Եղեռնի հայկական գույները
Հայոց մեծ եղեռնը շատ-շատերի ստեղծագործությունների թեման է դարձել, կոտորածների ողբերգական տեսարանները բազմաթիվ նկարիչների աչքի առաջ են եղել, մյուսներն էլ լսել են ականատեսներից, և կտավներին են հանձնվել անձնական հուշերն ու լսած պատմությունների կենդանի պատկերները:
Կոտորածներից հրաշքով փրկվածներից ու նրանց զավակներից շատերը դարձել են վրձնի վարպետներ ու անթիվ գործեր նվիրել Եղեռնի թեմային, իսկ նրանցից մեկը տարիներ շարունակ հավաքել է բոլոր այդ կտավներն ու զետեղել մեկ գրքում:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանի վերջին լույս տեսած «Եղեռնի արձագանքը հայկական կերպարվեստում» գիրքն իր մեջ ներառում է շուրջ 60 նկարչի 160-ից ավելի գործ:
«Երկար տարիներ աշխատելով մայր արվեստում, լինելով Մարտիրոս Սարյանի թանգարանի հիմնադիրը և մոտ 40 տարվա տնօրենը, 13 տարի աշխատելով Երևանի ազգային պատկերասրահի տնօրեն, կապվեցի արվեստի հետ, կապվեցի նկարչության հետ, նկարիչների հետ ու սկսեցի առանձնապես հետաքրքրվել հայկական կոտորածները ներկայացնող արվեստի գործերով: Մտածում էի, որ շատ շուտով՝ մի 10-15 տարի հետո, պետք է լինի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և այդ կապակցությամբ ուզում էի ինչ-որ մի բան անել»,- ասում է վաստակաշատ արվեստաբանը:
Եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ լույս տեսած հատորյակը բաժանված է չորս գլխի՝ առաջինը՝ 1894-96թթ. կոտորածների անդրադարձն է, որտեղ զետեղված են այն նկարիչների գործերը, որոնք անդրադարձել են մինչև Մեծ եղեռնը տեղի ունեցած կոտորածներին: Երկրորդը՝ 20-րդ դարասկզբի նկարիչների պատկերումներն են, որոնցում տեղ են գտել այն նկարիչների աշխատանքները, որոնք վերապրել են Ցեղասպանությունը, փրկվել են մահից ու շարունակել ստեղծագործել՝ անձնական հուշերը սրտում պահած:
Երրորդ խումբը 1915-ի Եղեռնից փրկված որբերի գործերն են, որոնք հետագայում դարձել են նկարիչներ ու ծնունդ են տվել իրենց ծանր հուշերին: Իսկ վերջին գլխում ներկայացված են այն աշխատանքները, որոնց հեղինակները ծնվել են մինչև 1930-ականները, և, հոգեպես իրենց ծնողների ճակատագրին կապված՝ կտավին են հանձնել նրանց հուշերը:
«Մտածում էի՝ այնպիսի մի գիրք ստեղծեմ, որ չորս սերնդի տպավորություն ստեղծի: Ձգտել եմ ներկայացնել, թե ինչ ձևով է Հայոց եղեռնը վերապրել այդ չորս սերունդը»,- պատմում է գրքի հեղինակը:
Հայոց ցեղասպանության հանդեպ ունեցած մեծ հետաքրքրության հիմքում ընկած է Շահեն Խաչատրյանի հոր՝ կոտորածներից փրկվելու պատմությունը. նրա հայրը նույնպես եղել է այդ ոճրագործությունների ականատեսը, ու 12 տարեկան հասակում տեսնելով իր հոր մահը՝ թուրքերի սրից փախչելու միտումով, նետվել է ջուրն ու կարողացել է ողջ մնալ, հետագայում սերունդներ տալ հայ ազգին: Արվեստագետը պատմում է, որ հորից լսած պատմություններն այնքան դաժան էին, որ գրքի մեջ ներառած կոտորածների սարսափազդու պատկերներն այլևս այն ուժը չունեին, որ խենթացնեին իրեն և այս տարիների ընթացքում ստիպեին դադարեցնել իր հավաքագրումները:
Ամեն ինչ սկսվել է հայ աշխարհահռչակ նկարիչ Ժանսեմի՝ Եղեռնին նվիրված նկարների ցուցադրություններից, որոնց հաճախ մասնակցում էր ինքը՝ Շահեն Խաչատրյանը. նրանք մտերիմներ էին, և նկարիչը հաճախ էր հրավիրում իր ցուցահանդեսներին: Շահեն Խաչատրյանին հետաքրքրում էին ոչ միայն կտավները, այլև Ժանսեմի կյանքի պատմությունը, չէ՞ որ նա նույնպես Եղեռնից փրկվածի որդի էր, նրա մայրը նույնպես տեսել էր իր մոր մահը Դեր Զորի անապատում, կարողացել էր փախչել թուրքական սրից ու ողջ մնալ սերունդների համար: 2004թ. սկսած, Ժանսեմի գործերին ծանոթանալուց հետո, Շահեն Խաչատրյանը սկսում է հետաքրքրվել կոտորածների մասին պատմող կտավներով և իր համար կատարում է մեծ բացահայտումներ:
«Արդյո՞ք սկսեց միայն 1915-ով… Այստեղ ինձ համար բացվեց մի շատ կարևոր հարց, որը մեր պատմության մեջ արտակարգ երևույթ է, որի մասին մենք չգիտեինք: Դա հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին էր: 1894-1896թթ. Արևմտյան Հայաստանում մոտ 300 հազար մարդ կոտորեցին, և հենց այդ տպավորությամբ` առաջինն Այվազովսկին նկարեց Եղեռնի գործեր, որոնցից մեկն էլ Տրապիզոնի ջարդն է, որտեղ հայերին նետում են ծովը: Դրանք ինձ համար նորություն եղան, որի շարունակությունն էլ եղավ Վարդգես Սուրենյանցը, որը նկարեց այնպիսի գործեր, որոնք այդ կոտորածների հրաշալի պատկերումը դարձան»,- պատմում է արվեստագետը:
Ի դեպ՝ «Եղեռնի արձագանքը հայոց կերպարվեստում» գիրքն այս թեմայով լույս տեսած միակ գիրքը չէ. Ցեղասպանության 95-ամյա տարելիցի առիթով լույս էր տեսել Շահեն Խաչատրյանի «Ցավի գույնը» ծավալով ավելի մեծ գիրք-ալբոմը: Այս գրքերն իրենց մեջ հիմնականում նույն գործերն ու տեղեկություններն են ներառում, պարզապես 100-ամյա տարելիցի առիթով հեղինակը ցանկացել է ավելի փոքր ու նաև լրացուցիչ աշխատանքներով գիրք ներկայացնել:
«Եղեռնի արձագանքը հայկական կերպարվեստում» գիրքն արվեստաբանի «Ճանաչիր և սիրիր» մատենաշարի 9-րդ հատորյակն է: Շահեն Խաչատրյանն ասում է, որ առհասարակ այս գրքի հանդեպ հետաքրքրությունն ավելի շատ արտասահմանում է եղել, մեր երկրում այն բուռն արձագանքների չի արժանացել:
Գրքում զետեղված շուրջ 60 նկարչի գործերը, իհարկե, տարբերվում են միմյանցից ժանրերով, պատկերված իրադարձություններով, տեսարանների վերարտադրությամբ, ասելիքի սրությամբ, սակայն դրանց միավորում է Ցեղասպանության անդառնալի ոճրագործությունը: