Բաժիններ՝

Աստղագիտությունը պետական դրոշներում

Աստղահերալդիկան ժողովուրդների մշակույթի մասն է կազմում և մասնավորապես կրում է տվյալ ազգի մշակույթում Տիեզերքի մասին պատկերացումների ազդեցությունը: Կարելի է տարբերել երկու տեսակի պետական և այլ դրոշներ, որտեղ կիրառվում է աստղահերալդիկան. 1) իրական աստղագիտական պատկերներով դրոշներ, երբ աստղագիտական պատկերներն իմաստ են արտահայտում, 2) խորհրդանշական աստղագիտական պատկերներով դրոշներ, երբ դրանք զուտ ձևավորման համար են։ Աստղահերալդիկայի տեսակետից առաջին խումբն ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ կարևորում է հենց աստղագիտական պատկերները, որոնք արտահայտում են կամ տվյալ երկրից դիտվող, կամ տվյալ երկրի համար կարևոր երկնային մարմինները (օրինակ՝ Արեգակը՝ Ճապոնիայի դրոշի վրա, Հարավային Խաչ համաստեղությունը՝ Ավստրալիայի դրոշի վրա), կամ կապված են օրացույցի հետ (մասնավորապես՝ Լուսինը՝ մահմեդական մի շարք երկրների դրոշների վրա)։

Պետական դրոշների վրա ամենահաճախակի հանդիպող երկնային մարմինն Արեգակն է՝ որպես լույսի, ջերմության և կյանքի աղբյուր (Ճապոնիայի դեպքում Արեգակը դարձել է նույնիսկ այդ երկրի խորհրդանիշ՝ որպես ծագող արևի երկիր)։ Այն պատկերված է 17 երկրների դրոշների վրա (Արգենտինա, Բանգլադեշ, Թայվան, Լաոս, Կիրիբաթի, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Ճապոնիա, Նամիբիա, Նաուրու, Նեպալ, Նիգեր, Պալաու, Ռուանդա, Ուրուգվայ, Ֆիլիպիններ)։

1

Մի քանի հարավային երկրներ իրենց պետական դրոշի վրա պատկերել են Հարավային Խաչ համաստեղությունը, որը ճանապարհորդությունների ժամանակ կարևոր դեր է խաղացել աստղերով կողմնորոշվելու համար (Ավստրալիա, Նոր Զելանդիա, Պապուա Նոր Գվինեա և Սամոա)։

Կարդացեք նաև

2

 

Հատկապես «աստղագիտական» է Բրազիլիայի դրոշը, որի վրա սփռված են այդ երկրի նահանգները և դաշնային մարզը ներկայացնող 27 աստղեր, ընդ որում, աստղի պայծառությունը համապատասխանում է նահանգի չափերին։ Դրանք պատկերում են հետևյալ 9 համաստեղությունները․Կարիճ (8 աստղ, ներառյալ α Sco՝ Անտարեսը), Կույս (α Vir՝ Սպիկան), Հարավային Եռանկյուն (միանման 3 աստղ), Հարավային Խաչ (5), Հիդրա (2), Մեծ Շուն (5 աստղ, ներառյալ երկնքի ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը), Ողնուց (երկնքի երկրորդ ամենապայծառ աստղը՝ Կանոպուսը), Փոքր Շուն (α CMi` Պրոցիոնը) և Օկտանտ (երկնքի հարավային բևեռին ամենամոտ աստղը՝ s Oct)։

3

Դրոշի ստեղծողները ցանկացել են ներկայացնել Ռիո դը Ժանեյրոյի երկնքում Բրազիլիայի Հանրապետության հռչակման օրը՝ 1889թ․ նոյեմբերի 15-ին, երևացող աստղերը։ Այդ պահին Հարավային Խաչ համաստեղությունը, Ռիո դը Ժանեյրոյից դիտելիս՝ գտնվում էր ամենաբարձր կետում՝ միջօրեականում, և խաչի երկար թևն ուղղաձիգ դիրքում էր, ինչպես պատկերված է դրոշի վրա։ Հատկանշական է, որ ամբողջ պատկերը հայելային է՝այնպես, ինչպես երկինքը կերևար աստղերի վերևից Բրազիլիային նայելիս՝ անվերջ մեծ հեռավորությունից։ Կույսի Սպիկան սպիտակ շերտից վեր պատկերված միակ աստղն է և խորհրդանշում է հյուսիսային կիսագնդում գտնվող Բրազիլիայի միակ նահանգը՝ Պարան։ Օկտանտի s-ն միակ անշարժ աստղն է հարավային երկնքում, քանի որ այն գտնվում է հարավային բևեռում, և երկնակամարը պտտվում է դրա շուրջ։ Այն խորհրդանշում է Բրազիլիայի միության մեջ Դաշնային Մարզի կայունությունը։ Նշենք նաև, որ սպիտակ շերտը նույնպես աստղագիտական իմաստ է կրում․ այն համապատասխանում է երկնքում Արեգակի տարեկան թվացյալ տեղաշարժին և, փաստորեն, ներկայացնում է խավարածիրը։ Այդ շերտի մեջ են ընկած Կենդանակերպի համաստեղությունները, որոնցից երկուսը՝ Կույսն ու Կարիճը, Բրազիլիայի դրոշի 9 համաստեղությունների թվում են։

6

Աստղագիտական պատկերներ   կան ևս 62 երկրների պետական դրոշների վրա։ Դրանց մեջ կարելի է առանձնացնել Լուսնի պատկերով դրոշները, որոնք, որպես կանոն, մահմեդական երկրներին են պատկանում, և դրանցում նախկինում կամ հաճախ՝ մինչ այսօր օգտագործվող, լուսնային օրացույցն են խորհրդանշում՝ Ադրբեջան, Ալժիր, Թունիս, Թուրքիա, Թուրքմենստան, Լիբիա, Մավրիտանիա, Պակիստան, Ուզբեկստան։ Որպես կանոն, այդ դրոշների վրա, կիսալուսնի հետ մեկտեղ, պատկերված է մեկ կամ մի քանի աստղ։ Այդ տեսակետից կարելի է նշել, որ աստղահերալդիկան իր արտացոլումն է գտել ոչ միայն ժողովուրդների մշակույթում, այլև կրոնում, քանի որ քրիստոնյա և մահմեդական երկրների դրոշները մեծամասամբ այդ խորհուրդն են կրում։

Մյուս երկրների պետական դրոշների դեպքում աստղագիտական պատկերները զուտ խորհրդանշական են և աստղագիտական իմաստ չեն արտահայտում, թեև շատ դեպքերում որևէ այլ խորհրդանշական իմաստ արտահայտվել է պարզապես աստղերի պատկերներով։ Օրինակ, ԱՄՆ դրոշի յուրաքանչյուր աստղ մեկ նահանգ է ներկայացնում: Չինաստանի դրոշի մեծ աստղը խորհրդանշում է Կոմունիստական կուսակցությունը, իսկ 4 փոքր աստղերը՝ սոցիալական դասերը, որոնց այն միավորում է։ Հոնդուրասի դրոշի 5 աստղերը ներկայացնում են Կենտրոնական Ամերիկայի 5 երկրները՝ Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր, որոնք մի ժամանակ դաշնային հանրապետություն էին կազմում։ Տուվալուի պետական դրոշի աստղերն այդ երկրի կղզիներն են ներկայացնում, ընդ որում՝ նրանց ճիշտ աշխարհագրական դասավորությամբ։

7

Նյութը հրապարակման պատրաստեց Սոնա Ֆարմանյանը

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս