
Իրանը կհամագործակցի Սիրիայի նոր իշխանությունների հետ արաբական երկրում անվտանգության ապահովման դեպքում

Իրանը մտադիր չէ համագործակցել Սիրիայի անցումային կառավարության հետ, քանի դեռ Սիրիայի նոր իշխանությունները չեն ապահովել երկրում անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը չի փոխգործակցում Սիրիայի ներկայիս կառավարության հետ: Մենք կապեր չունենք, և չենք շտապում դրանք հաստատել:
Մենք որևէ քայլ չենք ձեռնարկում նրանց դեմ, պարզապես սպասում ենք, որ նրանք ավարտեն անվտանգության, կայունության ապահովման աշխատանքները, և ստեղծվի օրինական կառավարություն, որը կներառի բոլոր էթնիկ խմբերը»,- RT-ին տված հարցազրույցում նշել է նախարարը։
Արաղչիի խոսքով՝ սիրիական հարցը բարձրացվել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը չափազանց անհանգստացած են Սիրիայում տիրող իրավիճակով, և երկու կողմերն էլ շահագրգռված են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմամբ»,- հավելել է նախարարը։