«Ամնիստիայի ակտին եք սպասում, անհիմն ձգձգում եք դատավարությունը». Միսակ Մարտիրոսյան. «Փաստինֆո»
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին երկու լրացուցիչ վկաներ՝ մեղադրող կողմի միջնորդությամբ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ ֆինանսական հարցերով տեղակալ Ռշտունի Ասիկյանը ներկայացրեց ֆինանսական նախահաշիվների ներկայացման, դրանց հաստատման մեխանիզմներն ու կարգը: Ըստ ֆինանսական պատասխանատուի, ստուգվում է դրանց համապատասխանությունն օրենքին:
«Կարո՞ղ են այդքան թվերը ստուգվել» հարցին ի պատասխան վկան հայտնեց, որ դրա համար պետք է այդ թվերի ծագումն իմանալ: «Կարո՞ղ է Դատական դեպարտամենտի ղեկավարը չհաստատել» Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի հարցին ի պատասխան վկան նշեց՝ այո, եթե հիմնավորեր, թե ինչու:
Փաստաթղթերի ստուգումից տեսանելի կարո՞ղ էին լինել «մեռած հոգիները», այսինքն՝ փաստացի չաշխատող, սակայն հաշվառված դատական կարգադրիչները, վկան բացասական պատասխան տվեց, ինչին հետևեց հարցն ուղղած Միսակ Մարտիրոսյանի արագ արձագանքը՝ «դրա համար եմ ես այստեղ, մի զարմացիր»: Վկան հավելեց, որ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը նույնպես չէր կարող «իր կաբինետում նստած իմանալ դա»:
Իսկ երկրորդ վկան՝ Ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության աշխատակիցը զարմացել էր, որ իրեն դատարան են հրավիրել ստուգման ակտի հետ կապված՝ 36 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում դա առաջին անգամն է:
Դատարանում հետազոտվեցին մեղադրող կողմի միջնորդությամբ Դատական դեպարտամենտից պահանջված՝ 2009-2013թթ. ֆինանսական նախահաշիվներն ու հայտերը՝ 226 թերթից կազմված:
Նշենք, որ արդեն դատական վիճաբանությունների փուլում գտնվելով՝ դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը դատաքննությունը վերսկսելու մասին՝ լրացուցիչ ապացույցներ հետազոտելու համար:
Միսակ Մարտիրոսյանը հայտարարեց, որ «այդ ամբողջի պատճառն այն է, որ ամնիստիայի ակտին եք սպասում, անհիմն ձգձգում եք դատավարությունը», սակայն իր հերթին միջնորդեց հարցաքննել նախաքննությունն իրականացրած երկու քննիչների: Մեղադրող Հակոբ Մելքոնյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ վարույթն իրականացրած մարմնի ներկայացուցիչները դատարանում կարող են հարցաքննվել միայն քննության ընթացքում չարաշահումների ու խախտումների առնչությամբ, ինչի մասին չնշվեց: Դատարանը մերժեց միջնորդությունը որպես ակնհայտ անհիմն:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: