ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում կպարտվեն բոլորը. ԵՄ-ի ներկայացուցիչ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այսօր Բաքվում հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչների խմբի հետ և քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Զալբերն ափսոսանք է հայտնել, որ միջնորդների ու բուն հակամարտող կողմերի բազմամյա ջանքերը չեն հանգեցրել հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի գրանցման: Նա մտահոգություն է հայտնել, որ չի դադարում շփման գծում լարվածության աճը և գրեթե ամեն օր զոհվում են մարդիկ:

Զալբերի խոսքերով՝ առանց փոխզիջումների, հազիվ թե, հնարավոր է հակամարտության կարգավորումը, և որ հաշտեցման փնտրտուքի համար անհրաժեշտ է շարունակել հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակության շփումները.

«Մենք դեռ չենք կարող խոսել կարգավորման մասին: Վերջիվերջո հակամարտությունների կարգավորումը կախված է լինելու շարքային քաղաքացիներից: Ինչ վերաբերվում է ԵՄ-ի դիրքորոշմանը, ապա Բրյուսելն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին և չի կարող այդ գործընթացում խաղալ գլխավոր դերը:

Մինսկի խմբի կառուցվածքային փոփոխությունները կամ այլ միջնորդների ներգրավումը, հազիվ թե, հնարավոր են: Մինսկի խմբի համանախագահները դրանով զբաղված են ավելի քան 20 տարի, այդ ընթացքում նրանք փորձ են կուտակել և մշակել են տարբեր առաջարկներ: Հազիվ թե հնարավոր ու արդյունավետ է այդ ամենից հրաժարվելը և ամեն ինչ զրոյից սկսելը»:

Անդրադառնալով հակամարտությունը ռազմական ճանապարհո կարգավորելու հնարավորությանը՝ Զալբերն ընդգծել է, որ դա կլինի չափազանց ռիսկային և ռազմական գործողությունների սկսման դեպքում կպարտվեն բոլորը. «Պատերազմի վերսկսման հետևանքներն անկանխատեսելի են»:

Տեսանյութեր

Լրահոս