«Հարսով փեսո՞ւն ես բարեգործություն անում». Արամ Մանուկյանը՝ վնասով աշխատող ՀԷՑ-ի բարեգործությունների մասին
«Հերթով բերում եք՝ հէցը, բէցը… ՀԷՑ-ը վնասով է աշխատում, 2012-ին 5 մլրդ դրամ վնասով է աշխատել, նույնը 13-ին, բայց ամեն տարի 1.4 մլրդ դրամ, տարեկա՛ն, բարեգործություն է անում: Ո՞վ է քեզ իրավունք տվել: Հարսով փեսո՞ւն ես բարեգործություն անում, հետո նստեցնում սպառողի ուսերին»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ էներգետիկ համակարգը խիստ քննադատության ենթարկելով՝ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հարցը 5 մլրդ դոլարի հաշիվ է, բայց ֆինանսավորման աղբյուր չկա, նոր վարկ էլ չեն տալու, քանի որ 52% պարտքի բեռ ունեցողին նոր պարտք չեն տալիս: Միաժամանակ նա նշեց, որ համակարգում ամենակայունը ԱԷԿ-ի տված էներգիան է և այն առավելություն ունի մնացած բոլոր հոսանքի աղբյուրների նկատմամբ: Ըստ Մանուկյանի՝ հիդրոակումուլյատորների ստեղծման ծրագրի մասին պետք է մտածել, օրինակ, Գերմանիան ու Ավստրիան շատ լավ կիրառում են այդ մեթոդը: Ռուսական վարկով ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու մասին Ա.Մանուկյանը նշեց, որ պարտքի ծանր բեռի տակ կընկնենք կրկին, բայց ԱԷԿ-ը ռազմավարական նշանակություն ունի և պետք է այն պահպանել. «Կողմ ենք և՛ պահպանման վարկին, և՛ նոր բլոկի կառուցմանը»: