Քերոլայն Քոքս. «Ուրիշ բան չէր էլ կարելի սպասել ԱՄՆ-ից»
«Կարծում եմ՝ Թուրքիան, ի վերջո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա շատ կարևոր է Հայաստանի համար, ինչպես նաև կարևոր է Թուրքիայի համար: Ես վաղը համաժողովում խոսելու եմ այդ մասին: Մի քանի տարի առաջ ես Թուրքիայում էի և իմ կոլեգաները՝ պրոֆեսորներ, բոլորը գիտեն այդ իրադարձության մասին և բոլորը խրախուսում են, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Ըստ նրա՝ անգլախոս մամուլում շատ դրական առաջընթաց կա Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքում: Նրա կարծիքով՝ հավանական է, որ Գերմանիան ևս կճանաչի Ցեղասպանությունը: Ք.Քոքսը նշեց, որ այն բոլոր պետությունների կառավարությունները, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, փորձում են գործել իրենց շահերից ելնելով. «Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է, ես բավականին ժամանակ հակադրվել եմ այդ հարցում բրիտանական կառավարությանը: Հիմա ինչ-որ փոփոխություններ կան»:
Ք.Քոքսի խոսքով՝ Թուրքիան ժխտողականության քաղաքականություն է որդեգրել, որովեհտև վախենում է ամոթի բիծ թողնել իր պատմության և իր մարդկանց վրա. «Կարծում եմ, որ Թուրքիայի կառավարության և պետության համար շատ ավելի ճիշտ կլիներ, որ իրենք մտածեին, որ Ցեղասպանությունը ճանաչելն ավելի շատ պատվի հարց է, քան ամոթի: Թուրքիան ավելի պատվով դուրս կգա, եթե ճանաչի Ցեղասպանությունը: Մյուս կարևոր գործոնը, որ խանգարում է Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը, պահանջատիրությունն է»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի է ամերիկյան քաղաքականության մասին, հաշվի առնելով այն, որ արդեն իսկ նշվում է, որ Օբաման այս տարի էլ չի ասի Ցեղասպանություն բառը, բարոնուհին հարցրեց՝ «Դուք զարմացա՞ծ եք»: Ըստ նրա՝ ուրիշ բան չէր էլ կարելի սպասել ԱՄՆ-ից. «ԱՄՆ շատ նահանգներ ընդունել են Ցեղասպանությունը, և ես ուրախ եմ դրա համար: Ցավում եմ, որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունել»:
Ք.Քոքսը հրաժարվեց մեկնաբանել ՄԹ արքայզն Չարլզի այցը Թուրքիա՝ Գալիպոլիի տոնակատարություններին մասնակցելու համար: Նա նշեց, որ անցած շաբաթ օրը Լոնդոնում մեծ միջոցառում է եղել, որի ժամանակ բարձրացվել են այն բոլոր երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպաությունը, այդ թվում՝ Կանադայի՝ ԱՄՆ հարևանի: Նա հույս հայտնեց, որ Հռոմի պապի ելույթը կարող է նպաստել, որ կաթոլիկ մյուս պետություններն էլ, որ դեռ չեն ճանաչել, հետևեն Պապի օրինակին ու ճանաչեն Ցեղասպանությունը: