«Ո՛չ»-ի ճակատը բերում է հիմնավորումներ, որոնք ճշգրտորեն չեն արտահայտում Հայաստանում տիրող իրավիճակը

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը կարծում է՝ սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված «Ո՛չ»-ի ճակատը բերում է հիմնավորումներ, որոնք ճշգրտորեն չեն արտահայտում Հայաստանում տիրող իրավիճակը:

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում կա. «Հենց այն, որ ասում են, որ Սահմանադրությունը չի աշխատում, նշանակում է, որ Սահմանադրությունը լավը չէ»: Ըստ նրա՝ այլ հարց է, թե Սահմանադրությունն ինչո՞ւ պետք է հիմա փոխվեր, ինչո՞ւ հենց այսպիսի Սահմանադրություն մեզ պետք է հրամցնեին. «Այս առումով, իհարկե, սահմանադրական բարեփոխումներ կոչվածը շատ մեծ հարցեր է առաջացնում»:

Հիշեցնենք, որ օրերս ձևավորվեց  «Ո՛չ»-ի ճակատ սահմանադրական բարեփոխումների գործընթացի դեմ, որի հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով, և չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ, արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են Սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է՝ շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց իշխանությունը, համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում Սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ, նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացումը, հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը»: Հայտարարությանը միացան Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», Հայաստանի ժողովրդական, «Հայազն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները, Ազգային ինքնորոշում միավորումը, «Հիմնադիր խորհրդարանը» և այլ հասարակական-քաղաքական ուժեր ու հ/կ-ներ: Հայտարարությանը միացան նաև «Ո՛չ թալանին», «Դո՛ւրս մեր գրպանից», Թեղուտի պաշտպանության և այլ նախաձեռնություններ:

Ա. Ենոքյանի խոսքով՝ հարցն այն է, որ «Ո՛չ»-ի ճակատը ձևավորած միավորները երկար ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվել, դրա համար, ըստ նրա՝ նրանք նույնպես առանձնապես մեծ հասարակական վստահություն չունեն. «Եվ մեծ հարցական է, թե որքանով նրանք կհաջողեն իրենց գործողություններում: Այդ ուժերը բազմիցս, ելնելով իրենց կուսակցական շահերից, փորձեցին այս կամ այն ուժին հարել, և կորցրեցին իրենց ինքնուրույն դիմագիծը, և կարծում եմ, որ նրանք էապես կորցրել են իրենց վստահությունը հանրության մոտ»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս