«Սկզբից մտածում էինք, թե կենդանի է սատկել, այդպիսի դիակահոտ էր գալիս». նուռնուսցիները բողոքում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ից տարածվող տհաճ հոտից
Կոտայքի մարզի Բյուրեղավան (Նուռնուսի հարակից) համայնքի բնակիչները շարունակում են բողոքել «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտից և հակասանիտարական վիճակից: Նախորդ տարի ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարագրի հիման վրա 21.07-08.08.2014թ. ստուգումներ են անցկացվել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան (Նուռնուսի հարակից) համայնքի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում. «Ստուգումների արդյունքում պարզվել էր, որ ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի պատրաստման աշխատանքները, խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Հոսանքի տատանումներից պարբերաբար առաջանում է գարշահոտության խնդիր, որը լիովին չի չեզոքանում ֆիլտրացիոն համակարգի ոչ լիարժեք աշխատանքի և շինության հերմետիկության բացակայության պատճառով»:
«Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Ս. Դավթյանը, ընդունելով արձանագրված խախտումների փաստը, 20.08.2014թ. ՀՀ ԲՆ-ին ուղղված գրությամբ, հետագա արտանետումները բացառելու նպատակով՝ պարտավորվել էր իրականացնել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, պարտավորվել էր տեղադրել էլեկտրաէներգիայի 4 գեներատոր և էլեկտրաէներգիայի սնուցման երկրորդ գծի թույլտվություն՝ հոսանքի վթարային անջատումներից խուսափելու համար: Ներկրված համապատասխան սարքավորումների միջոցով ուժեղացվելու էին արտադրամասի օդափոխանակությունը և օդի զտումը, ինչի համար կառուցվում էր նոր բիոֆիլտր, ինչպես նաև 20 մետր բարձրությամբ օդահեռացման խողովակ: Աշխատանքներ էին տարվելու նաև արտադրամասի հերմետիկության խնդիրները վերացնելու ուղղությամբ:
Նույն խախտումը հայտնաբերել էր նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը, որը ևս կարգադրագիր էր ուղարկել ՍՊԸ տնօրեն Ս. Դավթյանին, որտեղ նշված էր.
«1. Ապահովել օդափոխանակության անխափան աշխատանքը, տեղադրելով երկրորդ էլեկտրագեներատորը, ժամկետ մեկ ամիս:
2. Ավարտել շինարարական աշխատանքները՝ արտադրամասում ապակեպատել պատուհանները, աշխատողներին ապահովել համապատասխան սանկենցաղուկներով, ժամկետ երկու ամիս:
3. Աշխատողներին ենթարկել նախնական և պարբերական բժշկական զննությունների, ժամկետ 10 օր:
4. Աշխատողներին ապահովել արտահագուստով, անհատական պաշտպանիչ միջոցներով, ժամկետ տասը օր»:
Նշված համայնքի բնակիչ Գագիկ Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ տարի է անցել, բայց տհաճ հոտերը դեռ չեն վերացել: «Անցած տարվանից ահավոր գարշահոտություն է գալիս: Սկզբից մտածում էինք, թե կենդանի է սատկել, այդպիսի դիակահոտ էր գալիս: Հետո հասկացանք, որ այդ հոտը «Առողջ սունկ» ընկերությունից է, քանի որ սնկի կոմպոստ պատրաստելու համար օգտագործում են թռչնաղբ, ու սկսեցինք բողոքել տարբեր ատյաններ, անցկացվեցին ստուգումներ, կազմակերպությունը տուգանվեց, բայց հոտը չվերացավ: Կազմակերպության տնօրենն ասում է, որ աշխատատեղեր է ստեղծել, բայց ջահել բանվորներին 60-80 հազար դրամ տալով՝ սարքում է հիվանդ: Ի դեպ, կազմակերպության հիմնադիրներից մեկը հիմա աշխատում է HSBC բանկում, որքան գիտեմ՝ որպես վարկավորման բաժնի պետ, դրա համար էլ բանկը վարկավորում է նրանց, բայց HSBC բանկի կանոնադրության մեջ կա այսպիսի կետ՝ չֆինանսավորել էկոլոգիական վնաս հասցնող արդյունաբերություն: Մի խոսքով՝ ժողովուրդը չի կարողանում իրենց «դեմն առնել»: Բայց մեր իրավունքն է՝ պահանջել օդի մաքրություն: Մեր պահանջն է, որպեսզի այդ անտանելի տհաճ հոտը վերացվի: Մեկ տարի մեզ խոստումներ տվեցին, թե հոտը կվերանա, և այլն, բայց, քանի որ ոչինչ չփոխվեց, բնակիչները պահանջում են փակել կազմակերպությունը: Արտադրամասի գործունեությունը քաղաքաշինության նորմերին էլ է հակասում»,- պատմեց մեր զրուցակիցը:
«168 Ժամը» դիմեց ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, որտեղ մեզ ասացին, որ առաջիկայում կարձագանքեն:
ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ Առողջապահության նախարարությունը (ԱՆ) մշտական հսկողություն սահմանելու գործառույթ չունի: «Միայն բողոքների դեպքում ենք անցկացնում նմանատիպ ստուգումներ և ամեն տարի ունենում ենք պլանային ստուգումներ: Հիմա եթե բնակիչներն էլի բողոք ունեն, թող գրավոր դիմեն, մենք նորից կանցկացնենք համապատասխան ստուգումներ և վարույթ կհարուցենք: Նախորդ ստուգման ժամանակ համապատասխան կարգադրությունները կատարելու համար ԱՆ-ն կազմակերպությանը տվել էր 4 ամիս ժամանակ, որից հետո անցկացված ստուգումների ժամանակ այդ ամենը կատարված էր: Դրանից հետո ստուգումներ անցկացնելու իրավունք չունենք, եթե գրավոր բողոք չենք ստացել»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթյանը:
Իսկ ՀՀ Բնապահպանության նախարարությունից ասացին, որ վերջին ստուգումների ժամանակ գործարանը չէր գործում, բայց քանի որ բնակիչները նորից բողոքում են, Բնապահպանության նախարարությունը հետևողական կլինի ու տարբեր օրերի և տարբեր ժամերի կազմակերպությունում ստուգումներ կանցկացնի, քանի որ հնարավոր է, որ այդ արտադրամասը գիշերային ժամերին է աշխատում:
Բնակիչ Գագիկ Հովակիմյանը մեզ տեղեկացրեց, որ կազմակերպությունն իրոք հիմնականում գործում է գիշերային ժամերին, օրեր են լինում, որ հոտ ընդհանրապես չի գալիս, քանի որ նախապես տեղյակ են լինում ստուգումների մասին: «Շաբաթ-կիրակի օրերին ևս հոտը քչանում է, բայց տարբեր օրերի և տարբեր ժամերի պարզապես խեղդվում ենք: Հուսով ենք, որ այս հարցին վերջապես լուծում կտրվի»,- ասաց նա:
Լուսանկարը՝ hetq.am-ի