Բաժիններ՝

«Գիտաժողովի միջոցով ևս մեկ անգամ կներկայացվի հնավայրի պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը»

Հոկտեմբերի 2-3-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Մեծամոր. Կեսդարյա պեղումների տարեգրություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն գիտնականներ ԼՂՀ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Լեհաստանից, Բելառուսից, Թուրքիայից, Իտալիայից: Առաջիկա գիտաժողովի, հուշարձանների պահպանության, այդ ոլորտում արձանագրվող իրավախախտումների ու դրանց լուծման ուղիների մասին զրուցեցինք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հետ:

– Պրն Պողոսյան, ինչո՞ւ հենց Մեծամորին նվիրված գիտաժողով որոշվեց անցկացնել:

– Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախանշված է տարվա ընթացքում 100 միջոցառում անցկացնել, 70-ից ավելին արդեն իրականացվել է: Այս գիտաժողովն էլ նույն համատեքստում է: Ի դեպ, գարնանը մեկ գիտաժողով Տաթևում արդեն անցկացրել ենք` նվիրված Տաթևի վանական համալիրի` որպես ժամանակի ամենահզոր կրթական օջախի գործունեությանը: Մեծամորի գիտաժողովը միջազգային է, այս տարի լրանում է Մեծամոր հնավայրի ուսումնասիրության՝ 50, և արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակները:

Պետք է խոստովանեմ, որ Մեծամորի՝ մեր պատմության ու մշակույթի մեջ ունեցած կարևոր դերակատարությունն ըստ արժանվույն հանրահռչակված չէ: Եվ քանի որ մեր իրավասության շրջանակում է ոչ միայն հուշարձանի պահպանությունը, ուսումնասիրումը, օգտագործումը, այլ նաև հանրահռչակումը՝ ՊՈԱԿ-ը որոշեց գիտաժողովի միջոցով ևս մեկ անգամ ներկայացնել հնավայրի պատմական, մշակութային հարուստ ժառանգությունը: Նախանշվող զեկուցումների թեման ընդգրկուն է` հնագիտական հուշարձաններին հասցված վնասի հատուցման հիմնախնդիրները, հնագիտական ժառանգության վիճակը, և այլն: Անդրադարձ կլինի ինչպես՝ խորհրդային, այնպես էլ` վերջին մի քանի տարիներին իրականացված պեղումներին: Ի դեպ, երրորդ տարին է՝ պեղումներն իրականացվում են հայ-լեհական արշավախմբի կողմից:

Գիտաժողովն իր մասնակցությամբ կպատվի նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: Լեհաստանի հետ մենք համագործակցության լուրջ ծրագիր ունենք: 2013 թ. գործակցության պայմանագիր ենք ստորագրել Վարշավայի հնագիտության ինստիտուտի հետ, և մեր գիտաշխատողներից երեքն արդեն վերապատրաստվել են այնտեղ: Անդրադառնալով «Մեծամոր» արգելոց-թանգարանին, ասեմ, որ վերջերս իրականացվել են թանգարանի շենքի ներքին հարդարման, ցուցափեղկերի վերականգնման ու վերանորոգման աշխատանքներ, և հոկտեմբերի 3-ին համալրված ցուցադրությամբ թանգարանը կներկայանա այցելուներին: Դրանք վերջին տարիներին իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված նոր իրերը, առարկաներն ու գտածոներն են:

– Հուշարձանների ոլորտում արձանագրվող իրավախախտումները քիչ չեն, երբեմն նաև աղաղակող դեպքերի ականատեսն ենք լինում: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

– ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող շուրջ 19 000 հուշարձանի պահպանությունը: Պետք է ասեմ, որ իրավախախտման տարբեր դրսևորումներ են արձանագրվում` գանձագողություն, հուշարձանի վնասում և այլն: Հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների փաստերով ներկայում 18 քրեական գործ կա հարուցված, կան նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Մենք հետամուտ ենք ցանկացած իրավախախտման փաստով խնդրի վերջնական լուծման: Լուրջ դեպքեր ունենք տարբեր մարզերում, օրինակ՝ Արագածոտնի մարզի «Լազարավան քաղաքատեղի» հուշարձանի պահպանական գոտում մասնավոր անձը շինարարական աշխատանքներ է իրականացրել: Խնդիրը մի քանի տարվա պատմություն ունի:

Պատճառված վնասի չափը շուրջ 3 մլն ՀՀ դրամ է, սակայն, 2015 թ. մայիսին նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանը 500 000 դրամի չափով տուգանք է նշանակել իրավախախտում կատարած Հ. Գրիգորյանի նկատմամբ: Վճիռը չի բավարարել մեզ, և բողոք ենք ներկայացրել վերաքննիչ դատարան: Արագածոտնում այլ իրավախախտում էլ ունենք` Բյուրականի Արտավազդիկ եկեղեցու տարածքում բնակիչները, համայնքի ղեկավարի թողտվությամբ, հանգստի տաղավար ջրագիծ են անցկացրել, էլեկտրական սյուն տեղադրել, և այլն: Ոսկեվազ համայնքի Ամրոց Համալիր Ախթամիրի տարածքում գանձագողություն է կատարվել: Վերջին դեպքով քրեական գործի հարուցումը Ոստիկանությունը մերժել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Բողոք ենք ներկայացրել Դատախազություն:

Լոռու մարզի Վանաձորի Բերդշեն բնակատեղի Թագավորանիստ հուշարձանի տարածքում տեղադրվել է վեց մետր բարձրությամբ խաչ: Դիմել ենք պատկան մարմիններին՝ պահանջելով ապամոնտաժել ու հուշարձանի պահպանական գոտու տարածքից տեղափոխել այն: Ունենք նաև դատական կարգով ավարտված քրեական գործեր, ինչպես, օրինակ, Գառնու հուշարձանին վնաս հասցրած Մաքսիմ Նիկիտենկոյի գործով դատավճիռը, Գառնի համայնքի ղեկավարի կողմից ոչ իրավաչափ ակտ կայացնելու գործով վճիռը, և այլն:

– Պրն Պողոսյան, մամուլում վերջերս հրապարակում եղավ Կազանում կայացած Վերականգնողների միջազգային երկրորդ համաժողովի մասին: Գիտեմ, որ նաև Դուք եք մասնակցել, ի՞նչ հարցեր են քննարկվել:

– Մասնակիցներ կային ՌԴ-ից, Բելառուսից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Ղազախստանից, Գերմանիայից, Թուրքիայից և այլ երկրներից: Հայաստանից հրավիրված էինք ես և Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Համաժողովի երկու օրերի ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանության ու վերականգնման հայրենական, միջազգային փորձին, վերականգնման գործունեության կարգավորմանը, պատմական կառույցների անվտանգ օգտագործմանը, կադրերի վերապատրաստման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող հարցեր:

Մասնակից երկրների ոլորտի մասնագետների ներգրավմամբ մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության ոլորտում նորմավորման և գիտամեթոդական կարգավորման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկն ամրագրվեց համաժողովի հռչակագրում: Դա նշանակում է, որ մասնագետների խումբը կմշակի ու մասնակից երկրների պատկան մարմիններին կառաջարկի հուշարձանների վերականգնման գործում միևնույն մոտեցումները կիրառել: Հանդիպում ենք ունեցել ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Գրիգորի Փիրումովի հետ: Վերջինս կարևորել է Ռուսաստանի տարածքում գտնվող հայկական ժառանգության փաստավավերագրական նյութերի թվով 86 (նախագծեր, հատակագծեր, կտրվածք և այլն), նաև Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ժառանգությանը վերաբերող թվով 68 փաստաթղթերի փոխանակումը, անդրադարձել վերականգնող վարպետների հետագա վերապատրաստանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Բոստալի նախաձեռնությամբ հանդիպում ենք ունեցել նաև վերջինիս հետ: Քանի որ Թուրքիայի տարածքում հայկական բազմաթիվ հուշարձաններ կան, դեսպանը ցանկություն է հայտնել տեսնել հայ մասնագետներին Թուրքիայում` սեփական առաջարկներով ու խորհուրդներով հայկական հուշարձանների վերականգնման գործընթացում:

Հանդիպում-քննարկում է եղել նաև Թաթարստանի առաջին նախագահ, այժմ՝ այդ երկրի պետական խորհրդական Մինտեմիր Շայմիևի հետ: Վերջինիս հոգածության շնորհիվ այսօր այդ երկրում շարունակվում է հուշարձանների վերականգնման գործընթացը: Հետաքրքիր տեղեկատվություն, որ ստացանք այդ հանդիպման ընթացքում. Թաթարստանի բնակչությունը ներդրումներ է կատարում հուշարձանների վերականգնման համար: Գործող «Վերածնունդ» հանրապետական ֆոնդի ֆինանսական միջոցները գոյանում են նաև շարքային քաղաքացիների ներդրումների հաշվին (շուրջ 32 միլիարդ ռուսական ռուբլի): Ոգևորիչ ու, շատ կուզենայի, վարակիչ օրինակ դառնար նաև մեզ համար, քանի որ մշակութային ժառանգության կրողը, պատասխանատուն և ժառանգորդը ոչ միայն՝ պետությունը, այլև` քաղաքացին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս