«Նախարարի դիրքորոշումը շատ էական է. hունիսի 20-ից հետո պարոն Թոքմաջյանը չի ղեկավարելու Պոլիտեխնիկը». Վլադիմիր Խոյեցյան

ՀՊՃՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոյեցյանը կարծում է՝ այսօր ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ հայտնի սկանդալի վերաբերյալ տեսանյութի հրապարակումը մեծապես կապված է հունիսի 20-ին կայանալիք ՀՊՃՀ ռեկտորի ընտրությունների հետ:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հրապարակեց մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվել իր և դասախոսներից մեկի միջև սկանդալային նամակագրությունը:

168.am-ի հետ զրույցում Վ. Խոյեցյանը, որը տեսանյութում երևացող անձերից մեկն է, խոսելով այս տեսանյութի մասին, ասաց, որ Հ. Թոքմաջյանը մի «հետաքրքիր» տեխնոլոգիա է կիրառում, ուզում է օգտագործել լրագրողներին, ովքեր չեն խորանում, հարցադրումներ չեն անում, ու նրանց միջոցով՝ հանրության այն մասի վրա է ուզում ազդել, որոնց համար միևնույն են դետալները, այդ «մարդկանց մոտ փորձում է հանրային կարծիք ձևավորել, բայց այդ մարդը չի հասկանում, որ սա զուտ իրավական հարց է, քրեական գործ է»:

Խոսելով ՀՊՃՀ ռեկտորի առաջիկա ընտրությունների մասին՝ Վ. Խոյեցյանն ասաց. «Երևի նկատած կլինեք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ Թոքմաջյանը չի ընտրվելու: Իսկ դուք հասկանում եք, որ մեր իրականության մեջ ինչքան էլ մրցակցային լինի, բայց նախարարի դիրքորոշումը շատ էական է: Այս ամենը տանում է նրան, որ հունիսի 20-ից հետո պարոն Թոմաջյանը չի ղեկավարելու Պոլիտեխնիկը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ այդ դեպքում՝ Ձեր վերադարձը համալսարան հնարավոր համարո՞ւմ եք, Վ. Խոյեցյանն այսպես պատասխանեց.

«Սա մի քիչ այլ հարց է, ես դեռ համոզված չեմ: Նախ՝ ասեմ, որ ես պարոն Մարուխյանի (նախկին ռեկտոր, ՀՅԴ նախկին անդամ Ոստանիկ Մարուխյանը, ով նաև ռեկտորի թեկնածու է.- Ա. Ք.) հետ նախկինում աշխատել եմ, շատ ջերմ հարաբերությունների մեջ: Ես, անկեղծ ասեմ, որ նրանից հետո, որ ես Պոլիտեխնիկում չեմ, կարողացա ավելի շատ ռեսուրս տրամադրել իմ անձնական բիզնեսին, ու իմ բիզնեսը շատ ավելի լավացավ: Պոլիտեխնիկում աշխատելն ինձ համար միշտ եղել է սոցիալական պատասխանատվության դրսևորում, Պոլիտեխնիկն ինձ համար միշտ եղել է ավելի փիլիսոփայական, հոգեբական կարևոր արժեք, քան գործի տեղ: Չի բացառվում, որ ես վերադառնամ Պոլիտեխնիկ, բայց, համենայն դեպս, նման որոշում՝ որպես այդպիսին, չունեմ, ու առավել ևս՝ դա մեծապես կախված է ապագա ռեկտորից»:

 

Տեսանյութեր

Լրահոս