Սիրտ-անոթային խնդիրների դեպքում պետպատվերով բուժումը գործում է միայն մեկ դեպքում
Սիրտ-անոթային հիվանդութամբ տառապողների թիվը Հայաստանում հասնում է մինչև կես միլիոնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը՝ նկատելով, որ ամբողջ աշխարհում սիրտ-անոթյաին հիվանդությունների հետևանքով մահացությունը կազմում է ընդհանուր մահացության կեսը: Ըստ նրա՝ սիրտ-անոթային հիվանդությունները հանդիսանում են բնակչության մահացության հիմնական պատճառը:
Սրտաբանի խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդությունները, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, երիտասարդանալու միտում ունի, դրա համար կան մի շարք պատճառներ. «Առաջինը՝ դիմելիության մեծացումն է, եթե 10-15 տարի առաջ բնակչությունը գանգատների դեպքում կարող էր չդիմել, հիմա ավելի հակված են դիմելու բժիշներին, որը պայմանավորված է հնարավորությունների ավելացմամբ և որոշակի չափով առողջապահական մշակույթի բարձրացմամբ: Երկրորդ կարևոր պատճառը՝ 1990-ականների սթրեսային կյանքն է, այն մարդկանց մոտ, որոնք իրենց մանկությունը, պատանեկությունը, հասունացումը ապրել են 1990-ականներին, արդեն 10-20 տարի հետո ավելի հաճախ են արտահայտվում սիրտ-անոթային հիվանդությունները»:
Հարցին՝ այսօր Հայաստանում արդյոք նման հիվանդությունների բուժման և ախտորոշման բոլոր անհրաժեշտ սարքավորումները կա՞ն, ԱՆ գլխավոր սրտաբանը պատասխանեց, որ վերջին 2 տասնամյակի ընթացքում ՀՀ-ում ավելացել են ինչպես սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակակից բուժումներն ու զբաղվող կլինիակների թիվը, այնպես էլ այդ կլինիկաների հագեցվածությունը և բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, և չկա որևէ այնպիսի լուրջ մեթոդ՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական, որոնք բացակայեն ՀՀ-ում, և դրա համար հիվանդը ստիպված լինի դիմել արտերկրյա բժիշկների օգնությանը:
«Արդեն 8 ամիս է գործում է սրտամկանի ինֆարկտի դեպքում սրտի անոթի անվճար ստենդավորման ծրագիրը, և ամփոփելով առաջին 6 ամսվա տվյալները՝ պետք է արձանագրենք, որ ինֆարկտի մահացությունը զգալիորեն նվազել է: Սա լուրջ քայլ էր պետական մակադակով՝ նվազեցնելու սրտամկանի ինֆարկտի մահացությունը մեր երկրում»,- հայտնեց ԱՆ գլխավոր սրտաբանը:
Հարցին էլ՝ եթե չկա ինֆարկտ և անոթը խցանված է ու մարդն ունի ստենդավորման կարիք, այդ դեպքում պետպատվերը չի՞ գործում, Հ. Հայրապետյանը պատասխանեց, որ չի գործում. «Դուք ուզում եք ասել, որ տրամաբանական է, որ կանխենք այդ ինֆարկտը: Այո, տրամաբանական է և ճիշտ է, բայց մեկ տարի առաջ այդ պետպատվերն էլ չկար, և ոչ ոք չէր ասում, թե ինչու ինֆարկտը պետպատվերով չէ, սա հսկայական քայլ է, եկեք տեսնենք այդ քայլի մեծությունը, լրջությունը»: