Մահացել է մեծանուն ծանրորդ Վարդան Միլիտոսյանը

Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը:  Ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:

Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8 –ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:

Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ, 1964-ից, մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Վարպետության դասերը լավ էր ընկալում շնորհալի մարզիկը: Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: ԽՍՀՄ հավաքականում, 75 կգ քաշային կարգի առաջատարը,  դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր /1976 թ./, աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում: Փաստորեն, որոշակի տեղատվությունից հետո,   նրա շնորհիվ Հայաստանում վերսկսվեց ծանրամարտի վերելքը:

 

Կարդացեք նաև

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո /1980 թ./ մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ: Նա շատերին վարպետության դասեր տվեց: Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն` Իսրայել Միլիտոսյանին` նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն , օլիմպիական խաղերի արծաթե /1988 թ./ և ոսկե /1992 թ./ դափնեկիր:

 

Երբեք չէր խոսում, չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին, քանզի նա բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներինL Ահա թե ինչու մարզադրոցի աշխատակազմը չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն:

 

Վերջին տասնամյակում, սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով, նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել: Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով-սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է   հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին:

Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա, քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական  ու համաշխարհային  սպորտի պատմագրքում:

ՀԱՕԿ -ի լրատվության բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս