ԵՄ-ն աշխատում է իր հարևանության քաղաքականության այժմեականացման վրա. Հահն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալութան փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով պետնախարար Յոհաննես Հահնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսը հույսեր է կապում տնտեսական խնդիրների նկատմամբ «Արևելյան գործընկերության» վերակողմնորոշման հետ.
«Մենք Բելառուսում «Արևելյան գործընկերությունը» տեսնում ենք վերաձևավորման հեռանկարում և կցանկանայինք, որ այն սովորական քաղաքականությունից հանգեր ավելի կոնկրետ համագործակցության: Անհրաժեշտ է ամեն կերպ զարգացնել հարաբերությունները ոչ թե՝ որևէ մեկի դեմ, այլ՝ գործընկերության համար»:
Լուկաշենկոն մանրամասնել է, որ նկատի ունի Ռուսաստանն ու Չինաստանը: Լուկաշենկոն հավելել է, որ տվյալ նախաձեռնությունն առաջ է քաշվել եվրոպական մայրցամաքի անվտանգության համար: Բելառուսի առաջնորդն ընդգծել է վերջին շրջանում Բելառուսի ու ԵՄ-ի միջև երկխոսության ակտիվացումը: Նրա խոսքերով՝ ի հայտ են եկել համագործակցության նոր ուղղություններ:
Հահնն իր հերթին՝ հայտարարել է, որ ներկայումս ԵՄ-ն աշխատում է հարևանության քաղաքականության այժմեականացման վրա: Դրա հետ կապված՝ նա հայտարարել է, որ առանցքային ասպեկտը «Արևելյան գործընկերության» յուրաքանչյուր երկրի նկատմամբ անհատական մոտեցումն է. «Մենք պետք է իմանանք մեր հարևանների շահերն ու դրանք համադրենք ԵՄ-ի շահերի հետ»: