Թուրքիայի դերը Ռուսաստանի համար չափազանց կարևորվել է, ինչը վտանգավոր է Հայաստանի համար. Արա Պապյան

168.am-ի զրուցակիցն է «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան, դիվանագետ Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի չօգտագործումը հիասթափության և քննադատության հերթական ալիքը բարձրացրեց Հայաստանում և ԱՄՆ հայ համայնքի շրջանում: Որոշ փորձագետներ պնդում են, որ ԱՄՆ ներկայիս նախագահի կողմից այդ տերմինի օգտագործումը կհանգեցնի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման: Ինչո՞ւ են շատերը դարձել այդ եզրույթի գերին, ո՞րն է դրա կարևորությունը:

– Կարծում եմ, որ պետք չէ կարևորություն տալ: Դա կարևոր էր այն ժամանակ, երբ մենք ավելի լուրջ պահանջներ չէինք կարող ներկայացնել ԱՄՆ-ին, այսինքն` մինչև Հայաստանի անկախացումը: Բնականաբար, պայքարի միակ ուղին դա էր մնում, քանի որ պահանջել ՀՀ-ի համար որևէ բան, կնշանակեր՝ պահանջել ինչ-որ բան ԽՍՀՄ-ի համար, որը սառը պատերազմի պայմաններում անհնար կլիներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ-ը դեռևս 1951թ. առաջին անգամ ճանաչել է Ցեղասպանությունը, հետո մի քանի նախագահ օգտագործել է այդ բառը, այնպես որ, ես ճանաչման օգուտը չեմ տեսնում, թեև, իհարկե, լավ կլինի: Սակայն ճանաչման գործընթացն առաջ մղելու կարիք չկա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա մեզանից հսկայական միջոցներ է պահանջում ճանաչման գործընթացը:

– Օրերս անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում միջազգային իրավունքի մի շարք մասնագետներ խոսեցին գույքի վերադարձման համար հայցեր ներկայացնելու մասին: Որքանո՞վ է իրատեսական սպասել, որ այդ հայցերը դրական ելք կունենան և կօգնեն վերադարձնել կորսված ունեցվածքն ու գույքը:

–  Եթե մենք հետևում ենք հայոց պայքարի ուղուն, նպատակներին, ակնհայտ է, որ երբեք էլ ճանաչումը նպատակ չի եղել, այլ՝ միջոց մինչև 60-ական թթ. կեսերը: Մտածվեց, որ ճանաչման գործընթացը պետք է նպաստի քաղաքական որոշումների կայացմանը, որը միգուցե ճիշտ էր այդ պահի համար: Սակայն հիմա պետք է մտածենք հետևանքների վերացման մասին, որն ունի տարբեր մակարդակներ: Մակարդակներից անհատական և խմբակային հայցերն են գույքի վերաբերյալ, որովհետև մարդիկ կյանքեր են կորցրել, որը հնարավոր չէ վերականգնել, բայց կա գույքային հարց, որը պետք է նպաստի Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարմանը: Երկրի սոցիալ-տնտեսական կացությունը մտահոգիչ է, ու այդ վիճակի որոշ պատճառներ պայմանավորված են Ցեղասպանությամբ. տարածքների կորուստ ենք ունեցել , դա հանգեցրել է հնարավորությունների սահմանափակմանը, երկրի շրջափակելիությանը, դա ավելի վտանգավոր է դարձրել Հայաստանի ապահովությունը, որը մեզ ստիպում է կողմնորոշվել՝ ի վնաս մեր տնտեսական շահի, բայց հանուն մեր անվտանգության: Ուստի պետք է ուղղությունը դրվի հետևանքների վերացման վրա:

– Խոսեցիք կողմնորոշման մասին: Օրերս արդեն երկրորդ անգամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան առաջարկում է, որպես ՌԴ-ն դառնա միջնորդ Հայաստանի և Թուրքիայի միջև: Հաշվի առնելով ՌԴ միջնորդական փորձի պատմությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` ի՞նչ սպասել այս միջնորդությունից:

– Ռուսական սովետական դիվանագիտությունը, որը մենք տեսել ենք, հիմնված չէ արդարության վրա, հիմնված է «և՛ Ձեզ, և՛ մեզ» սկզբունքի վրա: Երբ մենք նայում ենք Ռուսաստանի քաղաքականությանը Ղարաբաղի կամ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, նա ոչ թե ասում է` Հայաստանն իր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը` ոչ, այլ ցանկանում է բոլորի հետ լավ լինել, իսկ երբ Ադրբեջանի հետ Ռուսաստանը ցանկանում է լավ լինել, դա անում է Հայաստանի շահերի հաշվին:

Հետևաբար՝ պետք է հստակեցվի, թե ինչի հիման վրա պետք է այն լինի, եթե խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանը ցանկանում է հաշտեցնել, ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք նշանակում է Հայաստանի հրաժարում սեփական իրավունքներից՝ հանուն ինչ-որ բանի, հրաժարվելը մեծ բան չէ, մենք առանց ՌԴ-ի օգնության ևս կարող ենք հրաժարվել, իսկ եթե խոսքը նրա մասին է, որ իրենք մեզ պետք է օգնեն, որ վերականգնենք մեր իրավունքները և ինչ-որ մի բան ձեռք բերենք, ապա պետք է հստակ հայտարարվի, թե իրենց նպատակն ինչն է: Այսօր հաշվի առնելով ՌԴ-Թուրքիա տնտեսական հզոր հարաբարերությունները, մեծ-մեծ ծրագրերը, չեմ հավատում, որ ՌԴ-ն՝ վտանգելով իր տնտեսական շահերը, հանուն Հայաստանի ինչ-որ մի բան անի, քանի որ այդ շահերը շատ մեծ են:

– Միգուցե ՌԴ-ն ցանկանում է այդ միջնորդությամբ ծառայությո՞ւն մատուցել Թուրքիային` վերացնելով Հայկական հարցը Թուրքիայի համար:

– Դա արդեն կլինի ոչ թե հաշտեցում, այլ ծառայությունների մատուցում Թուրքիային:

– Այս տեսակետը որքանո՞վ տեղ ունի:

– Ցանկացած տեսակետ տեղ ունի: Չենք կարող բացառել: ՌԴ-ի և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրերը հսկայական տնտեսական եկամուտ են բերելու ՌԴ-ին: Ատոմային պայմանագրերը, գազամուղի կառուցումը, նավթամուղի կառուցումը, Ռուսաստանի շահերից է այս ամենը բխում: Ռուսաստանն այսօր մեծ ընտրություն էլ չունի: Ռուսաստանի տնտեսությունը խարսխված է վառելիքի արտահանման վրա, դա արվում էր Ուկրաինայով, այդ ուղղությունն այլևս հնարավոր չէ օգտագործել, պետք է շրջանցել, իսկ շրջանցել հնարավոր է Թուրքիայով, ինչը նշանակում է, որ Թուրքիայի դերը չափից ավելի կարևորվում է Ռուսաստանի համար, որը Հայաստանի համար լավ չէ:

 

Տեսանյութեր

Լրահոս