Բաժիններ՝

Միքայել Մելքումյանը նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ին փոխանցեց իր նամակը, որն ուղարկել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասված է՝.

«Մեծարգո պարոն Վարչապետ

2015 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քննարկվեց իմ կողմից հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-744-26.03.2015-Տ Հ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եզրակացություն տալու մասին հարցը և հաստատել վերջինիս ոչ նպատակահարմարությունը:

Նախ և առաջ, ցանկանում եմ արձանագրել, որ օրենքի ընդունման նպատակը տնտեսավարող որոշ սուբյեկտների գործունեությունը խթանելը և առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների (հաց, հացամթերք, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք, ձու) նկատմամբ պահանջարկի խթանումն է, մասնավորապես՝ նախագծի հիմնավորմամբ ներկայացվում է հետևյալը՝ «Հաշվի առնելով հայրենական ապրանքարտադրողների գործունեության խթանման եւ հանրապետության ապրանքային շուկաներում տեղական արտադրության եւ սոցիալական բնույթի մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկի ընդլայնման անհրաժեշտությունը՝ սույն նախագծով առաջարկվում է սահմանել ավելացված արժեքի նոր՝ նվազեցված՝ 15 տոկոս դրույքաչափ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքի, մասնավորապես՝ հաց, հացամթերք, միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք, ձու ապրանքախմբերի  համար», որում օրենսդրական նախաձեռնության հիմնական դեմ փաստարկ ներկայացվող գների սպասվող իջեցման մասին նշված չէ, սակայն եթե որպես հետևանք դա լինի՝ ավելի լավ:

Կարդացեք նաև

Հարկ ենք համարում նշել հետևյալը՝

1. Հաշվի առնելով այն փաստը, որ օրենքի նախագծում նշված առաջին անհրաժեշտության սննդամթերքի ապրանքային շուկաները (հաց, հացամթերք, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք, ձու) պահանջարկի սովորական գնային ճկունության շուկաներ չեն, այդ ապրանքների պահանջարկի փոփոխությունը չի կարող բնորոշվել գնային համարժեք ճկունությամբ, այսինքն՝ գների բարձրացումը (կամ իջեցումը) չի կարող համարժեքորեն հանգեցնել պահանջարկի համարժեք իջեցմանը (կամ բարձրացմանը): Հետևաբար՝ ներկայացվող հակափաստարկը   տնտեսագիտորեն և գործնականորեն համարժեք չէ օրենքի նախագծի տրամաբանությանը և ակնկալիքներին:

2. Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններն իրենց հիմքում ունեն նաև միջազգային փորձ: Օրինակ՝ ՌԴ-ում կիրառվում է ԱԱՀ տարբերակված դրույքաչափ՝ 18%, 10% և 0% չափով, ընդ որում՝ 10% (նախագծում նշված 15%-ի փոխարեն) դրույքաչափ կիրառվում է ոչ միայն սննդամթերքի՝ նախագծում նշված տեսակների, այլև ավելի լայն ապրանքացանկի նկատմամբ՝ սննդամթերք, մանկական նշանակության ապրանքներ, դեղորայք, գրենական պիտույքներ և այլն: Բացի այդ՝ ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրներում ԱԱՀ դրույքաչափը ցածր է ՀՀ-ում կիրառվող դրույքաչափերից: Օրինակ՝ Բելառուսում սննդամթերքի մի շարք տեսակների համար այն կազմում է 0%, Ղազախստանում հիմնական ապրանքների համար ԱԱՀ-ն 12% է, Ղրղզստանում՝ ևս 12%, Տաջիկստանում 18% և միայն Ուզբեկստանում՝ 20%:

3. Համաձայն ենք եզրակացությունում բերված այն օրինակի հետ, թե հացի արտադրության մեջ օգտագործվող ալյուրը, էլեկտրաէներգիան, գազը, ջուրը և այլ նյութերը շարունակելու են հարկվել ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով, սակայն, միաժամանակ հարկ է նշել, որ այդ և նմանատիպ արտադրությունների կազմակերպման ընթացքում գնագոյացման գործընթացը ներառում է նաև այլ ծախսեր, ինչպիսիք են աշխատավարձը, մաշվածությունը, վարչական և ֆինանսական ծախսերը, ինչպես նաև տնտեսավարողի առևտրային վերադիրը, որոնց նկատմամբ ԱԱՀ չի հաշվարկվում: Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ տվյալ արտադրությունների գնագոյացման շղթայի զգալի մասը զերծ է ավելացված արժեքի հարկից և գործնականում ուսումնասիրությունները վկայում են, որ անգամ 15 տոկոս դրույքաչափի կիրառության պարագայում իրացումից (կրեդիտային) ԱԱՀ-ն գերազանցելու է տվյալ արտադրության կազմակերպման համար հաշվանցված ԱԱՀ-ի գումարը, որն էլ, ԱԱՀ-ի հաշվանցման ոչ ենթակա գումարների և դրանց՝ շրջանառության ծախսերին միացման խնդիր չի առաջացնելու: Եզրակացությունում նշված այն միտքը, թե նախագծի ընդունումը կբերի ԱԱՀ դեբետային մասի գերազանցման կրեդիտային մասին, կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ վերջնական գինը ձևավորվի բացառապես ԱԱՀ-ով ձեռք բերվող հումք, նյութերի, էներգակիրների և այլնի հանրագումարով, սակայն գործնականում գնի մեջ ներառվում են նաև աշխատավարձի, մաշվածության, վարչական ծախսերի, ֆինանսական ծախսերի հոդվածներն ու վերջապես շահույթը, որոնք չեն մասնակցում ԱԱՀ դեբետագրմանը:

4. Ավելին՝ օրենքի նախագծում նշված սննդամթերքի տեսակների արտադրությունում հումքի մեծ մասը (հատկապես՝ ցորեն կամ ալյուր, միս, կաթ) ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից, ովքեր ազատված են ԱԱՀ-ից, հետևաբար ԱԱՀ դեբետագրման հնարավորություն երբեմն չի էլ առաջանում:

5. Օրենքի նախագծով նախատեսվում է ոչ միայն նպաստել նշված ապրանքների պահանջարկի ընդլայնմանը, այլև այդ ոլորտի ձեռնարկությունների հարկային բեռի նվազեցմանն ու նրանց գործունեության խթանմանը:

Պարո՛ն վարչապետ,

Իրականացվող հարկային քաղաքականությունը, այդ թվում՝ վարչարարությունը պետք է միտված լինի ինչպես տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանմանը, պետության շահերի պաշտպանությանը, այնպես էլ հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը, իսկ դա նշանակում է, որ պետության և տնտեսության կայացման և զարգացման առանձին ժամանակահատվածներում մենք պետք է առաջ շարժվենք առավել ճկուն և միջազգային պրակտիկայում ընդունելի մոտեցումներով, ինչը և ներկայացված է սույնով շարադրված գրության մեջ»:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ՀՀ ԱԺ ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս