«Ազատագրական պատերազմով մենք դադարեցինք լինել ուզվոր, լացող և ուժեղների հովանավորություն փնտրող ազգ»
ԱԺ ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար մայիսի 9-ի Եռատոնը չհնազանդվելու, չստրկանալու, չխեղճանալու, ազատության, ազատասիրության, զոհի հոգեբանությունը մերժելու, մինչև վերջ գնալու և հաղթանակի հասնելու խորհուրդն ունի: Այն, ինչն արեց հայ ժողովուրդը:
«Ամենամեծ խորհուրդը, ամենամեծ արդյունքը Հայոց համազգային շարժման և հետո նաև Հայոց համազգային շարժման իշխանության տարիներին այն է, որ վերջին 1000 տարվա մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը մինչև վերջ տարավ իր պատերազմը և հաղթեց: Եվ դա մեզ թույլ տվեց նաև ազատվել զոհի հոգեբանությունից, որը մենք ձեռք էինք բերել մշտական պարտությունների և Ցեղասպանության հետևանքով:
Մենք դարձել էինք բողոքող, լացող, ուժեղների հովանավորություն փնտրող և չգտնող ազգ: 88-ի շարժման և 90-ակաների ազատագրական պատերազմով մենք դադարեցինք լինել ուզվոր և բողոքող, լացող և ուժեղների հովանավորություն փնտրող ազգ: Մենք դարձանք սեփական ուժերին հավատացող, սեփական բազկի ուժին հավատացող, կազմակերպված, համարձակ ազգ, որը հաղթանակներ կրեց ի վերջո: Այդ օրվանից սկսած՝ 1994թ. մայիսի 12-ի զինադադարից հետո, մենք այլևս թույլ ազգ չենք, զոհ չենք, մենք հաղթանակող ազգ ենք և այդ հաղթանակներին սպառնացող միակ վտանգը այսօրվա իշխանություններն են, որոնք զբաղված են այդ հաղթանակները մսխելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լ.Զուրաբյանը:
Մեր հարցին, որ այսօր շատ ազատամարտիկներ, մեղմ ասած, լավ վիճակում չեն, իսկ սահմանին էլ մշտապես անհանգիստ է, սա նշանակո՞ւմ է՝ ճիշտ չեն օգտագործվել հաղթանակի արդյունքները, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ զինադադարից հետո ՀՀ-ն պետք է ժամանակ չկորցներ, պետք է աներ քայլեր, որոնք պետք է արձանագրեին ու ամրապնդեին ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը.
«Ցավոք սրտի, դա չարվեց: Առաջին փուլում սխալը եղել է այն, որ դիվանագիտական ձևակերպում՝ ի դեմս խաղաղության պայմանագրի, մենք չունեցանք, որ կարող էինք ունենալ հաղթական հզորի դիրքերից: Իսկ դրանից հետո նաև կոռուպցիայի, անհեռատեսության, ոչ կոմպետենտության պատճառով չկարողացանք ձեռք բերել ռեալ անկախություն, այսինքն՝ տնտեսական անկախություն: Մենք պետք է վաղուց այս տարիներն օգտագործած լինեինք այլընտրանքային էներգետիկան զարգացնելու և անցում կատարելու, օրինակ, արևային էներգետիկայի: Այն միլիարդները, որ գողացվել են ժողովրդից, լիարժեք կերպով բավարար էին, որ անցնեինք այլընտրանքային էներգետիկայի և այդ դեպքում բոլորի հետ կխոսեինք լրիվ այլ լեզվով: Դա չարվեց, մսխվեցին մեր բոլոր միջոցները, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խարխլվեց, և այսօրվա արտագաղթն առաջին հերթին հետևանք է սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահության կորստի»: