
«Իշխանություններն առաջին հարվածը ստացան. ծանր են տանում, ջղաձգումների մեջ են». Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այն կարծիքին է, որ իշխանությունները կատարում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, ըստ այդմ էլ՝ հարձակվում ազգային ուժերի, անհատների վրա, հայկականի դեմ արշավ տանում:
«Սփյուռքը, Հայ Առաքելական եկեղեցին, նախագահները, Դաշնակցությունն ո՞ւմ թիրախում են՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի: Բաքվում ընթացող շինծու դատավարությանը դատվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և Դաշնակցությունը՝ ամբողջ իր գաղափարախոսությամբ, էությամբ: Բաքվի մեղադրող դատախազը նույն արտահայտություններով է խոսում, ինչ, օրինակ՝ Արթուր Հովհաննիսյանը: Այսինքն՝ գործ ունենք հայկականի դեմ իրականացվող արշավի հետ, և սա օդից ընկած չէ, կապ ունի Ադրբեջանի հետ ձեռք բերված, այդ թվում՝ գրավոր պայմանավորվածությունների հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Քրիստինե Վարդանյանը նկատեց՝ Ադրբեջանը բանակցել է մի թուղթ, որն առանց ստորագրելու՝ Նիկոլ Փաշինյանն սկսել է կատարել. «Երրորդ երկրների ուժերի տեղակայումը սկսել է կատարել առանց այդ թուղթը վերջնական վավերացնելու՝ ռուսական զորքը դուրս է բերել Մեղրիից, նոր ուժեր չեն տեղակայվում այնտեղ: Ադրբեջանը հասկացել է՝ որքան սպառնալիքները շատ են, այնքան շատ է կարողանում զիջում կորզել»:
Պատգամավորի խոսքով՝ գլխավոր բանակցողը, ում Ալիևը հարբած ծաղրածու է անվանել, չի կարող Հայաստանի շահերը ներկայացնել, հետևաբար՝ պետք է փոխվի. «Նա պետք է փոխվի՝ իր հետ տանելով իր բանավոր, գրավոր և այլ ըմբռնումները, որոնք մենք չգիտենք, որպեսզի նոր բանակցողը հնարավորություն ունենա սկսել բանակցությունները հայկական շահերի դիրքերից»:
Նա նկատեց՝ Գյումրիի ընտրություններից հետո իշխանություններն այնքան ջղաձգված են, որ չեն կարողանում դա թաքցնել. «Ի՞նչ է տեղի ունեցել. Ոչ իշխանական թեկնածուն Գյումրիում ընտրվել է համայնքի ղեկավար: Ավելի ծանր են տարել, քան Արցախի կորուստը, պատերազմը, քան վերջին 7 տարում մեզ բաժին հասած բոլոր արհավիրքները և հազարավոր մահերը: Ինչո՞ւ են այդքան ծանր տարել, որովհետև հասկանում են, որ սա ցուցիչ է իրենց հանրային ընկալման ու գնահատական է նաև իրենց 7 տարվա արարքների: Գյումրիում ինչո՞ւ էր իրենց համար իրենց հաղթանակն այդքան կարևոր, որովհետև իրենք դա ներկայացնելու էին՝ որպես նոր լեգիտիմություն, որ՝ տեսեք, մենք ունենք մանդատ անելու այն, ինչ անում ենք, մեր այս թեզերը կիսում է ժողովուրդը:
Հիմա առաջին հարվածն են ստացել: «Իրական Հայաստանը» առաջին հարվածն է ստացել Գյումրիում և Փարաքարում, Ադրբեջանի հետ իբր խաղաղության, բայց իրականում Ադրբեջանին հանձնվելու թեզն է ստացել առաջին հարվածը Գյումրիում և Փարաքարում: Թուրքիայի նախապայմանները կատարելու, Ցեղասպանության ուրացման թեզն է առաջին հարվածը ստացել Գյումրիում և Փարաքարում, դրա համար են ծանր տանում: Սա ուղղակի չհաղթելու պատմություն չէ, ՔՊ-ն այլ ՏԻՄ ընտրություններում ևս պարտվել է, քայլեր նախաձեռնել է, դա չէ հարցը, բայց ուզում եմ հասկանանք՝ ինչի համար են այս ջղաձգումները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում