«ԵՄ-Հայաստան ինտեգրացիան անհասանելի կմնա բավականին երկար ժամանակ»

Հարցազրույց Մեծ Բրիտանիայի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

Օրերս Հայաստան ժամանած որոշ ռուաստանցի փորձագետները խոսեցին ԼՂ հակամարտության գոտում օգոստոս ամսին լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին` ասելով, որ հայկական զինված ուժերը պետք է դրան պատրաստ լինեն: Կարծես ավանդույթ է դարձել, երբ ԼՂ հակամարտության գոտում լարվածության հերթական ալիքի մասին սկսում են զգուշացնել հենց ռուսաստանցի փորձագետները: Ի՞նչ եք կարծում այս նախազգուշացումների մասին:

– Շատ հնարավոր է, որ շփման գծում իրավիճակը լարվի` ի տարբերություն այն համեմատական անդորրին, որը կբերեն Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերը: Լայնամասշտաբ պատերազմը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական շահերին դեմ է, հատկապես, երբ Ադրբեջանը վստահ չէ` արդյո՞ք կկարողանա արագ հաղթանակ տանել մեծածավալ հարձակման դեպքում:   Բայց հայ-ադրբեջանական սահմանները շարունակելու են լարված մնալ գալիք ամիսների և տարիների ընթացքում: Ավելին, ժամանակ առ ժամանակ հնարավոր են խոշոր բախումներ, ինչը, իհարկե, մեծացնում է չծրագրավորված, այսպես կոչված՝ «պատահական պատերազմի» վտանգը: Բայց չեմ կարծում, որ «պատահական պատերազմի» վտանգն ավելի մեծ է ներկայումս, քանի որ կողմերն արդեն սովոր են կտրուկ լարվածությանն ու գիտեն, թե ինչպես վերահսկեն իրավիճակը լայնամասշտաբ չպլանավորված պատերազմը կանխելու համար:

Ադրբեջանական կողմի ռազմական գնումները, իհարկե, հզորացնում են այդ երկրի ինքնավստահությունը, ինչին նպաստում է նաև Հայաստանի թույլ տնտեսական վիճակը, արտագաղթը, որը պայմանավորված է թե՛ տնտեսական վատ պայմաններով, և թե՛ ժողովրդավարական հետընթացով, թե՛ ՀՀ իշխանությունների դիվանագիտական ձախողումներով: Չնայած Հայաստանն արագ և աներկմիտ կերպով մի կողմ նետեց ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը և միացավ Ռուսաստանի առաջարկած այլընտրանքային խմբակին` Եվրասիական տնտեսական միությանը` միևնույն ժամանակ չկարողանալով Ռուսաստանին համոզել, որ վերջինս մի կողմ դնի իր բալանսավորված քաղաքական գիծն Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ:

Չնայած հայկական կողմի բոլոր բարեկամական ժեստերին` Մոսկվան տարբերություն չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ նրանց համարելով իր ռազմավարական գործընկերները: Ինչ վերաբերում է այն վարկածին, թե նոր բախումները ԼՂ հակամարտության գոտում միգուցե Մոսկվայի կողմից պատվիրված լինեն, ապա չեմ կարծում, թե դա տեղին վարկած է: Ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է, որ Մոսկվայի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է լծակ Հայաստանի (նաև Ադրբեջանի) նկատմամբ: Ուստի, եթե Հայաստանը որոշի ընտրել բացառապես արևմտյան ինտեգրացիոն ուղին, ապա Բաքվի և Մոսկվայի շահերը Հայաստանի հարցում կսկսեն համընկնել:   Բայց առայժմ նման դաշինքի հիմքեր չկան: Հայաստանի ներկայիս իշխանությունները որևէ վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի շահերի համար: Մոսկվայի տեսակետից՝ Հայաստանը միանշանակորեն իր հսկողության տակ է, իսկ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսուհետ երկրորդական բնույթ են կրելու:

Կարծիք կա, որ ԼՂ հակամարտության գոտում շարունակ նորանոր լարվածությունները, նոր ավելի ծանր սպառազինությունների կիրառումը կհանգեցնեն ԼՂում ռուս խաղաղապահների տեղակայման: Այսօր ակտուա՞լ է այդ մասին խոսել:

–  ԼՂ-ում ներկայիս ստատուս-քվոյի փոփոխությունը միայն ավելորդ խնդիրներ է ստեղծելու Մոսկվայի համար: Իհարկե, չի բացառվում, որ Ռուսաստանը որոշի ավելի լրջորեն ներկա գտնվել կոնֆլիկտի շրջանում, այն է՝ տեղակայել իր խաղաղարար զորքերը: Բայց խնդիրն այն է, որ Մոսկվան արդեն ներգրավված է ուկրաինական թնջուկի մեջ, իսկ նոր պատերազմը ԼՂ-ում կարող է անկանխատեսելի քաղաքական և տնտեսական հետևանքներ ունենալ:   Բացի այդ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները հիմա վարակված են անվստահությամբ: Եթե մինչև ռուս-վրացական պատերազմն Արևմուտքը պատրաստ էր Մոսկվային տալ խաղաղարար առաքելության մանդատ, օրինակ՝ Հարավային Օսիայում, ապա 2008-ի պատերազմից և հատկապես՝ Ուկրաինայի մասնատումից հետո, նմանատիպ սերտ համագործակցություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև գրեթե անիրական է մոտ ապագայում: Իսկ սահմանային բախումներն արդյունք են, իմ կարծիքով, Ադրբեջանի, այսպես կոչված, «թեժ սահմանների» քաղաքականության, որն ավելի շատ երկրի ներքաղաքական խնդիրների հետ է կապված:

Սա նշանակում է, որ սահմանները մնալու են անհանգիստ ու վտանգավոր, և, դժբախտաբար, նոր զոհեր են խլելու: Սա կշարունակվի այնքան, մինչև հայկական կողմը կկարողանա կոտրել Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահների ներկայիս գրեթե չեզոք դիրքորոշումը սահմանային բռնությունների հարցում, և ստիպի, որ թարմ միջոցներ քննարկվեն ու կիրառվեն զինադադարի լիակատար պահպանման համար:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանում է նախագահների նոր հանդիպում կազմակերպել հայթուրքական լարված հարաբերությունների, ԱրևմուտքՌուսաստան առճակատման, Ադրբեջանի նկատմամբ Մինսկի խմբի փոփոխված վերաբերմունքի, ՄԽն տապալելու Ադրբեջանի փորձերի ֆոնին:  Դեպի ո՞ւր է տանում այս գործընթացը:

– Ակնհայտ է, որ գոնե կոնֆլիկտի մեկ կողմի` Ադրբեջանի համար, Մինսկի ձևաչափն այլևս ընդունելի չէ: Խնդիրն այն է, որ ավելի լավ տարբերակ դեռ չկա: Մինսկի խմբի անդամներն աննախանձելի վիճակում են: Հակամարտությունը կարգավորելու տարիների ջանքերը մի կողմ են սահել, և ուշադրությունն ուղղված է նոր հակամարտության կանխարգելման վրա:   Այդ նոր պատերազմը կանխելու առաջին քայլն այն է, որ բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ադրբեջանը, համաձայնվեն, որ պատերազմով հարցը չի կարող լուծվել: Մինսկի խմբի հաճախակի հանդիպումները, այդ թվում՝ նաև գալիք հանդիպումը, իմ կարծիքով, այս պատգամը կրկնելու համար է և նաև՝ ընդգծելու, որ, իր բոլոր թերություններով հանդերձ, Ադրբեջանն այս պահին միջազգային միջնորդության այլ ձևաչափի այլընտրանք չունի:

Հայաստանը «ևև»-ի քաղաքականությունը վերականգնելու փորձեր է կատարում: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն այլևս ԵՏՄ անդամ է, ՌԴի համար ամենակարևոր պահերին ցուցաբերել է իր նվիրվածությունը, հնարավո՞ր է, որ Ռուսաստանն աչք փակի Հայաստանի այդ փորձերի վրա և չփորձի սահմանափակել:

– Հայաստանը չի կարող հավասարակշռված քաղաքականություն տանել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, քանի որ Երևանն արդեն որոշել է ինտեգրվել Ռուսաստանի ղեկավարած գրեթե բոլոր կազմակերպություններին, հատկապես՝ ռազմական և տնտեսական: Բացի այդ, Հայաստանն Արևմուտքում հենց այդպես էլ ընկալվում է` Ռուսաստանի արբանյակ պետություն: Վերջին շրջանում քաղաքական հետապնդումները, ինչպես նաև ժողովրդավարական ձեռքբերումների արագ կորուստը ևս մեկ ապացույց էին, որ Հայաստանն ընտրել է ոչ արևմտյան զարգացման ուղի:

Մայիսի վերջին Ռիգայում անցկացվելու է  Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, որի օրակարգում, ըստ Լատվիայի ԱԳ նախարարի, գուցե ընդգրկվի Հայաստանի հետ համաձայնագիր կնքելու հարցը: Որքանո՞վ է իրատեսական՝ ակնկալել, որ Հայաստանը կկարողանա Ասոցացման համաձայնագրին համարժեք համաձայնագիր կնքել:

– ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելն անիրական է: Ոչ միայն Ռուսաստանը դրան դեմ կլինի, այլ նույն հայաստանյան իշխանությունները դրան պատրաստ չեն: Ի վերջո, Ասոցացման համաձայնագիրը երկարաժամկետ և նպատակասլաց քայլերի մի շարք է, որ, ի վերջո, պիտի ստորագրող երկրին օգնի ազատվել քաղաքական և տնտեսական կաշառակերությունից, օլիգարխիայից: Այն պահանջում է խիզախ քաղաքական առաջնորդներ, որ հասարակական ակտիվիստների հետ մեկտեղ աշխատելով՝ստեղծեն մնայուն ինստիտուտներ: Սա նշանակում է, որ իշխանափոխության ժամանակ այս ինստիտուտները քաղաքական ազդեցության տակ չեն ընկնի:   Նման բարեփոխումները կհզորացնեն դատարանները, մարդու և բիզնեսի իրավունքներն ամուր կպաշտպանվեն, ինչն իր հերթին՝ երկիրը գրավիչ կարող է դարձնել ներդրողների համար:

Այս բարեփոխումների ֆոնին միայն ԵՄ-Հայաստան ազատ տնտեսական գոտին իմաստալից կլինի: Այն կօգնի վերացնել առևտրի ոլորտի արգելքները, նաև բարելավել հայկական արտադրանքի ստանդարտները և այն դարձնել մրցունակ ԵՄ շուկայում՝ ի թիվս այլ առավելությունների: Զննելով հայաստանյան իշխանությունների վերջին շրջանի թե՛ արտաքին քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտի որոշումները, ինչպես նաև՝ ներքաղաքական բազմակարծիք մշակույթի շարունակական կորուստը, սխալ չի լինի եզրակացնել, որ ԵՄ-Հայաստան ինտեգրացիան կմնա անհասանելի բավականին երկար ժամանակ: Լուրջ ինտեգրացիա կլինի Հայաստանում՝ ներքաղաքական փոփոխությունների, ինչպես նաև՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սերտացման դեպքում:

Իրան«Վեցնյակ» բանակցությունները դրական փուլ են մտել, հանգուցալուծումը կարծես տեսանելի էՀայաստանն Իրանի ապաշրջափակումից մեծապես կարող է օգտվել, բայց կա ռուսական գործոնը: Հնարավո՞ր է խուսափել այդ գործոնից:

– Իրանի ապաշրջափակումը հիանալի հանրավորություն է Հայաստանի համար, որն արդեն լավ արևտրային հարաբերություններ ունի իր հարավային հարևանի հետ: Բայց էներգետիկ ոլորտում Հայաստանի տարբերակները սահմանափակ են: Էներգետիկ անվտանգության առումով, սակայն, Հայաստանն իր ինքնիշխանության կարևոր մասը տվել է Ռուսաստանին: Հիշեցնեմ, որ նույնիսկ Ուկրաինայի նախկին ռուսամետ նախագահ Յանուկովիչն այդպես էլ չհամաձայնեց Ռուսաստանին մասնաբաժին տալ իր երկրի պետական «Նավթոգազ էներգետիկ ընկերությունից: Բայց տարբեր հայաստանյան իշխանություններ չկարողացան դիմանալ ռուսական ճնշմանը: Ավելին, թեև հնարավոր է մրցակցություն բերել Իրանից Հայաստանի էներգետիկ շուկա, չեմ կարծում, որ ներկայիս իշխանությունները նման քայլի կդիմեն` ռուս գործընկերների հասկանալի դիմադրության պարագայում:

Տեսանյութեր

Լրահոս