Բաժիններ՝

Որտե՞ղ են Հայաստանի լավագույն դպրոցականները

Աստղագիտության զարգացումն ապահովելու և աստղագիտական գիտելիքների տարածման նպատակով դպրոցականների համար ստեղծված է Միջազգային Աստղագիտական օլիմպիադա՝ որպես երեխաների և երիտասարդության մեջ բնագիտական իմացությունների տարածման ձև, ինչպես նաև՝ տաղանդավոր երեխաների բացահայտման հնարավորություն։

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, ԵՊՀ-ին կից Երևանի Ալ. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աստղագիտության խմբակի և Միջազգային աստղագիտական օլիմպիադաներում հայկական թիմի ղեկավար Մարիետա Գյուլզադյանի խոսքով՝ աստղագիտական օլիմպիադաներն ի սկզբանե ուղղված են լրացուցիչ կրթությանը։ Աստղագիտական օլիմպիադաները և դրանց նախորդող ուսուցումն ամբողջ դպրոցական կրթության կարևորագույն ուղեցույցն է, որը չափազանց կարևոր է մարդու աշխարհայացքի ձևավորման համար։

olimpiada (3)Մինչև 2014թ. հայ դպրոցականները Աստղագիտության միջազգային օլիմպիադաներից վերադարձել են՝ բերելով 9 ոսկե, 5 արծաթե և 19 բրոնզե մեդալ։ Չնայած այն փաստին, որ վերջին տարիներին այդ առարկան միացվեց ֆիզիկային և այժմ դասավանդվում է միայն միջին դպրոցի 9-րդ դասարանի վերջին քառորդում, հայ դպրոցականները լավագույն արդյունքները շարունակում են ցուցաբերել հենց աստղագիտական օլիմպիադաներում։

Մ. Գյուլզադյանը ցավով նշեց, որ նախկին օլիմպիականների մեծ մասն այսօր հանրապետությունում չեն։ Նրանցից ոմանք ունեն արդեն լավ աշխատանք այլ երկրներում, մյուսները սովորում են, այդ թվում՝ իրենց մագիստրոսական կամ դոկտորական թեզն են անում աշխարհի այնպիսի լավագույն համալսարաններում, ինչպիսիք են Սթենֆորդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Բերքլիի համալսարանը, Չիկագոյի համալսարանը, և այլն։

Կարդացեք նաև

olimpiada (4) olimpiada (2)

Հիշեցնենք, որ Հայաստանում Դպրոցականների հանրապետական աստղագիտական I օլիմպիադան անց է կացվել 1976թ.-ին, 2015թ. անցկացվեց 21-րդ օլիմպիադան (1999թ.-ից օլիմպիադան ներառվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության օլիմպիադաների ցանկում և անցկացվում է ամեն տարի)։ Հայաստանում Օլիմպիադային կարող են մասնակցել դպրոցների 9-12-րդ դասարանների (14-17 տարեկան) աշակերտները։ Ներկայումս աստղագիտության գծով անցկացվում է երկու միջազգային օլիմպիադա. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային առաջիկա օլիմպիադան տեղի կունենա օգոստոս ամսին՝ Ինդոնեզիայում, իսկ Միջազգային աստղագիտական օլիմպիադան` սեպտեմբերին՝ Ռուսաստանում:

 Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս