«Այդպես էլ չհասկացա՝ «Ողբը» ինչո՞ւ էր կարդում, չհասկացա՝ իր արշավի անունն ինչո՞ւ է դրել «Կրթվելը նորաձև է»». Վարդենիսի բնակիչ

Մարտի 21-ին Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» քարոզարշավով Վարդենիսում էր։

Մինչև Աննա Հակոբյանի Վարդենիս գնալը՝ դպրոցներում, մանկապարտեզներում և պետական այլ կառույցներում 2 շաբաթ առաջ հրահանգ է իջեցվել՝ գրանցվել և անպայման մասնակցել հանդիպմանը։

Այս հանդիպումից օրեր անց, Վարդենիսի գյուղերի դպրոցներից մեկի Հայոց լեզվի և Գրականության ուսուցչուհիներից մեկն ասաց, որ Աննա Հակոբյանի հետ այդ հանդիպումից հետո ավելի են մեծացել իր մտահոգությունները, թե, ի վերջո, ի՞նչ են ուզում հայ ազգից Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը։

«Նախապես դպրոցում մեզ ասվել էր, որ գրանցվենք՝ գնանք։ Եթե նույնիսկ ինձ չասեին, ես այսպես թե այնպես գնալու էի, զուտ որպեսզի հասկանայի՝ Աննա Հակոբյանն այդ ինչ մեթոդով է կրթում, որ որոշել է կրթական արշավ անել։ Գնացի ու զարմացած մնացի՝ այս ամբողջ կրթական արշավը սկսվում ու ավարտվում է Խորենացու «Ողբը» կարդալով։ Նստեցինք, Աննա Հակոբյանը հանեց Խորենացու «Ողբը» և սկսեց ընթերցել։ Տպավորություն էր, որ գնացել ենք ընթերցանության դասընթացների, չնայած այդպես էլ կա»,- 168.am հետ զրույցում նշեց ուսուցչուհին՝ չցանկանալով նշել անունը, քանի որ դպրոցում չի ցանկանում խնդիրներ ունենալ։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի՝ իրեն մտահոգում է, թե ինչո՞ւ է հենց Աննա Հակոբյանը կարդում «Ողբը», ինչի՞ է ցանկանում նախապատրաստել հայ ազգին։

«Ես այդպես էլ չհասկացա՝ «Ողբը» ինչո՞ւ էր կարդում, այդպես էլ չհասկացա՝ իր արշավի անունն ինչո՞ւ է դրել «Կրթվելը նորաձև է», այդպես չեն կրթում, ավելի շատ մարդկանց են բթացնում»,- նշեց նա։

Վարդենիսի բնակիչներից մեկն էլ ասաց, որ լավ կլիներ, եթե Աննա Հակոբյանն իր արշավի անունը դներ «տգիտությունը նորաձև է», քանի որ որևէ բան չտեսավ նրա հետ հանդիպման ժամանակ, որը կարող էր իրեն կրթել։

«Լավ կլիներ նաև մեր բնակիչներին այդ արշավների ընթացքում բացատրեր, թե այդ ինչպե՞ս եղավ, որ թշնամին մտավ մեր տուն, Վարդենիսը ձեզ օրինակ՝ թշնամին ամեն պահի կարող է կրակել, սադրել»,- նշեց վարդենիսցի մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն արդեն տևական ժամանակ է՝ արշավ է սկսել՝ «կրթվելը նորաձև է» անունով, որին ժամանակ առ ժամանակ միանում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը։

Տեսանյութեր

Լրահոս