Ամերիկան վերադարձել է և այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ. Թրամփը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերելքի շրջան է ապրում, և երկիրն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ։
«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ամբողջ աշխարհին Ամերիկայում, երբ մենք նշում ենք փառավոր ազատության և անկախության 250-ամյակը»,- ասել է Թրամփը։
Ըստ նրա՝ երկու ու կես դար անց, ինչ ազատության համար պայքարը դրեց ամերիկյան պետականության հիմքերը, ԱՄՆ-ը կրկին վերելքի մեջ է։
«Ամերիկան վերադարձել է, և այսօր մեր երկիրն ավելի ուժեղ է, քան երբևէ», — հայտարարել է նախագահը։
Թրամփը թվարկել է ԱՄՆ-ի հիմնական առավելությունները։ Ըստ նրա՝ ամերիկյան տնտեսությունը «ամբողջ աշխարհի նախանձի առարկան է», զինված ուժերը շարունակում են մնալ «աշխարհի հզորագույնը», իսկ ամերիկյան տեխնոլոգիաները հավասարը չունեն։
«Մեր էներգետիկան սնուցում է մոլորակը։ Ամերիկան վերելք է ապրում։ Մեր ազգը աճում է, մեր հզորությունն ընդլայնվում է, մեր երկիրը բարգավաճում է ինչպես երբեք, իսկ մեր ապագան շատ, շատ լուսավոր է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև ամերիկյան աշխատաշուկայում դրական փոփոխությունների մասին։ Ըստ նրա՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր մասնավոր հատվածում ստեղծվել է ավելի քան 1 միլիոն նոր աշխատատեղ, իսկ աշխատող ամերիկացիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։
«Պաշտոնը ստանձնելուց ի վեր մենք մասնավոր հատվածում ստեղծել ենք ավելի քան 1 միլիոն նոր աշխատատեղ, և այսօր շատ ավելի շատ ամերիկացիներ են աշխատում, քան երբևէ»,- հայտարարել է Թրամփը։
Նա հայտնել է նաև, որ անցյալ շաբաթ հրապարակվել է մի ցուցանիշ, ըստ որի՝ ԱՄՆ-ում աղքատության մակարդակը հասել է երկրի ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշին։

