Բաժիններ՝

ԱԱԾ պետն ու ՀՀ գլխավոր դատախազը՝ ընդդեմ արդարադատության նախարարի ներկայացրած հայեցակարգի

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը:

Ըստ նախարարի՝ վերականգնողական արդարադատությունը, որը երկխոսության հնարավորություն է ստեղծում տուժողի և հանցագործություն կատարած անձի միջև, ցույց է տալիս տուժողի կողմից արդարադատությունից բավարարվածության ավելի բարձր ցուցանիշ, իսկ հանցագործություն կատարած անձի կողմից՝ պատասխանատվության ավելի մեծ զգացումի ձևավորում.

Ըստ հայեցակարգի՝ ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ստեղծումը և զարգացումը բխում է քրեական արդարադատության ոլորտում եվրոպական երկրների որդեգրած քաղաքականությունից: Մասնավորապես, մարդու իրավունքները և ազատությունները այն հիմնարար արժեքներն են, որոնք երաշխավորվում են պետության կողմից, և պետական հարկադրանքի բոլոր միջոցները, այդ թվում` պատիժը, պետք է հիմնված լինի այդ արժեքների վրա:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ հայեցակարգը բավականին երկար քննարկվել է և առարկություններ եղել են ծառայության կիրառման առաջին փուլի վերաբերյալ:

Գ.Կոստանյանի խոսքով՝ խնդրահարույց է, որ պրոբացիոն ծառայողը պետք է կարծիք հայտնի, թե տվյալ անձի նկատմամբ ինչ խափանման միջոց պետք է կիրառի նախաքննության մարմինը, կամ դատարանը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամանակ ինչ չափով պետք է հաշվի առնի պրոբացիոն ծառայողի կարծիքը, տվյալ անձի նկատմամբ, տվյալ խափանման միջոցը կիրառելու նպատակահարմարության վերաբերյալ: Կոստանյանը շեշտեց, որ իր խորին համոզմամբ, դա անընդունելի է, քանի որ պրոբացիոն ծառայողը պետք է ամբողջ քրեական գործի մասին պատկերացում ունենա:

«Խնդրում եմ նկատի ունենալ հետևյալը՝ պրոբացիոն ծառայողը, երբ որ ներկայացնում է իր կարծիքը, ըստ հայեցակարգի, ինքը գործնականում չունի պատասխանատվության միջոց, այսինքն՝ Պողոսյան Պետրոսին պետք չի կալանքի տանել, պետք է իր նկատմամբ ստորագրություն կիրառել, որովհետև ինքը լավ տղա է, ազնիվ է, ընտանիքին նվիրված է և այլն:

Այսինքն՝ տվյալ խափանման միջոցի կիրառման ենթակա անձի սոցիալ-հոգեբանական պատկերը նկարագրելու համար հիմք հանդիսացող տվյալների համար պատասխանատվություն չունի, զրո պատասխանատվություն է, ինչը մեր խորին համոզմամբ կարող է հանգեցնել կոռուպցիոն մեծ ռիսկերի դրսևորման»,- ասաց Գ.Կոստանյանը՝ հավելելով, որ պետք է ժամանակային բաշխումով անել և չի կարելի մեխանիկորեն բերել ներդնել միջազգային փորձը:

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ևս բողոքեց հայեցակարգից: Ըստ նրա՝ Հայաստանի պայմաններում ծրագրի կիրառումը նշանակում է «ծնել մի մարդու, ով տանը նստած, փողերը վերցնում ու գործ է սարքում»:

Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում գիտական մակարդակը չի հասել նրան, որ այդպիսի մարդիկ լինեն. «Օրինակ «поиск» անենք, չենք գտնի նման մարդ: Սա նշանակում է, որ հարցն ինչ-որ մի էտապում կլուծեն, մի հոգով կլուծեն կաֆեներում, տարբեր տեղերում, և Հայաստանի պայմաններում շատ բարդ կլինի: Հնարավոր է` մի 20 կամ 30 տարի հետո շատ գեղեցիկ բան ստացվի, բայց ես հիմա չեմ պատկերացնում: Հիմա էլ մի բան պետք է ստեղծենք, որ տեսնենք` ով, երբ վերցրեց փողը: Շատ բարդ է: Հայաստանում փող տալ-վերցնելը, դե, գիտեք: Ինձ թվում է, թե բան չի ստացվի սրանից»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդարտեցրեց գործընկերներին՝ հայտարարելով, որ հրատապ որոշում չեն կայացնելու:

«Ես կարծում եմ, որ պետք է գնանք առաջ, ծառայությունը մեզ համար կարևոր է, բայց դա չի տալիս մեզ հիմք, որ շտապենք, ու սխալներ թույլ տանք: Պետք է ուսումնասիրենք աշխարհի փորձը և ներդնենք»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս