Բաժիններ՝

«Այդ մարդը ոչ ադեկվատ, հոգեկան հիվանդին հարիր քայլեր է անում, լրիվ ցնդվել է». Վլադիմիր Խոյեցյանը՝ Հովհաննես Թոքմաջյանի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հրապարակեց մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվել իր և դասախոսներից մեկի միջև սկանդալային նամակագրությունը:

Մեզ հետ զրույցում ներկա գտնվող դասախոսներից մի քանիսը նշեցին, որ իրենք տեսանյութում տեսան ՀՊՃՀ նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին և ՀՊՃՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոյեցյանին:

168.am-ի հետ զրույցում Վ. Խոյեցյանը մեկնաբանելով հրապարակված տեսանյութի բովանդակությունը, հարցադրում կատարեց. «Եթե այդ վիդեոն կեղծ չէ, եթե այն իր մեջ իրական նախքննական ինչ-որ ինֆորմացիա է պարունակում, այսինքն՝ եթե այդ վիդեոյի ժամերն իրականում համապատասխան էին հանցագործության ժամին, եթե այդ վիդեոյում իմ անձի հետ կապված կասկածելի ինչ-որ բաներ լինեին, ի՞նչ եք կարծում՝ նախաքննական մարմինն 9-10 ամսվա ընթացքում ինձ մեղադրանք կամ գոնե կասկածյալի կարգավիճակ տվյալ հարցում տված չէ՞ր լինի: Ասածս վերաբերում է նրան, որ մարդը բերել է, վիդեո է ցույց տալիս, որտեղ ես նստած եմ մեր համալսարանի ներքևի սրճարանում, որտեղ ես ամեն օր եղել եմ, քանի որ իմ աշխատասենյակը վերանորոգման մեջ էր, իսկ իմ գործի բնույթն այնպիսին էր, որ ես պետք է անընդհատ աշխատեի: Ես այդ սրճարանում աշխատել եմ 2 ամիս: Ես առավոտից մինչև գիշեր այդ սրճարանում եմ եղել:

Մյուս վիդոն ընդհանրապես ծիծաղելի է, նա ցույց է տալիս մի վիդեո, որում ես հեռախոսով խոսելով քայլում եմ, ընդ որում՝ ինքը ցույց է տալիս վիդեոյի այն հատվածը, որն իրեն ձեռք է տալիս: Իրականում այսպես է եղել՝ ես փողոցով քայլում եմ, ինձ զանգ է գալիս, այդ զանգն այն զանգն է, որ ինձ զանգում են Պոլիտեխնիկից, ասում են՝ «Վլադիմիր, արի, հասի, ռեկտորի ֆեյսբուքը ջարդել են»:

Հեռախոսը չանջատած՝ տաքսի եմ կանգնեցնում (դա երևում է վիդեոյում) ու գնում եմ Պոլիտեխնիկ: Ավելին, երբ հասել եմ Պոլիտեխնիկ, դեռ գործողությունը շարունակվում էր, ես իմ ձեռքով եմ իր ֆեյսբուքի գաղտնաբառը փոխել ու պրոցեսն ընդհատել: Ասել, որ այդ վիդեոյից երևում է, որ ես կարող եմ ինչ-որ ձևով առնչվել, դա ուղղակի աբսուրդ է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ տեսանյութը կեղծ չէ, ինքն այդ սրճարանում նստել է, այդ փողոցով քայլել է, բայց «հետաքրքիրն» այն է, թե Հ. Թոքմաջյանն այդ ֆոնի վրա ինչ մեկնաբանություն է արել: Ըստ Վ. Խոյեցյանի՝ Հ. Թոքմաջյանը մի «հետաքրքիր» տեխնոլոգիա է կիրառում, ուզում է օգտագործել լրագրողներին, ովքեր չեն խորանում, հարցադրումներ չեն անում, ու նրանց միջոցով՝ հանրության այն մասի վրա է ուզում ազդել, որոնց համար միևնույն են դետալները, այդ «մարդկանց մոտ փորձում է հանրային կարծիք ձևավորել, բայց այդ մարդը չի հասկանում, որ սա զուտ իրավական հարց է, քրեական գործ է»:

«Բազմիցս ես իրեն հարցադրում եմ արել՝ այդ ի՞նչ մոտիվացիա ես դու տեսել իմ մոտ, որ ես պետք է քո ֆեյսբուքը ջարդեի, կամ ի՞նչ տեխնոլոգիայով, ես երբեք ոչ քո համակարգչին, ոչ քո ցանցին եմ կպել: Այսօրվա իր ցույց տված վիդեոն ուղղակի ձեռքառնոցի է ինքն իրեն: Այդ մարդը տարիներով կարիերա, համբավ ստեղծած մարդ է, ու այս ֆեյսբուքյան դեպքից հետո ինքը խայտառակ եղավ, այդ մարդու հոգեբանության վրա շատ վատ է դա ազդել, այդ մարդը ոչ ադեկվատ, հոգեկան հիվանդին հարիր քայլեր է անում: Լրիվ ցնդվել է ինքը»,- հայտարարեց Վ. Խոյեցյանը:

Հարցին՝ ինչքանո՞վ է այդ տեսանյութը Ձեզ համար վտանգ ներկայացնում, և արդյոք հիմք կընդունի՞ դա նախաքննական մարմինը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե ոչ, նախաքննական մարմինն այդ վիդեոն վերլուծել ու դեն է գցել սրանից կես տարի առաջ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս