Ինչո՞ւ Իսլամական պետությունը կհասնի Հարավային Կովկաս, բայց ոչ՝ Հայաստան

168.am-ի զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը:

– Պարոն Չետերյան, ներկայումս խոսելով միջազգային անվտանգության մասին, բոլոր փորձագետները, քաղաքական գործիչները, դիվանագետներն անդրադառնում են Մերձավոր Արևելքում Իսլամական պետություն կազմակերպության, Ալ Նուսրա ճակատի բարձրացրած խառնաշփոթին` փորձելով գտնել այլ երկրներ այդ չարիքի ներթափանցումը կանխելու ուղիներ: Տեսակետ կա, որ Հայաստանն ուղիղ սպառնալիքի տակ է, տեսակետ էլ կա, որ ոչ: Ի՞նչ զարգացումների պետք է պատրաստ լինի Հայաստանը:

– Իրականում չգիտեմ, թե ինչ հիմքերի վրա են կառուցվում վերլուծություններն այն մասին, որ Հայաստանն Իսլամական պետություն կառույցի թիրախում է: Իսլամական պետությունը հզոր թշնամիներ ու խնդիրներ ունի, բայց իր էկրանի վրա, դիտանկյունում Հայաստանը գոյություն չունի: Չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ կան մտավախություններ այն առնչությամբ, թե Հայաստանը կարող է թիրախ դառնալ Իսլամական պետության համար: Իսլամական պետությունը մեծ լծակներ չունի Հայաստանին լուրջ վնասներ հասցնելու համար, առավելագույն դեպքում կարող է ահաբեկչական գործողությունների դիմել, ինչի իմաստը ևս ինձ համար հստակ չէ: Իսլամական պետության օպերատիվ ոճն իսլամական հարավային շրջանների կործանված պետությունների տարածքները վերցնելն է և այդ հողի վրա աճելը, իսկ Հայաստանը ոչ իսլամական հող է:

Սակայն Անդրկովկասում ես լուրջ վտանգներ եմ տեսնում հիմնականում Ադրբեջանի համար, քանի որ բավականին լուրջ թվով ադրբեջանցիներ միացել են թե Իսլամական պետություն կազմակերպությանը, և թե Ալ Նուսրա ճակատին, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ հետագայում կարող են իրենցից վտանգ ներկայացնել Ալիևի վարչակարգի համար: Նվազ, բայց վտանգ կարելի է կանխատեսել Վրաստանի ուղղությամբ ևս, քանի որ, ինչպես գիտեք, Իսլամական պետության առանցքային հրամանատարներից մեկը Վրաստանում ծնված և մեծացած էթնիկ չեչեն է, սա էլ է կապ, այս շրջանակներում կա ազդեցություն, բայց Հայաստանի հանդեպ չեմ տեսնում լուրջ վտանգ:

– Այսինքն` քանի որ Հայաստանում էական չէ իսլամական գործոնը, Հայաստանը պակաս խոցելի է:

– Ոչ միայն այդ պատճառով, այլ իրենց աշխարհայացքում Հայաստանը գոյություն չունի: Ինչո՞ւ Հայաստանի հանդեպ պետք է ագրեսիվ կեցվածք ընդունեն, երբ իրենք Հայաստանի հետ հարց չունեն, իրենք հարց ունեն մի շարք պետությունների հետ, բայց Հայաստանի հանդեպ չունեն, քանի որ Հայաստանում չկա սուննի, արաբ կամ ընդհանրապես սուննի բնակչություն, այսինքն` ներկայություն չկա, այնպես որ, մեկնաբանությունների հիմքը ես չեմ տեսնում:

– Ամենապարզ հիմնավորումն այն քարտեզն էր, որը շրջանառության մեջ էր հայտնվել՝ որպես Իսլամական պետության հավակնությունների քարտեզ, որում իր տեղն ուներ նաև Հայաստանը: Սա էր, վստահաբար, առաջին մտահոգություններից մեկը և Իսլամական պետության ագրեսիվ գործողությունները:

– Իրականում Իսլամական պետության մի քանի քարտեզներ կան, առաջինը, որ հրապարակվեց, շատ սահմանափակ էր, միայն Միջին Արևելքն էր ներառում, սակայն տեսա այլ քարտեզներ, որոնցում ընդգրկված էր աշխարհի կեսը, այսինքն` դա ամենևին էլ հիմք չէ: Չգիտեմ` որքան լուրջ կարելի է վերաբերվել քարտեզներին:

– Պարոն Չետերյան, այս ամենի հետևանքով Հալեպում մնացած հայերի իրավիճակը փակուղային է: Ո՞րն է նրանց ելքը:

– ՀՀ-ն շատ է ուշացել այս հարցում, պետք էր միջոցներ հայթայթել այն ընտանիքների համար, որոնք Հալեպում իրենց վտանգված էին զգում և ցանկանում էին վերադառնալ հայրենիք: Իսկ այդ գործողությունը մինչև հիմա տեղի չի ունենում, իսկ Հալեպի հայությունը ժամանակի ընթացքում հայտնվում է էլ ավելի վատ դրության մեջ: Հալեպի կենտրոնը պատերազմի դաշտ է դարձել, հայկական թաղամասերը` ևս, սիրիական բանակի ազդեցության տակ գտնվող տարածքները գրեթե պաշարման մեջ են, կա միայն մեկ ուղղություն դեպի Հոմս, չգիտեմ՝ ինչքա՞ն ժամանակ այն դեռ անվտանգ կլինի, այսինքն` ՀՀ-ն՝ իբրև պետություն, իր պարտականությունները չկատարեց: Իրաքի փորձից հետո պետք է դասեր քաղեինք, պետք փորձ կուտակեինք, բայց ոչինչ չարեցինք, շատ խոսեցինք ու քիչ աշխատեցինք:

– Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններն էապես սահմանափակեցին Թուրքիայի ներկայիս նախագահի և նրա կուսակցության դիրքերը՝ ամրացնելով երկրում քրդական շարժման և ընդդիմադիրների դիրքերը: Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականության վրա:

– Անշուշտ, շատ փոփոխություններ կլինեն, բայց մեկ բան ասեմ, որ կարճաժամկետ ապագայում կարելի է նկատի ունենալ փոփոխության երկու սցենար. կամ Էրդողանը պետք է սկսի դաշնակցել ազգայնական ուժերի հետ և այդ պարագայում իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ պետք է փոխի, բայց կարող է ավելի կարծր քաղաքականություն վարել քրդերի հանդեպ՝ թե՛ Թուրքիայում, և թե՛ Սիրիայում: Շատ ավելի քիչ հավանական է, բայց կարող է դաշնակցություն ստեղծի Թուրքիայում քուրդ ուժերի, հատկապես՝ ԺԴԿ-ի հետ, և այդ պարագայում Սիրիայի հանդեպ իր քաղաքականությունը պետք է վերանայի, սակայն այդ ժամանակ շատ ավելի դրական քաղաքականություն կարող է վարել քրդերի հանդեպ ընդհանրապես: Սակայն, ցավոք, ինձ թվում է, որ սրանցից ավելի հավանական է առաջին սցենարը: Թեև հնարավոր տարբերակները քննարկելու համար փոքր-ինչ վաղ է:

 

Տեսանյութեր

Լրահոս