
Պուտինն ու Օլանդը Երևանում կքննարկեն մինսկյան համաձայնագրերի իրագործման հարցը. Ուշակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդն ուրբաթ կհանդիպեն Երևանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ երևանյան հանդիպման ժամանակ քննարկվելու են Ուկրաինայի վեաբերյալ մինսկյան համաձայնագրերը, և հնարավոր է՝ նաև «Միստրալ» ռազմանավերի հարցը. «Հայաստանի Հանրապետության նախագահի անունից տրվելու է պետական ճաշ, ինչից հետո տեղի է ունենալու մեր երկկողմ հանդիպումը Սարգսյանի հետ, ապա տեղի կունենա Օլանդի հետ շփումը»:
Ուշակովը հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդները հանդիպել են Նորմանդիայում, զրուցել են Վնուկովոյում, Կրեմլում՝ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ, ինչպես նաև քանիցս շփվել են հեռախոսով. «Ներկայում նույնպես լինելու է շատ կարևոր շփում»: Ուշակովի խոսքերով՝ Պուտինն ու Օլանդը քննարկելու են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունների հարցը: