Ճշմարիտյանը մտահոգություն հայտնեց ռուբլու փոխարժեքի անկայունության վերաբերյալ
«Ընդհանրապես առաջին եռամսյակը ցանկացած տարվա համար տնտեսական ակտիվության ցածր մակարդակի վրա է լինում, և դա էական չէ՝ կապվա՞ծ է անցյալ տարվա շոկերի հետ, թե՞ ոչ: Ամեն տարի է այդպես, առանձնապես այս տարի, որ անցյալ տարվա ցնցումները որոշակի ազդեցություն ունեցան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ դրական գնահատելով առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության 2.5 % ցուցանիշը: Ըստ նրա՝ դա հուսադրող է տարվա մնացած մասի համար:
Նախարարի խոսքով՝ դեպի ՌԴ հայ արտահանողների խնդիրները շարունակվում են, սակայն որոշ ընկերություններ ինչ-որ ելքեր արդեն գտել են, ուժեղ և ֆինանսապես ամուր ընկերությունները նույնիսկ ցածր գներով իրենց շուկաները պահպանում են:
Կ. Ճշմարիտյանը մտահոգություն հայտնեց ռուբլու փոխարժեքի անկայունության հետ կապված. «Քանի դեռ դա անկայուն է, սպասողական իրավիճակ է առաջացնում: Այդքան էական չէ՝ կլինի ցածր, թե բարձր, որքան որ լինի կայուն»: