Ինչ մեթոդներով են մարդիկ ազատվում բանակից. քննարկում ԱԺ-ում
Զորակոչի ենաթակա երիտասարդները, որ արտերկրում են ու խուսափում են զորակոչից` ներկայիս օրենսդրության համաձայն, կարող են 1.8 մլն դրամ վճարել, չծառայել բանակում ու չենթարկվել քրեական պատասխանատվության: Նման հաշվարկ այսօր ԱԺ-ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար 1 տարով երկարաձգել ժամկետը, որ վերադառնան հայրենիք ու, վճարելով սահմանված գումարը, խուսափեն քրեական հետապնդումից:
Ըստ Մ.Մելքումյանի՝ այս գումարը՝ բաժանելելով ամիսների վրա, աբսուրդային թիվ է ստացվում: Նրա կարծիքով՝ եթե կտրուկ բարձրացվի գումարը, գուցե ավելի արդյունավետ կլինի:
Հարակից զեկուցող պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մարդիկ կան, որ այնքան գումար չունեն, որ Ամանորին գան հարազատներին տեսնելու ու, եթե գումարը բարձրացնեն, ընդհանրապես չեն գա հայրենիք: Մարուքյանը նշեց, որ այս հետախուզումը կիրառվում է միայն ԱՊՀ երկրներում, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում հանգիստ ապրում են, ու չեն մտահոգվում. «Գումարը բարձրացնելու դեպքում հավելյալ խոչընդոտ ենք առաջացնում, որ ընդհանրապես չգան»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց, որ գուցե արժե բարձրացնել շեմը: Նա նշեց, որ իրեն այնպիսի դեպքեր են հանդիպել, որ երիտասարդները հատուկ վնասել են իրենց, որ բուժծառայությունը խնդիր գտնի ու կարողանան «դիզերտիրի նման երկրից փախնել»: Ն.Զոհրաբյանի խոսքով՝ պաշտոնյաների երեխաները ծառայում են հատուկ պայմաններում:
Է.Մարուքյանը համաձայնեց, որ բանակից խուսափելու համար տարբեր միջոցների են դիմում, երեխան դեռ 8 տարեկան, թուղթ են պատրաստում, որ կարողանան հետագայում ազատվել բանակից. «Հիմնական խնդիրն այստեղ է, որ հասկանանք, թե մարդիկ ինչ մեթոդներով են ազատվում բանակից»:
Մարուքյանը նաև նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ զոհեր են եղել ու սոցցանցերում հարց է քննարկվում, որ բոլոր զոհվածներն անգամ միջին խավի ընտանիքի երեխաներ չեն, այլ ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են: Նա հիշեցրեց ասացվածքը, որ հայրենիքը աղքատինն է միայն պատերազմի ժամանակ:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ամեն ինչ չներկայացնել սև գույներով, քանի որ այդպես չէ և վերջին տարիներին զորակոչի խնդիրներրը շատ են կարգավորվել:
«Ոչ մի սև-սպիտակի հարց չկա: Այն, ինչ ես նշում եմ, կա: Եթե խոսք գնա դրականի մասին, բազմաթիվ բաներ կան, որ կարելի է նշել, բայց սա ԱԺ ամբիոն է, և ես եկել եմ այստեղ խնդիրներ բարձրացնելու, ոչ թե գովասանքի խոսք ասելու»,- ասաց Մարուքյանը: