Հմայակ Հովհաննիսյանը՝ «Ալյանսին». «Գոնե շնորհակալություն հայտնեն, նման հայտարարություն են անում, որը ցույց է տալիս իրենց մակարդակը»

«Իմ այսօրվա նյութը չի վերաբերում Տիգրան Ուրիխանյանին և «Ալյանս կուսակցությանը, դա մեր քաղաքական դաշտի ընդհանուր վերլուծությունն է, եթե իրենք գտնում են, որ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չի որոշում, թե ով կարող է կուսակցապետ լինել և ով չի կարող լինել, ով կարող է պատգամավոր լինել և ով չի կարող լինել, ապա, ես կարծում եմ, որ ժողովուրդն այս հարցում միանշանակ իր պատկերացումը պարզել է՝ ելնելով թեկուզ ԲՀԿ-ի ճակատագրից, բոլոր պատգամավորներն ու կուսակցապետերն են այսօր նշանակված»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Ալյանս» կուսակցության տարածած հաղորդագրության մասին՝ նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Ալյանս» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ Հմայակ Հովհաննիսյանին մեղադրելով իրենց վիրավորելու մեջ: Այս հաղորդագրության համար հիմք է հանդիսացել «Հրապարակ» օրաթերթում այսօր լույս տեսած հարցազրույցը Հ. Հովհաննիսյանի հետ:

Մեզ հետ զրույցում Հ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր վերլուծությունն «ամբողջական է, գիտական բարձր» մակարդակի՝ ի տարբերություն «Ալյանս» կուսակցության այդ հայտարարության, որը, ըստ նրա՝ ուղղակի ցույց է տալիս այդ «մարդկանց մակարդակը»:

«Ես իրենց ոչ մի վիրավորանք չեմ հասցրել, ես ասել եմ, որ իրենք զոհ են, ինչպես մյուսները, բոլոր կուսակցություններն այսօր զոհ են այդ մանիպուլյատիվ մեթոդներից, փափուկ ստալինականության քաղաքականության զոհերն են, այդ թվում նաև՝ Տիգրան Ուրիխանյանը և իր կուսակցությունը: Ես դա գրել եմ ոչ թե չարախնդալով, այլ դա վերլուծություն է, վերլուծական նյութ է, որին պետք է արժանի ձևով արձագանքել՝ փաստարկներով, վերլուծությամբ: Համեմատեք այդ անհեթեթ բառաչանքը և իմ նյութը»,- հայտարարեց Հ. Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ իսկ Ձեր այն արտահայտությունը, թե՝ Տիգրան Ուրիխանյանն «ո՞ւմ շունն է», անձնական վիրավորանք չէ՞, Հ. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Բայց դա չակերտներում է: Ընդհակառակը՝ իրենք պետք է ոգևորվեին, որ ուրեմն՝ ես իրենց ճակատագրով մտահոգված եմ, որովհետև երիտասարդներ են, որոնք քայլ են արել, որոնց թույլատրվել է այդ քայլն անել, բայց որոնց վաղը խաբելու են: Ես ընդամենն ասում եմ, որ ստեղծվելու է երկբևեռ համակարգ, որտեղ իրենք տեղ չեն ունենալու, բայց դա չի նշանակում, որ ես իրենց վիրավորում եմ, ես պարզապես իրենց ցույց եմ տալիս այն խութերը, որոնք կարող են ծնվել իրենց համար անսպասելիորեն, որովհետև իրենք այդ կանխատեսման, վերլուծության կուլտուրան չունեն, ինչպես ցույց է տալիս իրենց հայտարարությունը: Իրենք գոնե շնորհակալություն հայտնեն, նման հայտարարություն են անում, որը ցույց է տալիս իրենց մակարդակը»:

«Ալյանսի» հայտարարության մեջ նաև ասվում էր. «Ու նաև մի հորդոր Հմայակին` սեփական տարածքդ ապօրինաբար սեփականացնելու արդյունքում կորցնելու պատճառով մի փորձիր ուրիշին վիրավորելու միջոցով աղմուկ բարձրացնել»:

Հ. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ մասին է խոսքը: Ի պատասխան՝ նա ասաց, որ դա «անհեթեթություն» է.

«Իմիջիայլոց, այն ժամանակ, երբ Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցում էր ընտրություններին, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում էր միասնական շտաբի աշխատանքներին, Տիգրան Ուրիխանյանը նման գնահատականներ չէր տալիս, որ դա զավթած է, և այլն, դա ՀՀ քաղաքագետների միության տարածքն է, որը 2002 թվականից գրանցված է պաշտոնապես Պետռեգիստրի կողմից և գործում է՝ որպես ՀՀ-ի քաղաքագետների միություն, որն իշխանությունները փորձում են զավթել: Անընդհատ ճնշումներ կան Քաղաքագետների միության դեմ: Հիմա, եթե Տիգրան Ուրիխանյանը ստեղծել է կուսակցություն, որը կմիանա մեզ հետապնդողներին, դա ցույց է տալիս՝ որքանով է այդ կուսակցությունը ղեկավարվում իշխանությունների կողմից»:

Հարցին՝ ստացվում է՝ իրենք Ձեզ են մեղադրում իշխանությունների համար աշխատելու մեջ, Դուք՝ իրե՞նց, Հ. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ինչպե՞ս են ինձ մեղադրում իշխանությունների համար աշխատելու մեջ: Եթե ես իշխանությունների համար եմ աշխատում, այդ ինչո՞ւ իմ դեմ քրեական գործեր հարուցվեցին, ինձնից խլեցին պատգամավորական մանդատը: Ես ժողովրդի կողմից ընդունված պատգամավոր եմ, մինչև Գագիկ Ծառուկյանին կամային միջոցներով կուսակցապետի պաշտոնից հեռացնելը, 2012 թվականի մայիսին իմ դեմ քրեական գործ հարուցելու միջոցով՝ ինձնից խլեցին պատգամավորական մանդատը: Եթե ես իշխանությունների շահերն եմ պաշտպանում, այդ ինչպե՞ս է՝ ինձ 3 տարի շարունակ քարշ են տալիս դատարաններով»:

Տեսանյութեր

Լրահոս