրականացնի այս ազգային արժույթների գնանշումը` հաշվարկային նպատակով։ Կարող է տեսանելի ապագայում զարգացումը գնալ SDR-ի սկզբունքով, որը ոչ թե գործող, այլ հաշվարկային արժույթ է։ Եվ դա ԵՏՄ-ի դեպքում ընդունելի է ու փոխադարձ հաշվարկներն ու առևտուրն առավել կանոնավոր կդարձնի։
Սա, իհարկե, առաջին հերթին` ձեռնտու չէ Ռուսաստանին, որը ձգտում է ավելի կայուն արժութային հենքի վրա աշխատել։ Բայց վարչապետը ճիշտ է, և պետք է միության դեպքում մեկը մյուսի շահերով առաջնորդվի։ Ռուբլով առևտրի դեպքում ՌԴ-ն կարող է ֆինանսապես կորցնել, բայց քաղաքական իմաստով իր շահն ունի` ավելի ազդեցիկ լինելու առումով։ Եթե սրա մասին է խոսքը, ողջունում եմ և երկու ձեռքով կողմ եմ վարչապետի առաջարկին։