
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։
«ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ ու ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև այլ հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Բացի այդ, նա մասնակցել է «Աֆղանստան. Տարածաշրջանային կապ, անվտանգություն և զարգացում» համաժողովին, որտեղ իր ելույթում դրական է բնութագրել Աֆղանստանի ներկայիս իշխանությունների գործողությունները պետականաշինության ոլորտում և վստահություն հայտնել, որ նրանց միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է: