Ինչո՞ւ են սրվում սիրտ-անոթային խնդիրները շոգ եղանակներին. Պարզաբանում է ԱՆ գլխավոր սրտաբանը

Շոգը աննախադեպ է այս ամառ, և այն հանդիսանում է լուրջ սթրես օրգանիզմի համար: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Խոսելով այն մասին, թե ինչու են հիմնականում ամռանը սրվում սիրտ-անոթային հիվանդությունները՝ նա նկատեց, որ շոգը հանդիսանում է սթրես սիրտ-անոթային համակարգի համար:

Նրա խոսքով՝  այս սեզոնին շատանում են ինչպես հիպերտոնիկ, այնպես էլ իշեմիկ հիվանդների  հոսպիտալացումները: «Մարդկային օրգանիզմը հարմարեցված է և ավելի կոմֆորտ է զգում 25-28 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: 30 աստիճանից բարձրի դեպքում օրգանիզմը միացնում է իր հարմարվողական մեխանիզներն՝ ադապտացվելու այդ շոգին: Այդ մեխանիզմների միջոցով  օրգանիզմը հնարավորին չափ կորցնում է ջերմությունը՝ շրջապատին տալով ավելի շատ ջերմություն, որպեսզի պահպանվի օրգանիզմի ներքին կայունությունը»:

Հ. Հայրապետյանը նշեց, որ դա կատարվում է մի շարք միջոցներով: Առաջին հերթին տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսյաին հատվածի արյունամատակարարման ավելացման: Մյուսը՝ մեծանում է  քրտնարտադրությունը. «Այս մեխանիզմների շնորհիվ օրգանիզմը կարողանում է պահել իրեն անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բայց դրանք բոլորն իրենց հետ բերում են որոշակի կողմնակի երևույթներ, որոնք անդրադառնում են մարդու օրգանիզմի այս կամ այն օրգան-համակարգի գործունեության վրա, և առաջին հերթին խոցելի են դառնում սիրտ-անոթային հինվանդությամբ, շաքարային դիաբետով հիվանդ մարդիկ»:

Սրտաբանի խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդութամբ  տառապողների համար հեղուկի մեծ կորստի հաշվին փոքրանում է օրգանզմիում շրջանառավող արյան ծավալը, և արյունը խտանում է, որը տարբեր խցանումների պատճառ կարող է դառնալ՝ մեծանում է տրոմբոզների հավանականությունը օրգանիզմում:

«Ջրի կորստի հետ միասին տեղի է ունենում օրգանիզմին, մասնավորապես, սրտին անհրաժեշտ այնպիսի միկրոէլեմենտների կորուստ, ինչպիսիք են կալիումը և մագնումը: Սրանք աղեր են, որոնք ապահովում են սրտի նորմալ աշխատանքն, ու նրանց դեֆիցիտի պայմաններում կարող են առաջանալ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առիթմիան, սրտի աշխատանքի տարբեր տեսակի խանգարումները՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող»,- ասաց սրտաբանը՝ խորհուրդ տալով սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց այս շոգ եղանակին գտնվել ավելի խիստ հսկողության տակ:

Շոգ եղանակին օրգանիզմի նորմալ կենսաապահովումն ապահովելու համար նա նաև խորհուրդ է տալիս համապատասխան քանակի հեղուկ ընդունել ՝ ամենաքիչը 2-3 լիտր: Նա, սակայն, ասաց, որ այդ ընդունած հեղուկի քանակի չափը պետք է համաձայնեցվի տվյալ հիվանդի բուժող բժշկի հետ:

ԱՆ գլխավոր սրտաբանը նաև նշեց, որ սիրտ-անոթային հիվանդութամբ տառապողների թիվը Հայաստանում հասնում է մինչև կես միլիոնի:

Տեսանյութեր

Լրահոս