Բաժիններ՝

«Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը»

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո՝ ի նշանավորումն ԻԿՕՄՕՍ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձի:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստանի հետ միասին, միանալով ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը նշելու կարևոր առաքելությանը, մի շարք միջոցառումների շարքում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, կիրականացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ «Արևմտյան Հայաստանի  ուրարտական ժառանգությունը» խորագրով:
Հայկական հուշարձանների մի զգալի մաս` հազարավոր եկեղեցիներ, վանքեր եւ ճարտարապետական, հնագիտական ժառանգության հոգևոր ու աշխարհիկ՝ այդ թվում ուրարտական ժամանակաշրջանի արժեքներ, գտնվելով Արևմտյան Հայաստանում/Թուրքիա/, հայ ժողովրդի տարհանման և զանգվածային ջարդերի ժամանակ ամբողջությամբ ավերվել, վնասվել կամ հասցվել է անմխիթար վիճակի:

Նկատի ունենալով Մեծ եղեռնի հետևանքով նաև ուրարտական ժառանգությունը մեծապես վնասելու և կորստյան մատնելու իրողությունը՝ ցուցահանդեսը կուղեկցվի Արևմտյան Հայաստանի ուրարտական հուշարձանների լուսանկարներով և տեղեկատվական պաստառներով: Ցուցահանդեսում, մասնավորապես, կներկայացվեն Պատմական Հայաստանի ուրարտական հուշարձանները՝ ամրոց-բնակավայրերը /Տուշպա, Հայկաբերդ, Այանիս/, բացօթյա ծիսապաշտամունքային համալիրները /Մհերի Դուռ, Հազինե Փիրի, Աշոտակերտ, Գանձադուռ/ և հայկական եկեղեցիները, որտեղ գտնվել են ուրարտական սեպագիր արձանագրություններ /Վարագավանք, Արծվաբերդ, Աղթամարի Սբ Խաչ և այլն/: Հուշարձաններ, որոնք տարբեր ժամանակներում պեղվել և ուսումնասիրվել են հայ և օտարազգի ականավոր հնագետների կողմից, որոնց մեկնությունն ու հանրայնացումը, սակայն, մինչ օրս լիարժեք չէ: Ցուցահանդեսի խորհուրդն է՝ իրազեկ դարձնել հայ, ինչպես և այլազգի մշակութասեր հասարակությանը Պատմական հայրենիքում գտնվող և մեր ժառանգության անքակտելի մասը կազմող ուրարտական հուշարձանների մասին՝ նպաստելով դրանց ճանաչելիությանը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում, ապրիլի 18-ին ժամը՝ 14:00-ին: Ցուցահանդեսը կգործի մինչև 2015թ. մայիսի 30-ը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս