«Ժիրայր Սէֆիլյանի կամ Գարեգին Չուգասզյանի կողմից նման հորդոր չկա». Կարո Եղնուկյան
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք ոչ թե ասել ենք՝ կտրականապես չենք միանալու, այլ ասել ենք, որ որպես կառույց՝ «Հիմնադիր խորհրդարանը» դեմ է հացադուլներին և նստացույցերին՝ որպես պայքարի մեթոդ»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանելով օրերս ազատամարտիկների նախաձեռնած հացադուլին միանալու հետ կապված իր հայտարարությունը և այդ հայտարարության արձագանքները՝ նման տեսակետ հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ ի պաշտպանություն ՀԽ կալանավորված անդամների կազմակերպված հանրահավաքի ժամանակ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարել էր, որ իրենք 50 ազատամարտիկներով երկուշաբթի օրվանից Ազատության հրապարակում հացադուլ են սկսում` պահանջելով ազատ արձակել 17 «քաղբանտարկյալներին», որոնց մեջ մտնում են նաև ՀԽ կալանավորված 5 անդամները:
Սակայն ապրիլի 20-ին Ազատության հրապարակում Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը դեռ մենակ է սկսում հացադուլը՝ հաշվի առնելով այն, որ հիմա երկրում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված շատ հյուրեր կան արտասահմանից: Իսկ մյուս ազատամարտիկները նրան կմիանան ապրիլի 25-ից:
Ազատամարտիկների հացադուլի նախաձեռնության վերաբերյալ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ իրենք չեն միանալու հացադուլին, քանի որ դա իրենց «գործելաոճը» չէ: Այս առնչությամբ երեկ Խ. Ավետիսյանը հայտարարեց. «Ես իրենց ծրագրի հետ համաձայն չեմ, ես սա չեմ անում «Հիմնադիր խորհրդարանի» համար, ես սա անում եմ 17 քաղբանտարկյալների համար՝ Շանթն է՝ իր խմբով, Ավետիսյան Վոլոդյան է, Ժիրայր Սէֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը և այլք: Իսկ ինչ վերաբերում է պարոն Եղնուկյանին, դա իր կարծիքն է, իրենք կուզեն՝ կմիանան, կուզեն՝ չեն միանա: Այն տղաներ, որոնք նստած են հիմա՝ Ժիրայրը, Գարեգինը, Պավլիկը, Գևորգը, երևի պայմանավորվել են Եղնուկյանի հետ, թե ինչպես են տանելու պայքարը, թող այդպես էլ շարունակեն»:
Մեզ հետ զրույցում Կ. Եղնուկյանը բացատրեց, որ, լինելով ժողովրդավարական կառույց՝ ՀԽ-ի որևէ անդամ կաշկանդված չէ անձամբ մասնակցել հացադուլի և որևէ ակցիայի. «Մեզ մոտ չկան այդպիսի սովետական կամ կոմունիստական մոտեցումներ, որ կարգադրանք է լինում, և ոչ ոք չի միանում: Ես ասացի և խոսեցի «Հիմնադիր խորհրդարանի» անունից, ոչ թե՝ անդամների կամ աջակիցների անունից, և օրինակ բերեցի, որ նույնիսկ, երբ Պավլիկ Մանուկյանը ձերբակալությունից հետո հայտարարեց, որ ինքը հացադուլ է անում, մենք նրան հորդորեցինք, որ նա դադարեցնի, որովհետև դա վնաս է իր առողջությանը և արդյունք չի ունենալու: Միաժամանակ մենք ողջունում ենք որևիցե մի աջակցություն քաղբանտարկյալների ազատության համար՝ լինի դա հացադուլ, լինի դա կանանց ճակատի ակցիաները կամ ֆեյսբուքյան մի նախաձեռնության, որտեղ մարդիկ շապիկներ են հագնում քաղբանտարկյալների նկարներով և ապրիլի 24-ին պետք է քայլեն Երևանով մեկ: Մենք այդ բոլոր ակցիաները քաջալերում ենք՝ ներառյալ ազատամարտիկների հացադուլը, բայց որպես կառույց՝ մենք գտնում ենք, որ չարժե այդ տեսակ ակցիա անելը, որովհետև դա հետևանք չունի»:
Կ. Եղնուկյանի խոսքով՝ եթե այս իշխանությունները լինեին «նորմալ, մարդկային», այդպիսի հացադուլը կարող էր ունենալ իր նպատակին հասնելու ճանապարհը, բայց ըստ նրա՝ այս իշխանությունները «թքած» ունեն՝ դու հացադուլ կանե՞ս, թե՞ չես անի. «Եվ դու, փաստորեն, քո առողջությունն ես քայքայում, և այդտեղ արդյունքի չես հասնում»:
Հարցին՝ այսինքն՝ «Հիմնադիր խորհրդարանի» յուրաքանչյուր անդամ ամեն պահի կարո՞ղ է միանալ այս հացադուլի նախաձեռնությանը, Կ. Եղնուկյանը պատասխանեց, որ միանշանակ կարող է:
Մեր ճշտող հարցին էլ՝ նման որոշում չկա՞, որ պետք չէ միանալ, Կ. Եղնուկյանն այսպես պատասխանեց.
«Ոչ, չկա նման որոշում, ոչ էլ նման հորդոր կա Ժիրայր Սէֆիլյանի կամ Գարեգին Չուգասզյանի կողմից»: