Ցեղասպանության ճանաչումներն է´լ ավելի մեկուսացրին Թուրքիան. Hürriyet Daily News

Ապրիլի 25-ին թուրքական Hürriyet Daily News թերթում հրապարակվել է հոդվածագիր Սերքան Դեմիրթաշի «Ցեղասպանության ճանաչումներն է´լ ավելի մեկուսացրին Թուրքիան» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Ապրիլի 24-ին «Հյուրիյեթ» օրաթերթի լրագրող Ջանսու Չամլըբելին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բաց կերպ ընդգծել է, որ 2015 թվականին չի ավարտվում (ցեղասպանության հարցում) Հայաստանի պայքարը, և որ այն պարզապես թևակոխում է ավելի հասուն փուլ:

Օսմանյան կայսրությունում իր նախահայրերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ նա «Հյուրիյեթին» հայտարարել է հետևյալը.

«Եկեք չմոռանանք, որ մենք Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և այդ հարցը բարձրաձայնելու հնարավորություն ենք ունեցել միայն Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո: Իսկ դա նշանակում է, որ մեր պայքարը նոր է սկսվել: Առաջիկա տարիներին այն կունենա առավել համակարգված ու նպատակամղված բնույթ»:

Հայկական պետության ու Հայկական սփյուռքի ծավալած բազմամյա եռանդուն ու ագրեսիվ կամպանիան, որն ուղղված է եղել նրան, որ ցեղասպանությունը ճանաչեն ավելի շատ երկրներ, 2015 թվականին տվեց կարևոր արդյունքներ:

Դրանց սկիզբ դրեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բաց ուղերձն ողջ կաթոլիկ աշխարհին, որում նա 1915 թվականի դեպքերը որակեց որպես ցեղասպանություն: Դրան հաջորդեցին G տառով սկսվող բառի (genocide` ցեղասպանություն) գործածումը Եվրոպական խորհրդարանի, Ավստրիայի խորհրդարանի, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մյուսների կողմից:

Այս հոդվածը գրելու ժամանակ ՌԴ Պետդուման ու Գերմանիայի Բունդեսթագը դեռ քննարկում էին ապրիլի 24-ին ցեղասպանության մասին բանաձև ընդունելու հարցը (ՌԴ Պետդուման ապրիլի 24-ին հայտարարություն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ, իսկ Գերմանիայի Բունդեսթագում դեռ անորոշ է մնում Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման ժամկետը` չնայած նրան, որ նրանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը տվյալ թեմայի շուրջ բանավեճերի ժամանակ կիրառեցին «ցեղասպանություն» եզրույթը  – 168.am):

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախընտրեց խուսափել 1915 թվականի դեպքերի համար «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, սակայն չպետք է մոռանալ, որ նա դեռ գրեթե երկու տարի գտնվելու է իր գրասենյակում և կարող է գտնել ցեղասպանությունն այլ կերպ անվանելու նոր հնարավորություն:

Պետք է նաև հասկանալ, որ Օբաման այդ բառը գործածելուց հրաժարվել է ոչ թե նրա համար, որ հաշվի է առել թուրքական պոտենցիալ արձագանքը, այլ հաշվի է առել իր երկրի ներկայիս շահերը: Սա է ընդհանուր պատկերը, որը միաժամանակ վկայում է շատ բաների մասին:

Դա առաջին հերթին վերաբերվում է նրան, որ Թուրքիան չկարողացավ հայկական կողմի ծավալած կամպանիային դիմագրավել դիվանագիտական, քաղաքական ու գիտական առումներով: Թուրքիայի միակ ռազմավարությունը եղավ ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի նշումը` Երևանի վրայից ուշադրությունը շեղելու համար:

Թուրքական թույլ ու հնացած ռազմավարությունը չհանգեցրեց ոչնչի` բացառությամբ հավելյալ հակաարևմտյան հռետորիկայի, ինչն առնչվեց ցեղասպանությունը ճանաչող երկրների մեծ մասին: Թուրքիան Վատիկանից ու Ավստրիայից հետ կանչեց իր դեսպաններին և հավանաբար նույնը կանի Գերմանիայի ու Ռուսաստանի պարագայում, եթե այդ երկրների խորհրդարանները ճանաչեն ցեղասպանությունը:

Հաշվի առնելով այն, որ Եվրոպական խորհրդարանն արդեն իսկ քվեարկել է համանման բանաձևի օգտին, անակնկալ չի հանդիսանա այն, որ Անկարայի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում առաջիկայում կդիտվի նոր սառը ժամանակաշրջան:

Ներկայումս ԵՄ-ի երկրների մեծ մասը մտնում է այն երկրների թվում, ովքեր 1915 թվականի դեպքերը ճանաչում են որպես ցեղասպանություն, և դա նոր խոչընդոտներ կստեղծի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ Բրյուսելի հետ բանակցություններում:

Եթե այդ իրավիճակը վատթարանա, ապա կաճի այն բանի ռիսկը, որ ԵՄ-ը Հայոց ցեղասպանության ճանաչումը կդարձնի նախապայման` Թուրքիայի անդամակցության համար:

Ռուսական ճակատում իրավիճակը ոչ պակաս բարդ է: Հաշվի առնելով Անկարայի ու Մոսկվայի միջև տնտեսական ու էներգետիկ խորը համագործակցությունը` չէր ակնկալվում, որ Պուտինը հայտարարություն կանի 1915 թվականի դեպքերի վերաբերյալ:

Ոչ վաղ անցյալում Ղազախստան կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այնքան հեռու գնաց, որ հետաքրքրություն ցուցաբերեց Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ի (միջազգային կազմակերպություն, որում մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը) հետ գործընկերության մասին:

Թվում է, թե Էրդողանը քաղաքական անդունդի մեջ է, քանի որ նա մոռանում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին դրանից հեռու պահելու Պուտինի ձգտման մասին: Ռուսաստանի դեմ թուրքական արձագանքի տոնն ու շրջանակը պետք է վկայեն նրա մասին, թե արդյոք Էրդողանը կշարունակի՞ ցուցադրել իր անզորությունը Թուրքիայի հյուսիսային հարևանի դեմ պայքարում:

Թերևս ամենակարևոր ցուցիչներից մեկը կլինի «Թուրքական հոսք» գազատարի ապագան, որը ռուսական գազը պետք է Թուրքիայի տարածքով հասցնի Եվրոպա:

Այս տարի Թուրքիայի ու Հայաստանի միջև պայքարը նվազեցնում է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու հնարավորությունները:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներին` Երևանում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Դավութօղլուն ընդգծել է նրանց դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ուր նրանք ԱՄՆ-ի հետ մեկտեղ ընդգրկված են երեք համանախագահող երկրների թվում.

«Երևանում Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների գտնվելը նաև ստվեր է նետում Մինսկի խմբի անկողմնակալության վրա: Դրա հետ կապված` ձեռնարկվել են դիվանագիտական անհրաժեշտ նախաձեռնություններ»:

Դավութօղլուն Պուտինին ու Ֆրանսիայի նախագահ Օլանդին ուղիղ քննադատելու փոխարեն նախընտրել է դա արտացոլել ԼՂ-ի հարցի վրա` ենթադրելով, որ սառեցված այդ հակամարտության հարցում առաջընթաց գրանցելը կլինի ավելի բարդ:

Կարճ ասած, Հայաստանի ծավալած կամպանիան հանգեցրեց նրան, որ արտերկրում Թուրքիայի իմիջը հայտնվեց ավելի ծանր դրության մեջ, արևմտյան աշխարհի հետ Թուրքիայի կապերը հայտնվեցին սարսափելի վիճակում, ինչն էլ կարող է առաջացնել ավելի մեծ մեկուսացում»:

Տեսանյութեր

Լրահոս