Անգելա Մերկելը Մոսկվա կարող է ժամանել մայիսի 10-ին. Պեսկով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում քննարկում են մայիսի 10-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոսկովյան այցի հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սրանից առաջ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ Մերկելը որոշել է ներկա չգտնվել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին և Ռուսաստանի մայրաքաղաք ժամանել մայիսի 10-ին:
Պեսկովը հավելել է, որ Կրեմլը տեղեկություններ չունի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցության մասին. «Ինձ դեռ ոչինչ հայտնի չէ այդ մասին: Ես նրան չեմ տեսել մասնակիցների ցուցակում:
Գագաթաժողովը տեղի է ունենալու մայիսի 8-ին, դա կլինի ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով: Մենք չենք բացառում, որ որևէ մեկը կարող է չգալ»:
Պեսկովը հաստատել է, որ ակնկալվում է այդ գագաթաժողովին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը, ով, սակայն, մայիսի 9-ին չի գտնվի Մոսկվայում և վերադարձած կլինի Մինսկ՝ տեղի զորահանդեսն ընդունելու համար: