«Ֆորումին գրանցվողների թիվը անցել է բոլոր հնարավոր ակնկալիքները»
«Միջոցառումների լուսաբանման մեջ մենք տեսնում ենք, որ մեր բոլոր գործընկերները և ԶԼՄ-ները շեշտադրումը դնում են ցեղասպանությունների հանցագործության վրա առհասարակ: Դա թույլ է տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարը տանել նոր, շատ ավելի բարձր մակարդակով՝ ընդհանրապես ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի առումով: Եվ մենք Ցեղապանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մեջ 3-րդ հենասյունը դրել ենք միջազգային ճանաչումը»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք շատ գերզբաղված են, հաճախ ընդամենը մի քանի ժամով են այցելել Երևան՝ մասնակցելու ֆորումին, ինչպես ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստեյնը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիզ Մորենո-Օկամպոն, ովքեր կանգնեցին հայ ժողովրդի կողքին «Ընդդեմ ցեղասպանությունների հանցագործությունների» ֆորումի շրջանակներում՝ ասելով, որ «այլևս երբեքը», ցավոք, այս պահին չի աշխատում, քանի որ Հայոց ցեղասպանությանը հետևել են շատ ցեղասպանություններ և 20-րդ դարը դարձել է մարդկության պատմության մեջ ամենաարյունոտը:
Ըստ Վ.Սարգսյանի՝ քաղաքական առումով ցեղասպանությունների կանխարգելումը եղել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևոր մաս, ակադեմիական մասն էլ միշտ ցեղասպանությունը պահել է իր ուշադրության կենտրոնում. «Մենք եղել ենք ցեղասպանությունները դատապարտող և դրա դեմ ձայն բարձրացնող առաջին պետություններից մեկը: Միջազգային պայքարում առաջատարի դեր խաղալու համար անհրաժեշտ են շատ ռեսուրսներ՝ մարդկային, գիտական, քաղաքական լծակներ, որոնք այդ պայքարը դարձնում են արդյունավետ: Եթե մեր կողքին կանգնում են Յագլանդի, Օկամպոյի նման մարդիկ, տեսնում ենք նախադրյալներ, որ կարող են փոխել աշխարհում այդ հանցագործության նկատմամբ վերաբերմունքն ու արձագանքը»:
Վ.Սարգսյանի կարծիքով՝ այս տիպի համաժողովներն առաջին հերթին կարծիքների փոխանակման և այդ ոլորտում կարծիք ձևավորողների և քաղաքականություն մշակողների միջև «ժամացույցները շտկելու», դիրքեր համադրելու կարևոր պլատֆորմ են. «Նման համաժողովները կոչված չեն տալ անմիջական արդյունք՝ այս կամ այն ցեղասպանության դեմ պայքարում, բայց դրանք ձևավորում են դաշտ, որտեղ մեր ուժերը միավորվում են և արդյունքում մեր ձայնը դառնում է ավելի լսելի և գործողությունները արդյունավետ: Հետաքրքրությունը շատ-շատ մեծ է, օրինակ՝ պլենար նիստից հետո բոլոր հոգևորականների մասնակցությամբ ընթանում է նաև «Եկեղեցին ընդդեմ ցեղասպնության հացագործության» ժողով: Ֆորումին գրանցվողների թիվը անցել է բոլոր հնարավոր ակնկալիքները, ունենք մոտ 1200 գրանցված մասնակից համաժողովին, որը գրեթե 100%-ն է ուղարկված հրավիրատոմսերի»:
Նա կարևորեց նաև, որ կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ Ցեղասպանության մասին է պատմվում առանց վայրագությունների, առանց դիակների, բայց իրերի միջոցով, որ շատ ցնցող է: