Երկրպագուներն ու մարզական լրագրողները՝ Սարգիս Հովսեփյանին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ նշանակելու մասին
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանի՝ «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Սարգիս Հովսեփյանի նշանակումը տարակարծությունների առիթ հանդիսացավ: Երկրպագուների մի մասը կարծում է, որ Սարգիս Հովսեփյանը չունի համապատասխան որակներ Հայաստանի ազգային հավաքականը մարզելու համար, իսկ մյուս մասը գտնում է, որ նրանից լավ ոչ ոք չի ճանաչում մեր հավաքականը: Երկրպագուների շրջանում ակտիվ քննարկումների առիթ դարձավ նաև այն հարցը, թե արդյոք Սարգիս Հովսեփյանը կհաստատվի՞ մարզչի պաշտոնում, թե՞ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի ավարտից հետո մենք նորից նոր մարզիչ ենք փնտրելու: Նոր մարզչի նշանակման հետ կապված տարբեր կարծիքներին ծանոթանալու համար մենք զրուցեցինք հավաքականի ֆան-ակումբների ներկայացուցիչների և մարզական լրագրողների հետ:
Հայաստանի հավաքականի երկրպագու Սպարտակ Պետրոսյանը գտնում է, որ պետք է ռեալ դատել՝ որքան էլ Սարգիս Հովսեփյանի դերը մեր ֆուտբոլային պատմության մեջ անկրկնելի լինի, և նա էլ՝ մեր ֆուտբոլի լեգենդը, միևնույն է, վաղ է նրան մարզիչ նշանակելը:
Այլ կարծիք ունի մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը: Նա շատ ուրախ է, որ հենց Սարգիս Հովսեփյանն է նշանակվել մարզիչ: «Կարծում եմ, որ տիեզերքում չկա մեկը, ով ավելի քաջատեղյակ է մեր ազգային թիմից, քան Հովսեփյանը, ով, այսպես ասած, հավաքականի հիմնադրումից ի վեր եղել է թիմի անդամ: Ամեն դեպքում, մենք գրեթե ձախողել ենք մեր ծրագիրը «Եվրո»-ում, բայց ներկայիս ժամանակը հենց փորձարկումների ժամանակն է, իսկ Հովսեփյանի մոտ փորձարկումները լավ են ստացվում, հետևեք նրա «Փյունիկին», ու դա պարզ կլինի»:
Հավաքականի երկրպագու, «Առաջին հայկական ճակատի» անդամ Էդգար Պետրոսյանը նույնպես կարծում է, որ մենք տեսական հնարավորություն չունենք «Եվրո 2016»-ի ընտրական փուլում, իսկ Սարգիս Հովսեփյանի նշանակման մասին ասում է. «Հովսեփյանը չունի անհրաժեշտ ամենաբարձր ՊՐՈ կարգը, չունի ազգային հավաքականի մակարդակով աշխատանքային փորձ, սակայն նա աշխատում է մարզիչ «Փյունիկ» ակումբում և իր աշխատանքը շատ լավ է կատարում: Հովսեփյանը դեռ ոչ վաղ անցյալում հանդես էր գալիս մեր հավաքականում ավագի կարգավիճակով, Հովսեփյանը մեծ հեղինակություն է վայելում հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կողմից, նա իր տասը մատների պես ճանաչում է հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, միգուցե շատ ավելի լավ, քանի ֆուտբոլիստներն իրենք իրենց են ճանաչում, ուստի նա հիմնական կազմի ընտրության հետ կապված երբեք դժվար ընտրության առաջ չի կանգնի,շատ արագ և շատ լավ կարող է կողմնորոշվել, թե որ ֆուտբոլիստն է ներկա պահին և ֆիզիկապես, և հոգեպես պատրաստ հանդես գալու իր ուժերի առավելագույն կարողությամբ: Ինքս մեծ հավատով և հույսով եմ տրամադրված, ճանաչելով Սարգիսին՝ և որպես ֆուտբոլիստ, և որպես մարզիչ, անելու եմ ինձանից կախված ամեն ինչ՝ նրան օգնելու համար»:
Ի հակադրություն վերը նշված կարծիքների, հավաքականի երկրպագու Կարեն Մսրյանը կարծում է, որ մենք ունենք շանսեր նաև «Եվրո 2016»-ի ընտրական փուլում: «Ասեմ, եթե համարում ենք, որ «Եվրո-2016»-ն արդեն ավարտված է մեզ համար, ապա, ով ուզում է լինի մարզիչ, ինձ համար մեկ է, բայց կարծում եմ, որ շանսեր ունեինք դուրս գալու համար. 4 տնային խաղ ունենք, ես Սերբիայի խաղն էլ եմ համարում տնային խաղ»:
Մարզական լրագրող Երվանդ Հակոբյանը կարծիք հայտնելիս ժամանակից առաջ չի ընկնում, քանի որ դեռ չի տեսել ազգային հավաքականի մարզիչ Հովսեփյանին: «Ժամանակ է պետք, հույս ունեմ, որ մեր լեգենդար ֆուտբոլիստը կարդարացնի մեր սպասելիքները, ամեն դեպքում, հայ երկրպագուները նրա կողքին են: Իսկ ինչ վերաբերում է փոխարինվելուն, վստահ եմ, որ մի քանի հաջող խաղեր անցկացնելուց հետո պաշտոնապես կգլխավորի հավաքականը»,- մեզ հետ զրույցում նշեց Երվանդը:
Հավաքականի երկրպագու Դավիթ Թորոսյանի կարծիքով էլ՝ էական չէ, թե ով կլինի մարզիչը, կարևորն արդյունքն է: «Մարզչի պաշտոնում հաստատվելու համար հաղթանակներ են պետք, և կարծում եմ՝ այս դեպքում ֆեդերացիան կառաջնորդվի երկրպագուների տրամադրություններով։ Բնականաբար, այս տարբերակը կդիտարկվի, եթե հավաքականը խաղ և խաղային ձեռագիր ցույց տա, այլ ոչ՝ անատամ խաղ»:
Սիրարփի Աղաբաբյան
Լուսանկարը՝ sport.news.am-ի