Կառավարությունը հարկային փոփոխություններ է քննարկել
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտ ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքում ներգրավել նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքի իրականացման վայրից: Նախագծի վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արտահայտվել են նոր գաղափարներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ի մի բերել արված առաջարկությունները և երկօրյա ժամկետում ամբողջացնել փաստաթուղթը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը մշակել է օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Նախագծի ընդունման դեպքում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն իրենց ելակետային տվյալները հարկային մարմին կներկայացնեն միայն գործունեությունն սկսելուց առաջ և փոփոխության դեպքում, հայտարարությունը և դիմումները հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն այլևս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ:
Նիստում հավանություն է տրվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» և ևս երկու օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով ակնկալվում է կատարելագործել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները:
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:
Կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա առաջարկել է ներդրումային ծրագրերով, օրենքով նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը 2015թ. հոկտեմբերի 1-ից ներկայիս 3-ի փոխարեն հետաձգել 5 տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագիծը և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: